Օգոստոսի 18-ին սրտի կաթվածից մահացած Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ, վերջին տարիներին ակտիվությամբ քաղաքականությամբ զբաղվող Սուրեն Սիրունյանի հոգեհանգստի արարողությունը երեկ տեղի է ունեցել Ս. Հովհաննես եկեղեցում, որին մասնակցել են նրա ընկերները, համախոհները, հարազատները, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Լրագրողները նկատել են, որ ՀԱԿ-ից եւ ՀՀՇ-ից որեւէ երեւելի ներկայացուցիչ այնտեղ չի եղել` Ս. Սիրունյանը դժգոհ էր ՀԱԿ-ի վերջին շրջանի քաղաքականությունից եւ հեռացել էր ՀԱԿ-ից, մտերիմ մնալով էլի այդ կառույցից հեռացած ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ մի շարք գործիչների հետ: Սուրեն Սիրունյանի վերջին ասուլիսը` կապված Վանո Սիրադեղյանի հետ, շատերը կհիշեն:
Նրա մահվան լուրն առնելով` 5-րդ հարկից իրեն նետելով ինքնասպանության փորձ կատարած նրա դստեր` Դիանա Սիրունյանի վիճակը երեկ երեկոյան դրությամբ մնում էր ծայրահեղ ծանր: Նա «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, նրան արհեստական շրնչառության ապարատ է միացված, բժիշկներն անում են հնարավորը` նրա վիճակի բարելավման համար:
Մ. Խ.