Հուլիսի 7-ին «Վարդանանց ասպետների» 94-րդ տարեկան հավաքի ավարտին «Տարվա մարդ» մրցանակին արժանացած, Վուստերի (Մասաչուսեթս) Կլարք համալսարանում Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար, դոկտ. Թաներ Աքչամը իր շնորհակալական ելույթի որոշ կետերի շուրջը բացառիկ հարցազրույց է տվել «Արմինյըն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակիցներից Արամ Արքունին եւ հետաքրքրական դիտարկումներ կատաել ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
Նա նշել է, որ հայերի հետ իր հարաբերություններում շրջադարձային կետ է եղել 2006-ին հրապարակած իր «Ամոթալի արարք» գիրքը, որին հետեւել են ատելության հետապնդումները «Էրգենեքոն» կիսաստվերային կազմակերպության կողմից:
Այս փաստը նպաստել է, որ փարատվեն հայկական համայնքի կասկածները իր հանդեպ:
Աքչամն ավելացրել է, որ անցած քսան տարիների ընթացքում ինքն էլ է անշուշտ փոխվել, հատկապես քաղաքականապես: Այժմ նա ավելի բաց է եւ հանգիստ: «Երբ ես առաջին անգամ Մ. Նահանգներ եկա 2002-2003 թվականներին, Նյու Յորքում հայկական մի կազմակերպություն ցանկություն հայտնեց մրցանակ շնորհել ինձ: Ես հրաժարվեցի ընդունել մրցանակը: Վախենում էի, նաեւ շատ զգույշ էի, որ քաղաքական որոշակի պահանջներ կներկայացվեն, ասենքՙ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունն ընդունելու պահանջը եւ այլն: Վախենում եւ զգույշ էի, որովհետեւ հարձակումների թիրախ էի դարձել: Այդ պատճառով էլ փորձում էի ոչ թե հասարակական գործիչ, այլ լոկ հասարակ գիտաշխատող լինել», ասել է նա:
Թուրքիայի հասարակության մեջ կատարվող փոփոխությունները նպաստել են, որ նա դառնա ավելի բաց քաղաքական հարցերում: Այդ փոփոխություններին կարեւոր ազդակ է հանդիսացել Դինքի սպանությունը: «Մինչեւ Դինքի սպանությունը մենք պաշտպանական դիրքերում էինք: Կառավարությունն ու խորքային պետություն կոչվածը անընդհատ հետապնդում էին մեզ, դատարանի մի դահլիճից մյուսը քարշ տալիս մեզ: Հոգեպես ճնշված էինք: Սպանությունից հետո հասարակության հոգեկան վիճակը փոխվեց: Մտածելակերպըՙ նույնպես: Մենք ենք հիմա դրության տերը եւ ցեղասպանության մասին խոսելն այլեւս դավադրական երեւույթ չի դիտարկվում», բացատրել է Աքչամը, շեշտելով, որ այժմ մեծապես ավելացել է առաջադեմ մտավորականների եւ ձախակողմյան կազմակերպությունների (որոնք մինչ այսօր իրազեկված չէին) պաշտպանությունը: Վերջիններս ցեղասպանության թեման դարձրել են իրենց քաղաքական պլատֆորմը: «Բայց մենք, անշուշտ, չպետք է չափազանցնենք, որովհետեւ այդ փոփոխությունն առայժմ տեղական բնույթ է կրում եւ բնորոշ է միայն Անկարային եւ Ստամբուլին», զգուշացրել է թուրք մտավորականը:
Խոսելով Մ. Նահանգներում գտնվող թուրքերի հետ իր հարաբերությունների մասինՙ նա «բարդ» է որակել դրանք, քանի որ այնտեղի համայնքը միատարր զանգված չէ: «Թուրք մեծահասակների մի խումբ կա Ամերիկայում (որոնց մենք «սպիտակ թուրքեր» ենք կոչում), որոնք ազգայնամոլներ են, քեմալականներ եւ թունդ հակահայեր: Նրանք պատկանում են ATAA-ին, այսինքնՙ «Թուրք-ամերիկյան ասոցիացիայի համագումարին»: Այլ խմբակցությունների հետ նրանք էին, որ իմ դեմ ատելության արշավ ծավալեցին: Երկրորդ խումբը հասարակ թուրքերն են, որոնք Ամերիկա են եկել սովորելու կամ աշխատելու: Սրանք առավել կրոնասեր են եւ մեծ մասամբ կապված են «Ֆեթուլլահ Գյուլեն» շարժման հետ: Առաջին խմբի հետ տարակարծությունների մեջ են: Այդ շարժման անդամները փորձում են կապեր հաստատել հայերի հետ: Թուրքիայում նրանց ներկայացուցիչները մասնակցում են «Հրանտ Դինք հիմնադրամի» միջոցառումներին: Նրանցից մեկը նույնիսկ ներողություն խնդրեց հայերից 1915-ի իրադարձությունների համար: Նրանք հասկանում են, որ կապ կա «Էրգենեքոնի» եւ Հայոց ցեղասպանության, Հրանտ Դինքի եւ այլ քաղաքական սպանությունների միջեւ: Եվ ամենակարեւորը, նրանք ցանկանում են սովորել, իրազեկվել, հասկանալ հարցի էությունը», ասել է նա:
Աքչամը նաեւ ավելացրել է, որ Թուրքիայում կառավարությունը հավանաբար «ինչ-որ բան» է պատրաստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ: «Արտգործնախարար Դավութօղլուն որոշ ակնարկներ է անում իր ելույթներում, մասնավորապեսՙ թուրքական քաղաքացիություն ստանալու հնարավորություն ընձեռելու սփյուռքահայերի համար», նշել է նա: «Չնայած չեմ կարծում, որ կառավարությունը համապարփակ ռազմավարություն կամ ծրագիր ունենա այդ մասին»:
«Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը կտրականապես տարբերվում է «Էրգենեքոնից», բացատրել է նա: Իսլամի հանդուրժողական սկզբունքից ելնելով, այդ կուսակցությունը չի կարող ամբողջապես ագրեսիվ տրամադրություններ ունենալ քրիստոնյաների պահանջների հանդեպ: Այս պատճառով է, որ վերանորոգվում են որոշ հայկական եկեղեցիներ: Բայց կառավարության խնդիրն այն է, որ ինքնիշխանությունից ժողովրդավարության անցման շրջանում է: Ներկայումս փակուղու առաջ է, որովհետեւ կարծում է, որ կարող է վերահսկել ամեն ինչ առանց ժողովրդավարական քայլերի»:
Աքչամի հոռետեսության մյուս գործոնը Ադրբեջանի ազդեցությունն է Թուրքիայի վրա: «Թուրքիայի կառավարությունը բաղկացած է չափազանց պրագմատիկ անձնավորություններից: Նրանք ներդրումներ են կատարում Ադրբեջանում եւ իրենց շահերն են հետապնդումՙ առանց մտածելու բարոյական նորմերի մասին: Ադրբեջանը նրանց շատ հեշտությամբ կարող է գնել, եւ դա տեղի ունեցավ արձանագրությունների հետ կապված հարցում: Ադրբեջանն էր, որ վերջ տվեց արձանագրություններին: Ադրբեջանն է նաեւ, որ Խոջալուն օգտագործելովՙ առաջ է քաշում «ձեր ցեղասպանությունն ընդդեմ մեր ցեղասպանության» կարգախոսը, իր մտահոգությունն է ներկայացրել Աքչամը, նշելով, թե «վախենում եմ, որ սփյուռքի թուրք եւ ադրբեջանցի համայնքները միասնաբար պայքարեն հայկական համայնքի դեմՙ 2015-ին ընդառաջ»:
Հայկական ուսումնասիրություններին անդրադառնալովՙ Աքչամը ասել է. «Մենք ավելի մեծ հետաքրքրասիրություն ենք ակնկալում հայկական համայնքից, ավելի մեծ ֆինանսական ներդրումներ եւ ավելի նպատակաուղղված ծրագրեր»:
Ներկայումս թուրք մտավորականն ուսումնասիրում է Թուրքիայում ցեղասպանության տարիներին հայկական ունեցվածքների առգրավման հարցը:
Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ