«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2012-08-18 | #142, 2012-08-21 | #143, 2012-08-22


ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՄԻԱՅՆ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Չեխիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում առանց միավորի կորստի ընթացող հայ շախմատիստներից միայն Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տուրում շարունակեց հաղթարշավը: Նրա մրցակիցն Արամ Հակոբյանն էր, որը մինչ այդ 3 անընդմեջ հաղթանակ էր տոնել: 4 տուրից հետո Հայկը նույնքան միավորով Վան Նգուենի, Կասպեր Գրելայի եւ Կոնրադ Դրոզդովսկու հետ գլխավորում է մինչեւ 12 տարեկան շախմատիստների մրցաշարի աղյուսակը:

Մինչեւ 14 տարեկան տղաների մրցաշարում Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Վլադիսլավ Արտեմեւի հետՙ կորցնելով առաջին կես միավորը: Դրա հետեւանքով 4 շախմատիստներՙ Յան-Կրժիժտոֆ Դուդան, Ռադոսլավ Գայեկը, Մաքսիմ Վավուլինն ու Բենց Կորպան շրջանցեցին հայ շախմատիստին ու 4-ական միավորով գլխավորեցին աղյուսակը: 3-ական միավոր ունեն Գոռ Ալեքսանյանն ու Հրանտ Ալեքսանյանը:

4-րդ տուրն անհաջող էր մինչեւ 16 տարեկանների մրցաշարի առաջատարներից մեկիՙ Տիգրան Հարությունյանի համար, որը 3 անընդմեջ հաղթանակներից հետո պարտվեց Ավիթալ Բորուչովսկուն: Վերջինս Ռոգեր Մենգի եւ Կասպեր Դրոզդովսկու հետ 4 միավորով գլխավորեց աղյուսակը:

Հաջող են հանդես գալիս մեր ամենակրտսեր շախմատիստները: Մամիկոն Ղարիբյանը մինչեւ 8 տարեկանների մրցաշարում 4 տուրից հետո վաստակել է 3 միավոր: Նա հաղթեց Էռնեստ Միսիուկին: Մինչեւ 10 տարեկանների մրցաշարում էլ 3 միավոր ունի Շանթ Սարգսյանը, որն առաջին պարտությունը կրեց Անդրեյ Եսիպենկոյից ու զիջեց առաջատարի դիրքը:

Մինչեւ 18 տարեկան տղաների մրցաշարում Հովհաննես Գաբուզյանը հաղթելով Կոնստանտին Նիկոլոգորսկուն, վաստակեց 3,5 միավոր: Նա ընդամենը կես միավոր է զիջում ռուսաստանցի Վադիմ Մոիսեենկոյին:

Աղջիկների մրցավեճում Հայաստանի ներկայացուցիչներից առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Մարիա Գեւորգյանը: Նա 4-րդ տուրում հաղթեց Ամալիա Արանազին ու վաստակեց 3,5 միավոր: Աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Տատյանա Խլիչկովան եւ Աիսա Իմեեւան: Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող մեր մյուս շախմատիստուհինՙ Ջուլիետա Գրիգորյանն ունի 2 միավոր: Վատ հանդես չեն գալիս նաեւ Մարիամ Ավետիսյանը (մինչեւ 12 տարեկաններ) եւ Անի Հարությունյանը (մինչեւ 16 տ.), որոնք վաստակել են 3-ական միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4