Սակայն պատահական անցորդների սպանությունը կարող է քողարկել թուրքական բանակի եւ անվտանգության ուժերի ընկրկումը բախումներում
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Օգոստոսի 20-ինՙ Ռամադանի եռօրյա տոնի առաջին օրը, երբ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ներկայացուցիչները Անկարայում շնորհավորում էին մյուս կուսակցություններինՙ շրջանցելով քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը, երեկոյան Գազիանթեպի (Այնթապ) կենտրոնում որոտում է հզոր պայթյուն:
Թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբՙ պայթյունը իրականացվում է ոստիկանատան մոտակայքում, ականված ավտոմեքենան հեռահար կառավարմամբ պայթեցնելու միջոցով: Նախորդ համարում «Ազգը» անդրադարձել էր միջադեպին, ներկայացնելով տուժածների մասին նախնական տվյալներ: Նախնական էին նաեւ թուրքական հանրայինի տվյալները: Հաջորդ օրը փոխվարչապետ եւ պետնախարար Բեշիր Աթալայը ճշտեց տուժածների թիվը: Ըստ Աթալայի, պայթյունի հետեւանքով քաղաքում զոհվել է 9 մարդ, 69 վիրավորվել է: Վիրավորվածներից 17-ի վիճակը ծանր է, 4-ը վերակենդանացման բաժնում են:
Թեեւ որեւէ կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել, ոչ էլ Աթալայն է կազմակերպության անուն նշել, սակայն թուրքական զանգվածային լրատվամիջոցները առանց հապաղելու պայթյունը բարդեցին «ահաբեկչական կազմակերպության», այսինքնՙ PKK-ի վրա: Այս առումով հատկանշական են թուրքական կենտրոնական թերթերը: Դրանցից կառավարամետ «Ենի Շաֆաքը» Գազիանթեպի պայթյունը լուսաբանել է «Ահաբեկչությունը թիրախ դարձրեց երեխաներին», «Թարաֆը»ՙ «Տոնի օրերին կոտորած Անթեպում», «Վաթանը»ՙ «Անիծյալ լինեք դուք», «Աքշամը»ՙ «Կոտորած հեռահար կառավարմամբ», իսկ «Հյուրիեթը»ՙ «PKK-ն նորից խաղաղ բնակչության կոտորած է սարքում» վերնագրերով:
Վերնագրերից ակնհայտ է դառնում, որ թուրքական թերթերը Գազիանթեպի պայթյունը համարելով ահաբեկչություն, ուղղակի կամ անուղղակի վերագրում են PKK-ին: Մինչդեռ ահաբեկչական յուրաքանչյուր գործողություն իրականացվում է որեւէ հարցի վրա հասարակական կարծիքի, ինչպես նաեւ միջազգային հանրության ուշադրությունը բեւեռելու նպատակով:
Դա ինքնանպատակ չի լինում: Այդ իսկ պատճառով էլ գործողությունից հետո իրականացնող կազմակերպությունը պարտադիր ստանձնում է դրա պատասխանատվությունն ու ստանձնման մասին ի լուր աշխարհի հայտարարում: Այլապես անիմաստ կդարձնի իր իսկ իրականացրած գործողությունը: PKK-ն պայթյունի համար պատասխանատվություն չի ստանձնել, ոչ էլ նրա տեսանկյունից իմաստ ունի առանց թիրախը ճշտելու պայթյուն կազմակերպելը քրդաբնակ Գազիանթեպում, որ թիրախ դառնան պատահական անցորդները: Նա դրանով ընդամենը իր վրա կգրավի խաղաղ բնակչության զայրույթը, կդառնա ատելության թիրախ, ինչը պետք է շահագրգռի հենց թուրքական պետությանը:
Ինչո՞ւ: Մինչ հարցին պատասխանելը նշենք պայթյունի առնչությամբ «Ափոյի ֆիդայիների բանակի»` HPG-ի կենտրոնակայանի հրամանատարության օգոստոսի 21-ին տարածած հաղորդագրության մասին: Քուրդ ժողովրդին եւ Թուրքիայի հասարակական կարծիքին հասցեագրված հաղորդագրության տեքստում, որը հրապարակել է PKK-ին հարող Firatnews.com կայքը, ասված է. «Օգոստոսի 20-ին Անթեպի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել: Ե՛վ թուրքական պետության ղեկավարները, ե՛ւ համանուն մամուլը ջանում են պայթյունը բարդել մեր շարժման վրա: Մեր ստորաբաժանումները որեւէ առնչություն չունեն պայթյունի հետ: Հասարակական կարծիքն ու մեր ժողովուրդը պետք է իմանան, որ մենք խաղաղ բնակչության դեմ որեւէ գործողություն չենք իրականացնում: Մեր ստորաբաժանումներն արդեն ենթարկվում են «Քուրդիստանի հանրությունների միության»ՙ KCK-ի տոնի օրերին բախումներից խուսափելու կոչին: Տոնի ընթացքում մեր ուժերը որեւէ այլ քայլ չեն ձեռնարկել, բացի ռազմական գործողություններին (թուրքական անվտանգության ուժերի ձեռնարկած) դիմակայելուց»:
Կարելի՞ է հավատալ PKK-ին կից կառույցներից HPG-ի հաղորդագրությանը: Ըստ երեւույթինՙ այո: Խնդիրն այստեղ սոսկ խաղաղ բնակչության շրջանում, այն էլ մեծապես քուրդ, PKK-ի նկատմամբ ատելություն սերմանելու միջոց հանդիսացող պայթյունի թուրքական պետական իշխանություններին ձեռնտու լինելու հանգամանքը չէ, այլ սկսած օգոստոսի 15-ից Հաքքյարիում, Շըրնաքում եւ Դերսիմում «ահաբեկիչների» դեմ թուրքական զինված եւ անվտանգության ուժերի լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքը, որը թերեւս պայմանավորել են Թուրքիայի դեմ PKK-ի գլխավորած քրդական զինյալ պայքարի 28-րդ տարեդարձն ու Հյուսիսարեւելյան Սիրիայի քաղաքական զարգացումները:
Օգոստոսի 16-ին «Ազգը», անդրադառնալով տարեդարձին, որը լրացել էր նախորդ օրը, նշել էր, որ երկրի քրդաբնակ շրջաններում, մասնավորապես Հաքքյարիում, Շըրնաքում եւ Ջիզրեում, այդ թվում նաեւ Դերսիմում քուրդ երիտասարդությունը խանդավառությամբ պայքարի մեջ է մտել թուրքական անվտանգության ուժերի հետ: Օգոստոսի 15-21-ը, թուրքական էլեկտրոնային մամուլի խոստովանությամբ, սպանվել է 17 զինծառայող, 9ՙ հենց Գազիանթեպի պայթյունի օրը, մահացել է զրահամեքենայի վթարից: Մահացածների համար հաջորդ օրը ցավակցություն է հայտնել վարչապետ Էրդողանը, չմոռանալով նաեւ պայթյունի զոհերին:
Օգոստոսի 15-20-ը սպանված զինծառայողների թիվը, ըստ Firatnews.com կայքի, 34 է, չհաշված երեք ոստիկանի եւ զրահապատ մեքենայի այսպես կոչված վթարի 9 զոհերին: ԱՆկախ տվյալներից, եթե PKK-ն օգոստոսի 15-ից կարողացել է մինչեւ օրս դիմակայել թուրքական զինված եւ անվտանգության ուժերին, բանակի լայնամասշտաբ գործողությունների պայմաններում բախման մեջ մտել նրանց հետ, կազմակերպելով քրդաբնակ քաղաքներում հարձակումների ոստիկանատների, կայազորների եւ զորանոցների վրա, կնշանակի բախումների ընթացքը ամենեւին էլ Թուրքիայի օգտին չէ:
Այլ կերպ, թուրքական անվտանգության ուժերը քաղաքներում ընկրկում են քուրդ երիտասարդության, իսկ զինված ուժերըՙ բնակավայրերից դուրս, սարերում PKK-ի գրոհայինների առջեւ: Գազիանթեպի պայթյունը, ինչ խոսք, չի փոխի բախումներիՙ Թուրքիայի համար անբարենպաստ ընթացքը: Սակայն պայթյունի հետեւանքով պատահական անցորդների սպանությունը կարող է քողարկել PKK-ի առջեւ թուրքական բանակի եւ անվտանգության ուժերի ընկրկումն ու PKK-ի հանդեպ խաղաղ քուրդ բնակչության զայրույթն առաջացնել, եթե, իհարկե, քրդերը կուլ տան խայծը: