Երեկ անցնելով Մաշտոցի պողոտայովՙ գրախանութներից մեկի առջեւ, մայթի վրա, շարժ նկատեցինք, որը այսօր հայաստանյան իրականության մեջ հազվադեպ հանդիպող երեւույթ է: Պարզվեց «Բուկինիստ» գրախանութը ակցիա է կազմակերպել, որի շրջանակում գրքերից շատերը վաճառվում էին 500 եւ 1000 դրամով: Հատկանշական է, որ արտասահմանյան փորձի կիրառումը Հայաստանում, «Ազգի» դիտարկմամբ, լավ արդյունքի է հասնում:
«Ազգը» զրուցեց «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյան հետ, որն անդրադառնալով ակցիային, ասաց. «Ունեինք ծրագիր, որի շրջանակում որոշեցինք նման ակցիա կատարել, որը մեկնարկել է հուլիսի 26-ից եւ կավարտվի սեպտեմբերի 30-ին, սակայն ցանկանում ենք դիմել Քաղաքապետարանին, որպեսզի երկարաձգենք ակցիան: Հետաքրքրական է փաստը, որ գիրք գնում են նաեւ այնպիսի մարդիկ, որոնք գրախանութ երբեք չեն մտել: Փողոցային առեւտուրը ամբողջ աշխարհում է ընդունված եւ անվիճելի փաստ է, որ փողոցում ամեն ինչ լավ է վաճառվում»:
«Ազգի» զրուցակիցն ասաց, որ ինքնարժեքից ցածր գնով գրքեր վաճառելը շահեկան չէ գրախանութի համար, սակայն ո՞րն է այս դեպքում գրախանութի շահը հարցին ի պատասխան Խ. Վարդանյանն ասաց. «Մենք ստիպված ենք գնացել այդ քայլին: Նշենք, որ գրախանութում եւս իջեցրել էինք այդ նույն գրքրերի գները, սակայն գրախանութի ներսում չէր վաճառվում: Այդ գրքերի գումարներն արդեն վճարել ենք, եւ որոշեցինք ծախսած գումարի գոնե մի մասը ետ բերել»: Անդրադառնալով այն հարցին, թե՞ որն է պատճառը, որ ակցիայի ընթացքում վաճառվում են միայն ռուսերեն եւ անգլերեն գրքեր, եւ չկա ոչ մի հայերեն գիրք, Խ. Վարդանյանն ասաց. «Տեղական հրատարակությունները մեզ տալիս են կոմիսիոն հիմունքով, եւ մենք իրավունք չունենք գների հետ «խաղալու»»:
Արդյոք չե՞ք փորձել համագործակցություն ձեռք բերել հրատարակությունների հետ, որպեսզի ակցիային նրանց կողմից հրատարակված գրքերը եւս վաճառվեն հարցին ի պատասխան գրախանութի տնօրենն ասաց, որ չեն փորձել. «Սպասեք, մեր գրքերը վաճառենք, որից հետո առաջարկություն կանենք»: Անդրադառանալով բազմաչարչար մի հարցի, թե ո՞րն է պատճառը, որ հանրությունն այսօր այդքան էլ շատ գիրք չի գնումՙ համացա՞նցը, թե՞ ֆինանսական վիճակը, Խ. Վարդանյանն ասաց. «Մաթեմատիկական լեզվովՙ սա հավասարում է բազմաթիվ անհայտներով: Ֆինանսականը առաջնային պատճառը չէ, քանի որ, եթե ձեզ գիրք է հարկավոր, ապա դուք բոլոր դեպքերում այն ձեռք կբերեք: Այս խնդիրը տեղային չէ, այլ համաշխարհային աղետ է: Գրքի գնողունակության պակաս ամբողջ աշխարհում կա, սակայն նշենք, որ էլեկտրոնային գրքի վաճառքը եւս չի աճել: Հատկանշական է, որ համացանցից ավելի արագ ես տեղեկատվություն գտնում քան գրքից, սակայն հին սերունդը չի համակերպվում այն մտքին, որ գիրքը կարելի է համացանցով կարդալ, ի տարբերություն նոր սերնդի»:
«Ազգը» զրուցեց նաեւ հաճախորդներից մեկիՙ Նարինե Նեքնեջյանի հետ, որը շատ գոհ էր ակցիայից. «Հասարակությունը, որը ֆինանսական պատճառով չի կարողանում ձեռք բերել իրեն անհրաժեշտ գրքերը, նման ակցիաների շնորհիվ հնարավորություն է ունենում գնելու»: «Ազգը» զրուցեց նաեւ վաճառողի հետՙ ցանկանալով տեղեկանալ, թե ինչ գրքերի պահանջարկ կա, եւ պարզ դարձավ, որ պահանջարկ է վայելում հատկապես ռուսերեն գեղարվեստական գրականությունըՙ դետեկտիվ, դրամա:
Հուսանք, որ այս խնդիրը կլուծվիՙ սերն առ գիրք: Սակայն ինչ էլ որ անենք, 21-րդ դարն իր գործն անում է, եւ որքան էլ փախչենք իրականությունից, միեւնույնն էՙ հայտնվում ենք համաշխարհային սարդոստայնում:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ