Սիրիական ճգնաժամի սրումից ի վեր պաշտոնական Բաքվի քայլերը սկսեցին «ներգրվել կոալիցիոն գործողությունների» համատեքստում: Իշխող վերնախավը դադարեցրեց շփումները Սիրիայի օրինական նախագահի եւ կառավարության հետ: Նախապես, իհարկե, հայտարարություններ չարվեցին, ինչպես արեւմտյան երկրներում, թե «Բաշար Ասադը պետք է հեռանա», բայց միաժամանակ ակնհայտորեն հասկացրին, որ պաշտպանում են «ռազմավարական դաշնակից» ԱՄՆ-ի տեսակետը:
Մի շարք լրատվամիջոցներ, որոնց շարքում առաջատարը «Զերկալո»-ն է, բացահայտ գրում են, որ «Մեծ Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական նախագծում Ադրբեջանը շահելիք ունի», եւ կառավարությանը «խորհուրդ են տալիս չենթարկվել Մոսկվայի ճնշումներին»: Գրեթե կասկածից դուրս է, որ այդ ամենը գրվում եւ տարածվում է Իլհամ Ալիեւի «լուռ համաձայնությամբ»: Իշխանության քայլերն էլ դա են վկայում: Հուլիսի կեսերին Ադրբեջանը Դամասկոսից իր դիվանագիտական ներկայացուցչությունը տարհանելու որոշում է կայացրել: Այն արդեն իրականություն է դարձել: Որոշ տեղեկություններով, սակայն, դեսպանը Բաքու վերադառնալուց հետո գործուղվել է Թուրքիա, որտեղ էլ գտնվում է Սիրիայում ադրբեջանական դեսպանության ողջ աշխատակազմը:
Օրեր առաջ Սիրիա մուտք է գործել vesti.az-ի լրագրողը: Բայց, որքան էլ զարմանալի հնչի, ադրբեջանցի լրագրողը ինքնիշխան երկրի տարածք է թափանցել ոչ պաշտոնապես: Թուրքիայում տեղակայված «սիրիացի փախստականների ճամբարից» նրան Սիրիայի տարածք է հասցրել «հալեպցի մի արաբ»` իր սեփական մեքենայով: Ադրբեջանցի լրագրողը նկարագրել է թուրք-սիրիական սահմանի` «ապստամբների» վերահսկողությանն անցած հսկիչ անցակետը, որտեղ տերուտնօրինություն են անում Բաշար Ասադի հակառակորդ զինված խմբավորումների ներկայացուցիչները: Հենց նրանք էլ ադրբեջանցի լրագրողի անձնագրում «արել են համապատասխան նշումը»:
Ըստ էության, կիսապաշտոնական կամ գերազանցապես կառավարության տեսակետներն արտահայտող ադրբեջանական լրատվամիջոցի ներկայացուցիչը Սիրիայի պետական սահմանը հատել է ապօրինաբար: Ամենայն հավանականությամբ, դա առաջին դեպքը չէ, բայց հատկանշական է, որ թեման դարձել է հանրության սեփականությունը: Այլ պարագաներում ադրբեջանական կողմը երեւի զգուշանար հրապարակելուց, որ իր քաղաքացին գտնվել է ապստամբների ճամբարում եւ նրանց միջոցով ծանոթացել Սիրիայի իրավիճակին: Եվ եթե դա արվում է անսքող, պետք է ենթադրել, որ նշված լրագրողը փաստորեն կատարել է ադրբեջանական հատուկ ծառայությունների առաջադրանքը եւ դրանում նրան օգնել է Թուրքիան:
Ի՞նչ է հետեւում դրանից: Միայն մի բան` Ադրբեջանի կառավարությունը միջամտում է ինքնիշխան Սիրիայի ներքին գործերին` աջակցելով այդ երկրի օրինական նախագահի դեմ զինված պայքար մղող խմբավորումներին: Շատ ակնառու է, որ Սիրիայում ադրբեջանցի լրագրող հայտնվելու մասին լուրը եւ վերջինիս դիտարկումները հրապարակայնացվում են Թուրքիա ԱՄՆ պետքարտուղարի այցից անմիջապես հետո: Իսկ այդ այցի «մեխը» եղել է Բաշար Ասադին տապալելու` ԱՄՆ-Թուրքիա ջանքերը «կոորդինացնելու» հարցը: Այդ կերպ ադրբեջանական կողմը Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու խնդրում շահագրգռված ուժերին, ամենից առաջ` Միացյալ Նահանգներին, փորձում է ներկայանալ որպես «հավատարիմ դաշնակից»:
Ընդ որում, տեղեկատվական «հրետանային նախապատրաստությունը» կարծես միակողմանի չէ: Նույն vesti.az-ը, հղելով ամերիկյան afp.com-ի լրագրող Ջեկ Մոյոնին, տեղեկացնում է, որ ամերիկացի լրագրողը Սիրիայի ապստամբների ջոկատներից մեկում հանդիպել է մի վիրավոր ադրբեջանցու: Վերջինս «ջարդված» անգլերենով բացատրել է, որ հեռուստատեսությամբ տեսել է պատերազմը եւ եկել, որ «սիրիացիներին օգնի ազատվելու Ասադից»: Իրակա՞ն է «վիրավոր ադրբեջանցու» մասին պատմությունը, թե՞ՙ հնարովի, տվյալ դեպքում այնքան էլ էական չէ:
Կարեւոր է, որ ամերիկյան հասարակական գիտակցության մեջ ներդրվում է գաղափար, որ «ադրբեջանցիները նույնպես պայքարում են Բաշար Ասադի դեմ»: Բաքվում, ամենայն հավանականությամբ, եկել են վստահության, որ «մերձավորարեւելյան քաղցրաբլիթը կիսելու ժամանակն է» եւ իրենք էլ կարող են «համեղ պատառ ստանալ»: Թերեւս նաեւ այդ պատճառով է, որ Գաբալայի ՌՏԿ-ի հարցով Ռուսաստանի հետ բանակցություններում Ադրբեջանը հետեւողականորեն «գին է բարձրացնում» այնքան, որ Ռուսաստանի Գլոբալիզացիայի եւ սոցիալական շարժումների ինստիտուտի Միջազգային քաղաքականության վերլուծության կենտրոնի տնօրեն Միխայիլ Նեյժմակովը day.az-ին տված հարցազրույցում «դեռ շարունակում է հուսալ», որ Դմիտրի Ռոգոզինի այցը «դժվար է տապալված համարել, եւ բանակցությունները հավանաբար կշարունակվեն»:
Ընդսմին, Նեյժմակովն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի «ակտիվ միջնորդության պիկը կլինի 2013 թվականի աշնանը, երբ Հայաստանում կավարտի ընտրական փուլը»: Այս գնահատականին կարելի էր եւ ուշադրություն չդարձնել, եթե ռուսաստանցի քաղաքագետը մինչ այդ ասած չլիներ, որ ԼՂ հարցով «ցանկացած արդյունավետ բանակցություն ենթադրում է հայկական կողմից զիջումներ առնվազն ԼՂ-ի շրջակա տարածքները «վերադարձնելու» (չակերտները մերն են- Վ. Ա.) մասով»:
Վ. Ա.