Հաշմանդամային սպորտն ավելի մեծ ուշադրության կարիք ունի
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը Լոնդոնում կայանալիք 14-րդ ամառային պարաօլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն ծանրորդուհի Գրետա Վարդանյանն ու լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը : Նրանք Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ, ՀՀ պարաօլիմպիական կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի հետ երեկ հյուրընկալվել էին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում:
Հակոբ Աբրահամյանը տեղեկացրեց, որ պարաօլիմպիական խաղերին այս անգամ մասնակցելու են ռեկորդային թվով մարզիկներ (մոտ 4200) 160 երկրներից, որոնք 20 մարզաձեւում վիճարկելու են օլիմպիադայի պարգեւները: Ընդ որում հաշմանդամ մարզիկները մրցելու են այն նույն մարզակառույցներում, որոնցում անցկացվել էին Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերը, բնակվելու են օլիմպիական նույն ավանում: Կրկին տեղի են ունենալու օլիմպիադայի բացման եւ փակման արարողություններ, վառվելու է կրակը:
Հայաստանի 6-հոգանոց մարզական պատվիրակությունը Լոնդոն է մեկնելու օգոստոսի 24-ին: Մարզիկների շքերթի ժամանակ հանրապետության դրոշը տանելու է Գրետա Վարդանյանը: Հակոբ Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ այս անգամ պետության եւ առանձին կազմակերպությունների կողմից հետաքրքրություն դրսեւորվեց պարաօլիմպիականների նկատմամբ: Խաղերի նախապատրաստության եւ մասնակցության համար պետբյուջեից հատկացվել է 5,8 մլն դրամ: Մարգարիտա Հովակիմյանն իր պարապմունքներն անցկացրել է «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում, որի ղեկավարությունը հոգացել է նաեւ նրա ծախսերը: Գրետային աջակցել է «Քլինլենդ» ընկերությունը, որի հովանավորչության շնորհիվ ծանրորդուհին բացի Գյումրիում մարզվելուց, վերջին ամիսներին պարապմունքներ է անցկացրել Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում:
Ըստ պարաօլիմպիական կոմիտեի նախագահի, մեր 2 մարզուհիներն էլ ներկայումս լավ մարզավիճակում են եւ կարող են հաջող հանդես գալ Լոնդոնում: Լավատեսորեն են տրամադրված նաեւ մարզուհիները: Գրետան նշեց, որ մարտականորեն է տրամադրված ու ամեն ինչ անելու է, որպեսզի այս անգամ մեդալով վերադառնա Հայաստան: Նշենք, որ Պեկինում նա անհաջողության էր մատնվելՙ 0 ստանալով: Գրետան 26 տարեկան է, ամուսնացած է, ունի 3 տարեկան դուստր: Նա երկու անգամ արծաթե մեդալի է արժանացել հաշմանդամային ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում: Նա սպիտակ քարտով է մասնակցելու պարաօլիմպիադային:
17-ամյա Մարգարիտան խոստովանեց, որ լողն իր սիրած մարզաձեւն է, որով արդեն 7 տարի զբաղվում է ու չի պատկերացնում կյանքն առանց դրա: Նա շատ ուրախ է, որ վերջապես պետք է մասնակցի պարաօլիմպիական խաղերին: Նշենք, որ մեր երկու մարզուհիներից Մարգարիտան օլիմպիական ուղեգիր է ձեռք բերել Ցինցինատիում անցկացված վարկանիշային մրցաշարում: Նա 100 մետրը բրաս լողաոճով հաղթահարել է 2 րոպե 17 վրկ-ում: Մարզումների ժամանակ Մարգարիտան ձգտում է բարելավել այդ ցուցանիշը: Նրա կարծիքով, եթե հաջողվի մրցատարածությունը հաղթահարել 1 րոպե 55 վրկ-ում, ապա հնարավոր է մեդալ նվաճել:
Հայաստանի հաշմանդամ մարզիկները 1996-ից են մասնակցում ամառային եւ ձմեռային պարաօլիմպիական խաղերին: Առայժմ մեր մարզիկներին մեդալ նվաճել չի հաջողվել: Լավագույն արդյունքը գրաված 4-րդ տեղն է: Նման արդյունք է ցույց տվել մեր լեռնադահուկորդը Նագանոյում եւ ծանրորդըՙ Ատլանտայում:
Հակոբ Աբրահամյանը նշեց, որ մեր հաշմանդամ մարզիկները մեծ ներուժ ունեն: Եվ եթե լինեին ֆինանսական ավելի մեծ միջոցներ, ապա հնարավորություն կլիներ մասնակցելու վարկանիշային ավելի շատ մրցումների: Օրինակ, առագաստանավային սպորտի շատ լավ թիմ ունենք, որը մարզումներն անցկացնում է Սեւանում: Պետբյուջեով ամեն տարի Հայաստանի պարաօլիմպիական կոմիտեին 3 մլն դրամ է հատկացվում հաշմանդամային սպորտի փառատոնն անցկացնելու համար: Այս տարի ՀԱՕԿ-ը 100-հազարական դրամ հատկացրեց պարաօլիմպիադային նախապատրաստվող մեր 2 մարզուհիներին: