Մարդու կյանքը, ապրած ու աշխատանքային տարիներն անցնում են հարազատ դարձած մարդկանց շրջապատում եւ հաճախ հոգեւոր պահանջ է առաջանում արտահայտելու նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ունեցած զգացմունքները, հեռավոր ծանոթներին ու անծանոթներին ներկայացնելու մարդուն որպես ազնիվ, բարի ու նվիրված անհատականություն: Առավել եւս դա կենսական անհրաժեշտություն է դառնում այն դեպքում, երբ տասնյակ տարիներ աշխատելով նույն կոլեկտիվում կամ զուտ ընկերական հարաբերությունների շրջանակներում կենցաղային խոսք ու զրույցում բառերով չես արտահայտի այն ամենը, ինչը բնութագրում է նրան: Բայց երբ կան հոբելյանական տարեթվեր եւ դրանք նշելու ավանդույթ, ապա ամեն ինչ ստացվում է բնականոն, ինքնաբուխ եւ նրան բնութագրող գնահատականներն էլ վստահորեն թղթին են հանձնվում: Այդպիսի անձնավորություն է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Լեւոն Խաչիկի Խչեյանը, ում ծննդյան 70 եւ գիտամանկավարժական գործունեության 45-ամյակը նշվեց վերջերս հարազատ կոլեկտիվում եւ ընկերական շրջապատում:
Լ. Խչեյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս ավանում արհեստավորի ընտանիքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, դասավանդվող առարկաները յուրացրել նպատակասլաց ջանասիրությամբ, եւ արդյունքը գերազանց գնահատականներով ու արծաթե մեդալով ավարտելն էր: Ընտանիքի հոգսերը թեթեւացնելու անհրաժեշտությունից ելնելով` դպրոցի բարձր դասարաններում սովորելիս ամառային արձակուրդներին աշխատել է կոլտնտեսությունում, իսկ ավարտելուց հետո` 1958-1960 թթ.` Վարդենիսի շրջսպառմիությունում:
Համալսարանում սովորելու տարիներին նրա եւ համակուրսեցիների միջեւ ձեւավորվեցին ընկերական ջերմ հարաբերություններ, որոնք առ այսօր չեն խամրել եւ դարձել են ավելի իմաստալից ու մտերմիկ: Նրա ուսանողական ընկերներից շատերն այսօր աշխատում են ՀՊՏՀ-ում եւ նրանց առօրյա հանդիպումները համեմվում են անմոռանալի հուշերով, որոնց առանցքը իրենց սիրելի դասախոսներն ու հիշարժան հաճելի դեպքերն են:
Համալսարանն ավարտելուց հետո Լ. Խչեյանը 1965-1966 թթ. ծառայել է խորհրդային բանակում, իսկ զորացրվելուց հետո կարճ ժամանակով աշխատել է ՀԽՍՀ առեւտրի պալատում որպես փորձագետ եւ ապա` նշանակվել Երեւանի առեւտրա-տնտեսագիտական տեխնիկումի ցերեկային ուսուցման բաժնի վարիչ` միաժամանակ դասավանդել «Քաղաքատնտեսություն» առարկան:
1967 թ. աշնանը Լ. Խչեյանը ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա «Քաղաքատնտեսություն» մասնագիտությամբ, իսկ մի քանի ամիս անց ամբիոնի երաշխավորությամբ աշխատանքի է անցել նույն ամբիոնում` որպես ասիստենտ: Համալսարանի տարբեր ֆակուլտետներում դասավանդելուն զուգընթաց 1973 թ. ավարտել է ասպիրանտուրան եւ պաշտպանել թեկնածուական ատենախոսություն բավականին բարդ եւ այդ շրջանում քիչ ուսումնասիրված, բայց նաեւ մեծ հետաքրքրություն ներկայացնող թեմայով` կապված մարդկանց շահերի եւ հատկապես նրանց գործունեության հիմքում ընկած տնտեսական շահերի բովանդակության հետ: Նա հետագայում շարունակել է իր հետազոտությունները այդ նույն հիմնահարցի վերաբերյալ, հեղինակ է շուրջ 30 գիտական եւ ուսումնամեթոդական աշխատանքների, այդ թվում` մենագրության, հանրամատչելի գրքույկի, հեղինակակցել է ամբիոնի կողմից հրատարակված երկու ուսումնական ձեռնարկների: Նրա երկու տասնյակից ավելի գիտական հոդվածներն աչքի են ընկնում խորաթափանցությամբ եւ միաժամանակ շարադրանքի պարզությամբ: Նրա գիտական գործունեության մեջ մեծ է եղել ականավոր տնտեսագետ եւ հասարակական գործիչ պրոֆեսոր Մուշեղ Ադոնցի երախտիքը, որը եղել է նրա առաջին դասախոսներից մեկը, իսկ հետագայում` գիտական ղեկավարը, ում ծննդյան 100-ամյակը մեծ հանդիսավորությամբ նշվեց ՀՊՏՀ-ում 2010 թ., իսկ մինչ այդ համալսարանում բացվել էր Մ.Հ. Ադոնցի անվան գիտական ընթերցասրահը` որպես երախտագիտության նշան անվանի պրոֆեսորի հանդեպ, որն իր բազմաթիվ ասպիրանտներին եւ ուսանողներին ոչ միայն տնտեսագիտություն էր սովորեցնում, այլեւ ներարկում բարոյական բարձր հատկանիշներ` ազնվություն, շիտակություն, սկզբունքայնություն եւ պատասխանատվություն:
1975թ., երբ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հենքի վրա բացվեց Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, Լ. Խչեյանը դարձավ նորաստեղծ ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնի հիմնադիր անդամներից մեկը: Ինստիտուտում աշխատելու տարիներին սովորել եւ ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի դասախոսների որակավորման բարձրացման ինստիտուտը (1974 թ.), հետագայում` մասնակցել Մոսկվայի պետական համալսարանում կազմակերպված քաղաքատնտեսության ամբիոնների վարիչների որակավորման բարձրացման դասընթացներին: 1970-80-ական թվականներին մասնակցել եւ զեկուցումներով հանդես է եկել միութենական մի քանի գիտաժողովներում` Մոսկվայում, Լենինգրադում, Ադլերում, իսկ զեկուցումներից մեկը հրապարակվել է Խորհրդային Միության տնտեսագիտական ամենահեղինակավոր ամսագրերից մեկում ("Экономические науки", 1979, N6): 1990-ական թթ. Ռուսաստանի Դաշնության մի քանի համալսարաններից դարձյալ հրավիրվել է մասնակցելու գիտաժողովների, սակայն հայտնի պատճառներով հնարավորություն չի ունեցել մասնակցելու:
Լ. Խչեյանը 1991 թ. ընտրվել է ապրանքագիտության եւ առեւտրի էկոնոմիկայի (այժմ` մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման) ֆակուլտետի դեկան եւ պաշտոնավարել մինչեւ 2006 թվականը, իսկ 2006-2011 թթ. համատեղության կարգով աշխատել է որպես ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական:
Այսօր նա համալսարանի տնտեսագիտության առաջատար դոցենտներից է, շարունակում է ջանասիրությամբ ու բարձր պատասխանատվությամբ կատարել իր աշխատանքը, եւ մենք նրանից ապագա հաջողությունների հիմնավոր սպասումներ ունենք հատկապես գիտահետազոտական ոլորտում: Իսկ նա, առաջին հերթին, ուրախանում է գիտության, գրականության եւ արվեստի ոլորտներում իր ընկերների ձեռքբերումներով, ում բարոյապես աջակցել է ողջ կյանքի ընթացքում: Առանձնահատուկ ջերմ վերաբերմունք ունի ԵՊՀ իր հասակակիցների հանդեպ, ովքեր այսօր գիտական բարձր աստիճաններ ու կոչումներ ունեն, ղեկավար բարձր պաշտոններ են զբաղեցնում մայր համալսարանում, իսկ նրանց հետ ընկերության հիմքերը դրվել են դեռեւս ուսանողական տարիներին:
Լ. Խչեյանը նկատելի հուզմունքով եւ երախտագիտությամբ է խոսում տնտեսագիտության իր առաջին դասախոսների մասին, ովքեր չէին սահմանափակվում ուսանողին գիտելիք մատուցելով, այլ իրենց իսկ օրինակով ձեւավորում էին մարդկային լավագույն հատկանիշներ եւ ամեն ինչ անում համալսարանական ուսման բովանդակությունից բխող բազմակողմանի զարգացած մասնագետներ պատրաստելու համար: Լ. Խչեյանը նույն հոգատարությունը, հարգանքն ու սրտացավությունն է ցուցաբերում բուհական ոլորտից դուրս ունեցած ընկերների` գրողների, կինոգործիչների, դերասանների ու երաժիշտների նկատմամբ եւ արժանանում փոխադարձ հարգանքի:
Լ. Խչեյանը երկարամյա բարեխիղճ աշխատաքի համար պարգեւատրվել է ՀՀ ԿԳ նախարարության եւ ՀՊՏՀ ոսկե մեդալներով:
Բովանդակալից կյանքով է ապրում մեր կյանքը զարդարող այս ազատ եւ անկախ մտավորականը, որի ծննդյան 70-ամյակը շնորհավորում ենք ջերմորեն ու լավագույն մաղթանքներով:
ԻՇԽԱՆ ԽԼՂԱԹՅԱՆ, ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր
ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Կինոռեժիսյոր, «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ