«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2012-08-18 | #142, 2012-08-21 | #143, 2012-08-22


ԱՌԱՋԻՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ԱՐՏԱԳԱՂԹԸ

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը համարում է, որ այսօր մեր երկրի հիմնահարցն արտագաղթը կասեցնելն է: Խնդրի հրատապությունը վկայում են եւ վիճակագրական թվերը. ըստ պաշտոնական տվյալների` 2012 թվականի միայն առաջին 6 ամիսներին Հայաստանից արդեն հեռացել են 74 հազար հոգի:

Արտագաղթը, ըստ Արամ Սարգսյանի, չի սկսվել այս տարի կամ 4-5 տարի առաջ, այլ դեռ 1990-ականներից. միայն 1992-1993 թվականներին տարեկան 200 հազար մարդ էր հեռանում Հայաստանից, ու պատճառը ոչ թե պատերազմական գործողություններն էին, այլՙ անիրավությունը: Այժմ արտագաղթի խնդրով անհանգստանալու փոխարեն, մեր լրատվամիջոցները, Արամ Սարգսյանի կարծիքով, տարված են երկրորդական ու երրորդական հարցեր քննարկելով:

Ըստ պարոն Սարգսյանի` միայն համակարգի փոփոխությամբ հնարավոր կլինի բարելավել ժողովրդի սոցիալական պայմաններն ու լուծել ներքին հիմնահարցերը: Իսկ համակարգը փոխելու համար, ըստ նրա, պետք է լուծվեն ստվերի, օլիգարխիայի, կոռուպցիայի ու մենաշնորհի հարցերը. սրանք են սյուները, որոնք պահում են այսօրվա համակարգը: «Եթե չքանդվեն դրանք, Հայաստանն իրական զարգացում չի ունենա», ասում է Արամ Սարգսյանը` ընդգծելով, որ Հայաստանը դեռեւս ունի բոլոր հնարավորությունները արդյունաբերական որոշ ճյուղեր նորից զարգացնելու համար:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ Արամ Սարգսյանն ասում է` դրանք կանցնեն նույն սկզբունքով, որով անցան խորհրդարանական ընտրությունները: Փոքր-ինչ կտարբերվեն միայն նախագահական ընտրությունները, եթե այնտեղ իսկապես մրցակցություն լինի:

Արամ Սարգսյանն ասում է, որ ինքը չի առաջադրվելու 2013-ի նախագահական ընտրություններին. «Թեթեւսոլիկություն չանենք»:

Իսկ լրագրողներից մեկի դիտարկման վերաբերյալ, թե նախագահի հավանական թեկնածուների` Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Վարդան Օսկանյանի մեջ տեսնո՞ւմ է հաղթող լիդերի, պարոն Սարգսյանը նշում է, որ 3 հոգին էլ այն նույն համակարգից են, որը Դեմոկրատական կուսակցության համար անընդունելի է. «Հետեւաբար մեզ համար միեւնույնն է, թե այդ համակարգը ներկայացնող ո՞ր անձն ավելի շատ հնարավորություններ ունի: Այնուամենայնիվ Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի օգտվելու իր բոլոր լծակներից, որովհետեւ նրան հիմա լուրջ խանգարող չկա»:

Իսկ ՀԱԿ-ին բանախոսը չի համարում իշխանության այլընտրանք. «Հիմա ՀԱԿ կա՞, որ նրանց էլ այլընտրանք համարեմ: Ու սկզբից եւեթ ՀՀՇ-ի գաղափարախոսությունը մեր կուսակցության համար եղել է անընդունելի: Նույն Հրանտ Բագրատյանի կառավարման օրոք վերցվել են մեծ քանակությամբ վարկեր ու պարզապես մսխվել: Ու հիմա Հայաստանն ունի 4 միլիարդ դոլարի վարկային պարտք, որից որեւէ դոլարը չի ծախսվել էկոնոմիկան զարգացնելու ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանի վերադարձին, Արամ Սարգսյանն այս թեման հրատապ չի համարում: «Եթե Վանո Սիրադեղյանն ուզում է բացահայտ ասել` ի՞նչ է եղել 90-ականներին ու ինչո՞ւ է ինքը հեռացել երկրից, թո՛ղ գրի ու գրավոր ուղարկի այդ մասին», հավելեց Արամ Սարգսյանը:

Երեկվա ասուլիսի ժամանակ, պատասխանելով նաեւ Եվրասիական միությանը Հայաստանի միանալ-չմիանալու հարցին, եթե ապագայում ստեղծվի նման միություն, Արամ Սարգսյանը նշեց, որ դրան կողմ կլինի այն դեպքում, երբ առաջին հերթին տեսնի Եվրասիական միության ձեւավորման հեռանկարներն ու դրանում Հայաստանի շահերը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4