«Նյու Յորք թայմսում» տպագրված եւ «Արմինյըն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթում արտատպված Դենիս Հեւեսի մահախոսականից տեղեկանում ենք, որ Մաունթ Փլեզենտում 87 տարեկանում իր մահկանացուն է կնքել Նյու Յորքի կառավարիչների եւ քաղաքապետների խորհրդական Էդվարդ Նազարի Կոստիկյանը:
Ծնվել է Վիհոկենում (Նյու Ջերսի), Թուրքիայից ԱՄՆ գաղթած գորգավաճառի ընտանիքում: Հաճախել է Բրոնքսի Ռիվերդեյլ շրջանի Հորաս Ման վարժարանը, որտեղ մայրն աշխատել է որպես ուսուցչուհի: Այնուհետեւ ավարտել է Կոլումբիա համալսարանը եւ դարձել իրավաբան: Աշխատակցել է քաղաքական գործիչներիՙ Նելսոն Ռոքֆելլերի, Ռուդոլֆ Գյուլիաննի, Մարիո Կուոմոյի, Էդվարդ Քոշի եւ այլոց հետ: Մասնակցել է օրենսդրական մի շարք բարեփոխումների, հատկապես կրթական համակարգում: Համաշխարհային երկրորդ պատերազմում ծառայել է Օկինավայում եւ Կորեայում: Ունեցել է նաեւ երաժշտական հակումներ: 1950-ին իր գործընկերոջՙ Վիլյամ Քանի համագործակցությամբ, հիմնել է նվագախմբային մի ընկերություն, որը համերգներ է տվել Նոր տարվա տոներին:
Հ. Ծ.