ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը երեկ հանդես է եկել «Բանկային սանկցիաները շրջանցելու Իրանի հույսը Հայաստանն է» վերնագրով հրապարակմամբ, որտեղ մասնավորապես այն տեսակետն է արտահայտել, որ «Իրանի դիվանագիտական քայլերը Հայաստանի ուղղությամբ վկայում են, որ միջազգային սանկցիաների տակ կքած իսլամական այս հանրապետությունն իր բանկային համակարգի եւ բիզնես բնագավառների ընդլայնման հարցում մեծ հույսեր է կապում Հայաստանի Հանրապետության հետ»:
Հրապարակման մեջ նշվում է, որ «Իրանի հետ առեւտրային սերտ կապեր ունեցող եւ դեպի Եվրոպական միություն ձգտող Հայաստանը կարող է օժանդակել Թեհրանինՙ օտարերկրյա գործընկերների հետ փողային տրանսֆերներ անելու հարցում եւ ավելի դյուրին դարձնել այդ փողային գործարքները միջազգային հետախուզական ծառայություններից թաքցնելու գործընթացը»:
Նշելով, որ հայ պաշտոնյաները հերքում են Իրանի հետ ապօրինի գործարքների առկայությունը, Reuters-ը վկայակոչում է Միացյալ Նահանագների` Իրանի նկատմամբ պատժամիջոցների հարցով հանձնախմբի ներկայացրած զեկույցը, որտեղ ասվում է, որ Իրանին բանկային գործարքների իրականացման օժանդակության հարցում ամենահարմար երկիրը Հայաստանն է, որը սահմանակից է Իրանին եւ որի «օրենսդրությունն ունի մի շարք թերություններ, որոնք թույլ կտան շրջանցել օրենքը»: Թե ի՞նչ օրենսդրական թերություններ են դրանք եւ ո՞ր օրենքՆ է շրջանցվում, հոդվածում չի ասվում:
Reuters-ի հրապարակման մեջ կան նաեւ որոշ սխալ տեղեկություններ` Հայաստանի բնակչության թիվը նշվում է 3,3 մլն, իսկ արդեն գործող Իրան-Հայաստան գազամուղի մասին նշվում է, որ նրա շինարարությունը կավարտվի 2014-ին:
Հայաստանի բանկերի միության ղեկավար Աշոտ Օսիպյանը , «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը գործակալության թղթակցի հետ զրույցի ժամանակ հերքել են Իրանին ֆինանսավորելու մասին լուրերը: Reuters-ը տեղեկացնում է, որ համաձայն արեւմտյան հետախուզական գործակալությունների զեկույցի, բանկային համագործակցության հարցում Իրանի թիրախը հենց հայկական «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկն է:
Ինչ վերաբերում է Հայաստանում գործող իրանական «Մելլաթ» բանկին, ապա, Հայաստանի ԿԲ պաշտոնյայի խոսքերը վկայակոչելով, գործակալությունը հայտնում է, որ «Մելլաթ»-ը կտրված է ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ այլ երկրների ֆինանսական շուկաներից եւ, ըստ էության, չի համագործակցում հայկական այլ բանկերի հետ: «Մելլաթ»-ի հայկական մասնաճյուղն այլեւս չի կարող ստանալ կամ ուղարկել միջազգային փոխանցումներ, բանկի հաճախորդները հիմնականում իրանցիներ են, ովքեր Հայաստանում բիզնես ունեն, հայեր, որոնք Իրան ապրանք են արտահանում, ինչպես նաեւ իրանցի ու Իրանի հայազգի քաղաքացի ուսանողներ:
Այդուհանդերձ, գործակալությունը նշում է, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսին Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նույնպես անդրադարձել է այս հարցին եւ ԱՄՆ-ի մտահոգություններըՙ Հայաստանի եւ իրանական բանկերի պատժամիջոցների վերաբերյալ, նոր չեն, եւ այդ մասին տեղեկություններ եղել են նաեւ WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերում:
Ի՞նչ է ասում Հայաստանի կենտրոնական բանկը
Reuters-ի հրապարակման կապակցությամբ, այն երկար «շուռումուռ տալուց» հետո, հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ կենտրոնական բանկը: Ընդ որում, հայտարարության առաջին տարբերակը, այն հրապարակելուց հետո, չեղյալ համարեց, ապա նոր տարբերակը տարածեց:
«Կենտրոնական բանկը խստագույնս հետեւում է Հայաստանի ֆինանսական կայունությանը վտանգող ցանկացած երեւույթներին» վերանգրով հայտարարության մեջ նշվում է.
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ եւ բանկերի ներքին իրավական ակտերի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջին հերթին պարտադրում է բանկերին եւ այլ ֆինանսական կազմակերպություններին իրականացնել բոլոր գործարքների մանրամասն ուսումնասիրությունՙ թույլ չտալու համար միջազգային հանրության կողմից ընդունելի չհամարվող գործառնություններում ներգրավումը:
«Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն Հայաստանում գործում է դեռեւս 1996թ.-ից, բանկի հաճախորդները հիմնականում Իրան-Հայաստան առեւտրաշրջանառության մեջ ներգրավված փոքր եւ միջին ձեռնարկատերեր են, զբոսաշրջիկներ, ուսանողներ: Բանկի գործառույթները եւ ակտիվների մեծությունը վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ նվազել են (բանկի ակտիվները 2010թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2012թ.-ի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում նվազել են ավելի քան 2 անգամՙ 88 մլն ԱՄՆ դոլարից կազմելով 40 մլն ԱՄՆ դոլար). բանկը չունի որեւէ թղթակցային հաշիվ ինչպես եվրոպական եւ ամերիկյան բանկերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի հետ:
Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերը չունեն թղթակցային հարաբերություններ նաեւ Իրանում գրանցված բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների հետ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շարունակելու է խստագույնս հետեւել հայաստանյան բոլոր ֆինանսական կառույցների եւ նրանց հաճախորդների վարքագծին եւ իրականացվող գործառույթներինՙ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը զերծ պահելու համար կայունությանը վտանգող ցանկացած երեւույթներից»:
Մնում է միայն հույս հայտնել, որ Հայաստանի բանկերից ոչ մեկում չեն հայտնաբերվի կասկածելի հաշիվներ կամ գործարքներ եւ հայկական ոչ մի բանկ չի ընկնի ԱՄՆ-ի սանկցաների ծանր հարվածների տակ: