«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2012-08-18 | #142, 2012-08-21 | #143, 2012-08-22


ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ` ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ

Ո՞ւմ շահերն է պաշտպանում ագրարագյուղացիական միությունը

Հասարակական կազմակերպությունները (ՀԿ) սովորաբար ստեղծվում են արտահայտելու եւ պաշտպանելու հասարակության շահերը նրան հուզող այս կամ այն հարցի վերաբերյալ: Սակայն Հայաստանում, ՀԿ-ների, համենայն դեպս, մի զգալի մասը ստեղծվում է անձնական շահերը որպես հասարակական ներկայացնելու եւ հասարակության ու պետության շահերին դեմ գնալու նպատակով: Օրինակ, մարդու իրավունքնների պաշտպանության նպատակով ստեղծված մի քանի ՀԿ-ներ օրուգիշեր զբաղված են մեր բանակին վարկաբեկելով: Սպառողական շահերի պաշտպանությանը կոչված որոշ ՀԿ-ներ զբաղվում են բացահայտ բիզնեսով` խոսելով այս կամ այն ընկերության արտադրանքի լավ լինելու մասին եւ փնովելով նրա մրցակցի արտադրանքը:

Գյուղատնտեսության ոլորտում գործող ՀԿ-ներից մեկը` Հայաստանի ագրարագյուղացիական միությունն էլ ասես ստեղծված լինի գյուղացիների շահերին դեմ գնալու համար: Կազմակերպության եւ նրա նախագահ Հրաչ Բերբերյանի գործողություններն էլ ոչ այլ ինչ են, քան դրա վառ ապացույց:

Դեռեւս անցյալ տարվա աշնանը վերոնշյալ կազմակերպության ղեկավարը սովորականի նման հանդես եկավ մի քանի արտառոց հայտարարություններով: Նրա «կանխատեսմամբ», այս տարի կարտոֆիլի բերքը այնքան կլինի, որքան անցյալ տարի, իսկ գարնանը կարտոֆիլը կթանկանա եւ ամռանը կկազմի 300-400 դրամ: Բնականաբար, նրան ոչ ոք չհարցրեց, թե ի՞նչ հիմնավորմամբ է նման հայտարարությամբ հանդես գալիս ագրարագյուղացիական միության նախագահը, մանավանդ որ, նրա խոստովանությամբ, եղանակային պայմաններն էլ բարենպաստ էին:

Եկավ գարունը, ապա ամառը, կարտոֆիլի բերքն ավելի շատ եղավ, քան «մարգարեանում» էր Հրաչ Բերբերյանը, իսկ գինն էլ կազմեց ոչ թե 300-400 դրամ, այլ 80-100 դրամ, առավելագույնըՙ 150 դրամ: Տուժեցին այն գյուղացիները, որոնք հավատալով վերոնշյալ անձնավորությանը, ավելի քիչ կարտոֆիլ աճեցրին` այն հույսով, որ դրա գինը թանկ կլինի եւ իրենք ավելի քիչ չարչարանքով, ավելի քիչ բերքը ավելի թանկ վաճառելով ավելի մեծ եկամուտ կստանան: Ստացվե՞ց, որ Հրաչ Բերբերյանը գյուղացիների շահերը պաշտպանելու փոխարեն նրանց շահերի դեմ գործեց:

Նույն անձնավարությունը նույն կերպ կանխատեսում էր ծիրանի բերքի քիչ լինելու մասին, ասելով, որ «թվեր են նկարում»: Բերբերյանի չարագուշակ եւ բարեբախտաբար երբեք իրականություն չդարձող կանխատեսումն այն էր, որ ծիրանենիներն այս տարի զանգվածաբար վարակվել են սնկային հիվանդությամբ, որը կփոխանցվի նաեւ դեղձենիներին եւ ծիրանի ու դեղձի բերքի մեծ մասը այս տարի կկորցնենք: Սակայն, անկախ նրանից, թե ով ինչ թիվ է նկարում եւ ագրարագյուղացիական միության նախագահն ինչ չարագուշակություններով է զբաղվում, փաստ է, որ նրա ասածը սուտ դուրս եկավ: Մեզանից յուրաքանչյուրը կարող է փաստել, թե այս տարի որքան առատ էր ծիրանի եւ դեղձի բերքը եւ ինչ գնով գնեցինք:

Սակայն հատկապես ցնցող էր վերոնշյալ պարոնի հետեւյալ արտահայտությունը պարարտանյութերի պետական սուբսիդավորման մասին. «Որոշ պետական այրեր այդ բիզնեսն իրենց ձեռքը վերցրին: Մանրածախ ներկրողները հրաժարվեցին ներկրելուց, եւ այսօր ունենք արհեստական դեֆիցիտ պարարտանյութերի շուկայում: Պետությունը խառնվեց բիզնեսին, տեսանքՙ ինչ եղավ»: Իսկ «ի՞նչ եղավ», քանի՞ գյուղացի կգտնվի, որ կդժգոհի, որ պետությունը պարարտանյութերի սուբսիդավորում է իրականացնում եւ իր վրա է վերցնում նրա հոգսի մի մասը: Դա կոչվում է «պետությունը խառնվեց բիզնեսի՞ն»: Կամ այդ ի՞նչ ներկրողներ հրաժարվեցին պարարտանյութ ներկրելուց: Այն ներկրողները, որ պարարտանյութի գների չհիմնավորված բարձրացման համար տուգանվեցին տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից: Հիմա ագրարագյուղացիական միության նախագահը գյուղացիների՞ շահերն է պաշտպանում, թե՞ այդ ներկրողների: Գուցե գյուղացիների շահերը պաշտպանելուն կոչված վերոնշյալ անձնավորությունը եւս ներգրավա՞ծ է այդ բիզնեսում, իսկ իր ՀԿ-ն այդ բիզնեսին ծառայեցնելու նպատակո՞վ է ստեղծել: Այսպես թե այնպես, դատելով վերոնշյալից, միանշանակ է, որ Հրաչ Բերբերյանը չի կարող խոսել գյուղացիների անունից, քանի որ նա անմիջականորեն նրանց դեմ է գործում եւ խոսում: Եվ երկրորդըՙ նա չի կարող համարվել գյուղատնտեսության ոլորտի մասնագետ, քանի որ նրա բոլոր գնահատականները, որպես կանոն, հիմնավորում չեն ունենում, հետեւաբար նրա բոլոր կանխատեսումները դատարկ խոսքեր են դառնում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4