«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2012-08-18 | #142, 2012-08-21 | #143, 2012-08-22


ՀԱՅԵՐԵՆ «ԲԱՐԻ ԱՌԱՎՈՏ» ՉԵՆ ԱՍՈՒՄ, ԷԼԻ, ՆԻԵԹ

Մեր «բարի լույսը» նաեւ շատ ավելի տարողունակ է

Ռուսներն, ըստ իրենց լեզվամտածողության, լվացքը չորացնում են «արեւի վրա» (ասում են` сушить на солнце), հայերը` արեւի տակ: Արաբները, կարծեմ, Խոտաբի որդուն ասում են իբն Խոտաբ, ռուսները` Խոտաբիչ, հայերը` այսինչ, որդի Խոտաբի: Ռուսների համար ռուսաց լեզուն` իրենց եւ առհասարակ որեւէ ժողովրդի լեզուն` տվյալ ժողովրդի հարազատ լեզուն է (родной язык), անգլիացիները դա կոչում են բնիկ լեզու (native language), բայց ունեն նաեւ մայր(ենի) լեզու (mother tongue) տարբերակը, հայերս, որքան գիտեմ` նաեւ ֆրանսիացիները, իտալացիները, կոչում ենք մայրենի լեզու...

Այսօր, որքան էլ զարմանալի է` անկախ երկիր դառնալու առաջին օրվանից մինչեւ հիմա, մենք ինքներս կամավոր դարձել ենք մեր մայր լեզվին հաճախ քար նետողներ: Պետության բացարձակ անտարբերության պայմաններում ոմանք չիմացությունից ու անզգուշությունից, ոմանք ազգային այս կարեւորագույն արժեքը չկարեւորելու, օտար «արժեքներին» արհամարհաբար ստորադասելու կամ պարզ անտարբերության պատճառով կամա թե ակամա լծվել են մեր պետական լեզուն մինչեւ վերջ աղավաղելու, նրա կուռ համակարգը խաթարելու, մեզ մեր էությունից աննկատ հեռացնելու վտանգավոր գործին: Եթե առաջ մենք լեզու էինք սովորում մեր գեղարվեստական գրականությունից, նաեւ` մամուլից, ռադիո-հեռուստատեսությունից, ապա այսօր լեզվական աղավաղումները, սխալները, ամենօրյա տարբեր տեսակ մեղանչումները հասել են մամուլի, մասամբ նաեւ գեղարվեստական գրականության էջեր, ամեն օր հնչում, գրվում, տարածվում են հսկայազանգված լսարան ունեցող հեռուստաեթերով, էլեկտրոնային լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով: Իսկ որ առավել մտահոգիչ է` դրանք նաեւ ունենում են համառ պաշտպաններ, այդ թվում` որոշ մասնագիտական համարվող շրջանակներում, հաճախ նույնիսկ այն տարօրինակ «հիմնավորմամբ», թե դրանք... հարստացնում են մեր լեզուն:

Հայոց լեզուն պարզապես ոտնատակ տվող բազմաթիվ տարածված սխալներ կան, որոնց մասին հատորներ կարելի է գրել: Կան նաեւ «թեթեւակի», անմեղ թվացող շեղումներ, որոնք հենց քիչ նկատելի լինելով` վերջին հաշվով կարող են ավելի վտանգավոր լինել: Կարծում ենք` վերջիններիս թվում է մասնավորապես «Շանթ» հեռուստատեսության «Առավոտը Շանթում» հաղորդաշարում ամեն օր հնչող «բարի առավոտ» արտահայտությունը: Կարծեմ սրա մասին այլ առիթներով ոչ մեկ անգամ խոսվել է, ասվել, բայց արի ու տես, որ առանձնանալու, ամեն գնով «սեփական» եւ «ժամանակակից» ոճով հանդես գալու ցանկությունը մեզանից ոմանց համար ավելի կարեւոր է:

Ո՞ւմ հայտնի չէ, որ հայի առավոտյան ողջույնը «բարի լույսն» է, որը նա ասել ու ասում է արդեն հազարամյակներ: Ո՞վ եւ ի՞նչն է մեզ ստիպում կամ ինչո՞ւ, ի՞նչ անհրաժեշտությամբ, ինչ իրավունքով պիտի մենք, մեզնից մեկը կամ մյուսը մի կողմ դնի մեր հազարամյա զրնգուն «բարի լույսն» ու... բարի լույս ասի օտար լեզվամտածողությամբ, ասի` բարի առավոտ: Որ անգլիացին ու ամերիկացին այդպե՞ս են ասում: Հետո՞ ինչ: Յուրաքանչյուր ժողովուրդ, ազգ հետաքրքրական է հենց իր ուրույն դիմագծով, այդ թվում` նաեւ իր լեզվական ուրույն դեմքով ու հարստությամբ, այլապես նա իրենից ոչինչ չի ներկայացնի: Եվ երկրորդ, թեեւ լեզուն որոշակի սահմաններում նաեւ անհատական դրսեւորումներ կարող է ունենալ, նա որեւէ մեկի սեփականությունը չէ, որ ով ինչպես ուզենա` ձեւի ու ծռմռի:

Իսկ դուք մտածե՞լ եք, թե մեր «բարի լույսն» իր իմաստային ընդգրկումով, հուզական լիցքով որքան ավելի տարողունակ, խորն է` ներառելով նաեւ հոգեղեն լույսի աստվածային խորհուրդն ու փառաբանությունը... Ինչո՞ւ ենք արհեստականորեն նեղացնում նրա շրջանակները, մերժում մեր լեզվագանձն ու, կրկնենք, մեզ հեռացնում մեզնից:

«Ժողովրդական երգիչ» աննման ծրագիր ստեղծած «Շանթին» հորդորում ենք հրաժարվել նման դիրքորոշումից:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4