«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2012-08-18 | #142, 2012-08-21 | #143, 2012-08-22


ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ «ԱՔԻԼԼԵՍԻՆ»

Բոլոր թերահավատներին հավատացնում եմ, որ կառավարությունը անպայման կհավաքի 2012 թ. բյուջեի լրացուցիչ 1 միլիարդ դրամը

Այդ 1 միլիարդից շատ ավելին մի քանի ամսում արդեն մուտքագրվել է պետական գանձարան, բայց ոչ թե հարկատուներից, այլՙ ավտովարորդներից:

Չե՞ք հավատում: Մտեք որեւէ բանկ եւ հատկապես փոստային բաժանմունք եւ կհամոզվեք: Այնտեղ դուք կտեսնենք հերթի կանգնած կարգազանց վարորդներին, որոնք ավելի շատ են եւ ավելի շատ են մուծում (10 հազ. դրամից մինչեւ մի քանի 100 հազար), քան պարտաճանաչ կոմունալ ծախսերը մուծող քաղաքացիները: Իմ ձեռքին է մայիս ամսվա 10-հազարանոց ակտերից մեկը, որի հերթական համարի թվերը անցնում է մեկուկես միլիարդից (հիմա արդեն 2 միլիարդը անցած կլինի): Հետեւաբար դեռ գարնանը մեկուկես միլիարդ խախտում են արձանագրել տեսախցիկները: Իսկ եթե այդ թիվը բազմապատկենք միջինը 10 հազար դրամով, կստացվի մի ահռելի գումար: Հիմա կասեք, թե այդ գումարների մի մասը չէ՞ որ տալիս են տեսախցիկների տերերին: Մի անհանգստացեք: Այդ գումարները այնքան շատ են, որ կհերիքեն նույնիսկ ուրիշ տերերի:

Աստծո սիրուն, չկարծեք, թե դեմ եմ կարգազանց վարորդների տուգանքներին: Ոչ, իհարկե ոչ: Կարգազանցներին պետք է ոչ միայն տուգանել, այլեւ նրանց մի մասին ընդհանրապես պետք է զրկել ավտոմեքենա վարելուց, որոշ դեպքերում էլ մեկուսացնել հասարակությունից:

ԵՍ ԴԵՄ ԵՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՈՑԱԽԱՂԻՆ, ՄՏԱՑԱԾԻՆ ԵՎ ՃԱՐՊԿՈՐԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԲԵՄԱԴՐԵԼՈՒՆ, ՏԵՂԻ-ԱՆՏԵՂԻ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅԱՆԸ:

Այսպես կոչված խստացումները գրեթե չեն նպաստում փողոցային երթեւեկության եւ դժբախտ դեպքերի կարգավորմանը: Նրանք ավելի են շատացել եւ հանդուգն դարձել: Փող ունեցողները ուղղակի շպրտում են դրամը, իսկ չունեցողները բարկությունից լարվում են եւ նյարդանանում, կորցնում մեքենան հանգիստ վարելու ունակությունը եւ վթարի պատճառ դառնում:

Պետք է միշտ հասկանալ, որ փող հավաքելով (խցիկներով, թե ավտոմեքենայով) երբեք չեն կանխվի խախտումները: Շատերը ճանապարհային ոստիկանությանը համարում են օրենքով հաստատված ռեկետչիկներ: Ինչո՞ւ չենք վերցնում Վրաստանի լավ օրինակը, ինչո՞ւ ենք պահում ճանապարհային ոստիկանությունը, բյուջեի եւ որոշ մարդկանց համար փող հավաքելու նպատակո՞վ: Բերեմ ընդամենը մեկ օրինակ արդեն նշանավոր դարձած Ռուբինյանց փողոցից (դա Զեյթունի նախկին տրամվայի պտույտի փողոցն է), որտեղ փառահեղորեն կանգնած է Հայաստանի ամենաաղքատ մարդու բազմաթիվ առեւտրի պալատներից մեկը: Հունիսի 22-ին փոստով ստացա ճանապարհային ոստիկանության տեսախցիկով աշխատող թիվ 1200106615 ակտը, որտեղ գրված էր, որ ես մայիսի 28-ին խախտել եմ արագությունը, 40 կմ/ժամ արագության փոխարեն ընթացել եմ 54 կմ/ժ արագությամբ, որի համար տուգանվել եմ 10 հազար դրամով: Ժամանակին չմուծելու համար կպատժվեմ եռապատիկից հինգապատիկի չափով: Վախից անմիջապես մուծեցի եւ գնացի արգելման նշանը փնտրելու, սակայն ոչ մի տեղ այդ փողոցում չգտա 40 կմ/ժ նշանը, զանգահարեցի 56-29-74 ճանապարհային ոստիկանությանը: Ոմն Հարությունյան ինձ ասաց, թե լավ նայի` կգտնես: Ստիպված դիմեցի վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կազմակերպությանը, որը ոստիկանների միջոցով գտել էր այդ չարաբաստիկ նշանը ծառի սաղարթների մեջ (տե՛ս լուսանկարը): Ոստիկանները անմիջապես ծառահատում էին կատարելՙ նշանը երեւալու համար, իսկ մեկ շաբաթ հետո ընդհանրապես հանել ու շպրտել էին այդ նշանը: Նույն «Աքիլլեսի» ստիպմամբ ոստիկանությունը ռադիո եւ հեռուստատեսությամբ տեղյակ պահեց ժողովրդին, «որ Ռուբինյան փողոցի բոլոր ակտերը չեղյալ են համարվում»: Իհարկե, ոչ մի բացատրություն կամ ներողություն չհայտնելով: Շնորհակալություն «Աքիլլեսին»: Չեք հավատա. տասնյակհազարավոր վարորդներ կամ մուծել էին, կամ էլ պետք է մուծեին: Միայն հարեւանս Ռուբինյանց փողոցից երեք ակտ էր ստացել: Նորից թույլատրվեց ընթանալ 60 կմ արագությամբ: Բանից պարզվում է, որ ոչ մի իրավունք չունեին այդ փողոցում 40 կմ/ժամ նշան դնելու: Այն կատարվել էր միայն փող հավաքելու համար: Իսկ մի՞թե միայն Ռուբինյանց փողոցն է: Ի՞նչ գիտեք, որ նման փողոցներ էլի չկան: Հենց միայն արձակուրդի մեջ երեք ամիս գտնվող դպրոցների առջեւի նշանները բավական են: Այո, սա է անհանգստացնում ինձ եւ շատերին: Այս մասին պետք է լուրջ մտածել: Մի՞թե սա ռեկետ չէ, պետական ռեկետ:

P.S. Ինչ վերաբերում է իմ մուծած գումարին. երկու ամիս է անցել, բայց ոչ մի լուր չկա: Նորից զանգահարեցի: Պատասխանեցին, որ իմ դիմումը տեղ է հասել, բայց քանի որ Ռուբինյանց փողոցից կան հազարավոր ակտեր, հերթը դեռ ինձ չի հասել: Եվս երկու ամիս պետք է սպասել:

Արդյոք ճիշտ չի՞ լինի իրենց նման ուշացման համար պահանջել եռապատիկից հնգապատիկ գումար:

Կ. ՔԱԼԱՇՅԱՆ

Նկար 1. Այսպիսի տեսք ուներ մինչեւ ծառահատումը կորած ճանապարհային նշանը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4