«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2012-08-18 | #142, 2012-08-21 | #143, 2012-08-22


«ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԻՆՁ ՀԱՄԱՐ, ՈՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԵՄ ԵՂԵԼ»

Հարցազրույց բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ

- Պատմության ընթացքում շատ թշնամիներ է ունեցել մեր ժողովուրդը: Սակայն քիչ չէին բարեկամները նաեւ, որոնցից մեկն էլ` անձամբ Դուք: Ինչպե՞ս կարող էիք բնութագրել Ձեր զգացմունքները հայ ազգի նկատմամբ: Ի՞նչ է Ձեզ համար նշանակում Հայաստանը, եւ ինչպե՞ս պատահեց, որ Դուք պատասխանատվության պես մի բան զգացիք հայության հանդեպ, կամենալով ինչ-որ կերպ օգտակար լինել մեզ:

- Առավելություն եմ համարում ինձ համար, որ հայ ժողովրդի հետ եմ եղել կարեւոր այն ժամանակահատվածում, երբ դուք պաշտպանում էիք ձեր պատմական Արցախը: Պատերազմի ընթացքում ես բազում անգամներ եմ ձեր ժողովրդին այցելելՙ մարդկանց հասցնելով հումանիտար օգնությունը, ինքս եմ ականատես եղել այն ամենին, ինչ մասին հետո հարկ եմ համարել խոսել բարձրաձայն: Վերոհիշյալ այցելությունների ընթացքում էլ զգացել եմ միշտ, թե ինչպիսի ոգեշնչման առիթ է անձնապես ինձ համար ձեր ժողովրդի արժանապատվության զգացողությունը, ձեր ազգի զավակների կողմից ցուցաբերվող խիզախությունը, հյուրասիրության վառ ու հրաշք օրինակները, եւ, այո, առավելություն եմ համարում, որ այդ օրերին շատ ու շատ հերոս-հերոսուհիների հետ եմ հանդիպել ու շփվել: Աշխատանքիս մեջ առաջնային պարտականությունս եմ համարում օգնությունն այն մարդկանց, ովքեր ենթարկվում են հետապնդման ու տարբեր կարգի ճնշումների: Այդ իմաստով, ոչ միայն Ղարաբաղի հայերն են ուշադրությանս կենտրոնում հայտնվել, այլեւ այնպիսի երկրների, ինչպիսիք են Բիրման, Սուդանը, Հյուսիսային Նիգերիան, Հյուսիսային Ուգանդան եւ այլն, բնիկ ժողովուրդները:

- Մեր նորագույն պատմության էջերում Ձեր անունն իր ուրույն տեղը ունի եւ Ղարաբաղի հետ է կապված սերտորեն` հայկական մի վայր, որ հայտնի տեղ է զբաղեցնում Ձեր կենսագրության էջերում: Ինչպե՞ս կարելի է բացատրել այն երեւույթը, որ մեկ անգամ Արցախին ծանոթանալուց հետո Ձեր հետաքրքրությունը նրանով շարունակական դարձավ: Ինչպե՞ս եք Դուք, լեդի Քոքս, Լեռնային Ղարաբաղը ներկայացնում հենց Ձեր երկրում եւ այլուր: Որո՞նք են, ավելի լայն իմաստով, մինչ այժմ Արցախից ստացված Ձեր տպավորությունները:

- Ճնշումներ իրագործող վարչակարգերի զոհերին օգնության եւ պաշտպանության իմ պարտականությունները ի կատար ածելու առաջադրանքով ես 70 անգամ արդեն Արցախ եմ այցելել: Հատկապես վերջին տարիներին այն արդյունքներով եմ տպավորված խորապես, որոնք ձեր ժողովուրդը ձեռք է բերելՙ վերակառուցելով քարուքանդ եղած իր երկիրը եւ մարդկային քանդված ճակատագրերը: Դրա հոյակապ վկայություններից մեկը Վարդան Թադեւոսյանի ծավալած հրաշալի գործունեությունն է, ում մասնագիտական մոտեցման շնորհիվ հիմնադրվեց Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը: Դա այնպիսի մի նվիրվածությամբ է արվել, որ միջազգային մակարդակով հիմա որպես «առաջատար փորձի կենտրոն» է հայտնի: Ամեն անգամ, երբ Արցախ եմ այցելում, ինձ մշտապես հիացնում են ձեր ժողովրդի համառությունն ու հնարամտությունը, ինչպես նաեւ այն ոճը, որով մարդիկ այդտեղ կարողանում են պահպանել ու պաշտպանել իրենց ոգին ու տեսակը. Արցախն այսօր ոչ միայն մոխրից հարություն առած Փյունիկին է նման, այլեւ մի հրաշքի, երբ փլատակների մոխրից մարդիկ կարողանում են գեղեցկություններ վեր հանել:

- Այսօր էլ դեռ աշխարհի ամենատարբեր վայրերում կրկնվում է հրեշավոր այն երեւույթը, որ Ռաֆաել Լեմկինը ցեղասպանություն է անվանել: Այդ երեւույթի շարունակականության հիմնական պատճառն արդյոք այն չէ՞, որ համայն մարդկությունը չի ընդունել մինչ օրս հայերի դեմ իրագործված ոճռագործությունը: Եվ. որո՞նք են, ըստ Ձեզ, Մեծ Եղեռնի համընդանուր ճանաչումն արգելող հանգամանքները:

- Հայերի ցեղասպանություն. դուք տեղյակ եք երեւի, որ այս թեմայով ես շատ եմ խոսել եւ հնարավոր ամեն քայլի դիմել, որ հարցը գոնե համաշխարհային ճանաչում ստանա: Աշխատել եմ այն ժողովուրդների շրջանում, որոնք կրել են բռնության հետեւանքները եւ այդ ընթացքում, ցավոք, շատ այլ իրավիճակների եմ հանդիպել, որոնք կարող ենք «ցեղասպանության փորձեր» համարել: Այդպիսին են, օրինակ, Բիրմայի էթնիկ խմբերի դեմ իրականացված դաժան ռազմական հարձակումները կամ խտրականությունները, որոնց առաջացման պատճառն էր Հյուսիսային ու Հարավային Սուդանի միջեւ տեղի ունեցած պատերազմը, ինչպես նաեւ մեկուսացված տարածքներում արձանագրված փաստերը (Նուբայի Սարեր, Հարավային Կապույտ Նեղոս, Աբիեյ, որը հիմա կոչվում է Դարֆուր): Առաջին պատերազմի ժամանակ երկու միլիոն մարդ զոհվեց, եւ չորս միլիոնն էլ տեղահանվեց: Այդ պատերազմի ակնհայտ նպատակները աֆրիկյան ժողովրդների արաբականացումն ու մահմեդականացման տարածումն էին այն շրջաններում, որտեղ մարդիկ չէին հարում այս կրոնին: Ես չեմ կարծում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ձախողումը ինչ-որ կապ ունի այդ պատերազմի հետ, բայց ընդունում եմ, այնուամենայնիվ, որ որեւէ ցեղասպանության ճանաչման ձախողումը կարող է ոգեշնչել նրանց, ովքեր հավատում են, որ իրենք կարող են իրագործել հանցանքն ու անպատիժ մնալ: Ես հավատում եմ նաեւ, որ կան շատ խոչընդոտներ, որոնք խանգարում են իսկապես Հայկական ցեղասպանության ճանաչմանը պետությունների եւ կազմակերպությունների կողմից. նրանք հավանաբար, խուսափում են նեղացնել Թուրքիային, կամ վախենում են իրենց առեւտրային եւ ռազմավարական շահերը վտանգի տակ դնելուց:

- Դուք ազնվական եք` բարոնուհի: Ի՞նչ է պարտադրում այդ տիտղոսը: Ինչո՞վ է ազնվական իր կյանքում... ազնվականը:

- Ես ազնվական տոհմից չեմ եւ ոչ էլ ազնվական ընտանիքում եմ ծնվել. Լորդերի պալատի անդամ եմ նշանակվել եւ այդպես ստացել բարոնուհու տիտղոսը: Կարծում եմ, որ պատվաբեր է, ինչպես նաեւՙ պարտադրող բրիտանական խորհրդարանի պալատներից մեկի անդամ լինելը: Ես այդ առավելությունը փորձել եմ օգտագործել «ձայնազուրկների ձայնը» լինելու նպատակով:

- Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ընձեռնված բոլոր հնարավորությունների պայմաններում էլ շատերն են թերեւս իրենք իրենց շարունակում անպաշտպան զգալ: Ո՞րն է դեպի առաջ տանող ուժը: Դուք ո՞ր աղբյուրից եք Ձեր ուժերը ստանում կամ վերականգնում:

- Ես քրիստոնյա եմ եւ իբրեւ այդպիսին պարտավորված եմ զգում հիշել աստվածաշնչյան այն պատվիրանը, որը պահանջում է խոսել զրկվածների համար, օգնել հիվանդներին, հոգ տանել, որ մերկը հագուստ ստանա, իսկ անոթինՙ կերակուր:

- Եթե Ձեզ հետ որեւէ լրագրողուհի հարցազրույց ունենար, անկասկած կուզենար իմանալ. հատկապես ի՞նչը պետք է հաշվի առնի քաղաքական կամ հասարակական գործունեության դաշտն ընտրած որեւէ կին, եթե իրոք հաջողության հասնել է ուզում:

- Քանի որ քաղաքական կյանքի թեման շոշափեցիք, ապա կասեմ, որ իմ համոզմամբ, առանձնակի ոչ մի տարբերություն չկա տղամարդկանց եւ կանանց միջեւ: Երկուսի պարտականությունն էլ քաղաքականությունըՙ եթե դա է նրանց ընտրությունը, որպես իրենց ծառայության դաշտ ընդունելն ու օգտագործելն է:

- Եվ որպես նախորդ հարցի շարունակություն. որեւէ նպատակին հասնելուց հետո երեւի թե բոլորս ենք անբավարարվածության պես մի բան զգում կամ նույնիսկ հիասթափություն վերապրում:

- Ինչպես ասացի արդեն, իմ գործունեության անմիջական նպատակը տարբեր կարգի ճնշումներ եւ հետապնդման տառապանքները կրող մարդկանց օգնության հասնելն է, իսկ նման մի գործունեություն, դժբախտաբար, նպատակակետի վերջ պարզապես չունի: Այնպես որ անխուսափելի է ձեր նշած այդ անբավարարվածությունը, մանավանդ երբ զգում ես, որ կարիքի մեջ գտնվող մարդկանց համար չես հասցրել ավելին անել:

- Ասվում է, որ համակարգիչը փոխեց մարդու կենցաղը, նրա սովորություններն ու առհասարակՙ կյանքը: Ձեր դեպքում որեւէ բան փոխե՞լ է իրոք: Եթե այո, ապա ի՞նչը:

- Ես համարում եմ, որ ծայրահեղ արժեքավոր մի բան է համակարգիչը. խնայում է մարդու ժամանակը գրելու եւ հաղորդակցվելու ընթացքում:

- Վերջում ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

- Ես հուսով եմ, որ կշարունակեմ օգտագործել ամեն մի հնարավորություն, որպեսզի կարողանամ գործել նրանց համար, ովքեր պայքարում են տարբեր բնույթի բռնությունների ու հետապնդումների դեմ, եւ որոնց վիճակը լրատվության միջազգային գործակալությունների կողմից մեծ մասամբ արհամարվում է (տեղեկությունները դրա մասին դուք կգտնեքՙ այցելելով www.hart-uk.org կայքէջը): Հույս ունեմ, որ ուժերս ներածին չափով շարունակելու եմ Հայաստանի եւ Արցախի ժողովրդի արդարադատության ու ազատության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու փորձը: Կշարունակեմ պայքարս Հայոց ցեղասպանության եւ ներկայումս աշխարհի որեւէ այլ վայրում կատարվող համանման հանցանքների ճանաչման ու դատապարտման համար:

ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Նկար 1. Արթուր Ղուկասյանը եւ բարոնուհի Քերոլայն Քոքսը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4