Երեկ սփյուռքի նախարարությունում կայացավ հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին կառավարության անդամներ, մոտ 200 սիրիահայեր: Նախարար Հրանուշ Հակոբյանը , բացելով խորհրդակցությունը, ասաց. «Բոլորս էլ մտահոգ ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով ու ամեն պահ հետեւում ենք իրավիճակի զարգացումներին: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ սիրիահայերի հիմնահարցերը համակարգում է սփյուռքի նախարարությունը»: Նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համակարգում ու համապատասխան լուծումներ է առաջարկում կառավարության ստորաբաժանումներին: Նախարարը տեղեկացրեց, որ մոտ օրերս ստեղծվել է նոր համակարգող խումբ, որը բոլոր հիմնահարցերը կմշակի, կխմբավորի ու կներկայացնի:
Նախարարության աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը մանրամասնորեն անդրադարձավ սիրիահայերի բարձրացրած խնդիրներին եւ ասաց, որ հիմնականում հարցերի մեծ մասը կապված է վիզաների տրամադրման, աշխատանքի տեղավորման, բնակության ու կրթական ոլորտներին: «Արդեն 20 սիրիահայ ընտանիքներ դիմել են կացարանի համար ու ապահովվել են բնակարաններով: Այսօր 1700 սիրիահայեր, բացի հանգստի եկած երեխաներից, գտնվում են Երեւանում, եւ նրանց աշխատանքի ու կրթության հարցերով լուրջ աշխատանքներ են տարվել: Վիզաների երկարացման հարցը լուծված է, երկքաղաքացիության անձնագրերի տրամադրման ու երդման արարողությունն այսուհետեւ կկայանան Դամասկոսում գործող ՀՀ դեսպանատանը կամ Հալեպի հյուպատոսարանում», ասաց պրն Զաքարյանը: Պարզ դարձավ, որ 60 ընտանիք մշտապես բնակություն հաստատելու ցանկություն է հայտնել:
Խորհրդակցությանը մասնակցող սիրիահայերը առաջարկում էին Երեւանում մեկ հատուկ դպրոց բացել, քանի որ սիրիահայ աշակերտները դժվարություններ կունենան արեւելահայերենով ուսուցման պարագայում: Այդ հարցին նախարարը պատասխանեց, որ արդեն սիրիահայ երեխաների համար ամռանը կազմակերպվել է արեւելահայերենի արագացված դասընթաց Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում եւ սեպտեմբերի 1-ին 50 սիրիահայ աշակերտներ կհաճախեն դպրոց: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն հանդիպել են սիրիահայ 15 ընտանիքների 21 դպրոցականներին ու բոլորին տեղավորել իրենց ժամանակավոր բնակավայրին կից դպրոցներում ու մանկապատեզներում, որոնց եւ սնունդը եւ դասագրքերը կտրամադրվի անվճար: Իսկ ռուսաց լեզվի ուսուցման խնդիրը կլուծվի հատուկ ուսուցչի օգնությամբ լրացուցիչ պարապմունքների միջոցով:
Սիրիահայ մտավորական եւ մեր թերթի հոդվածագիր Հակոբ Միքայելյանը պահանջեց, որ հայաստանյան լրատվամիջոցները հավասարակշռված ու ստուգված նյութերով հանդես գան եւ ապակողմնորոշող, ստահոդ լուրերով էլ ավելի չսրեն առանց այն էլ սրված ու լարված իրավիճակը: Մեկ այլ սիրիահայՙ Վազգեն Մեսրոպյանը տեղեկացրեց, որ արդեն 100-ից ավելի դպրոցականներ ցանկություն են հայտնել սովորել հայրենիքում, եւ առաջարկեց մեկ հատուկ դպրոց բացել սիրիահայ երեխաների համար:
Հրանուշ Հակոբյանը հարցին պատասխանեց, որ նոր դպրոց բացելու կարիք չկա, քանզի սիրիահայ ուսուցիչները, ովքեր կցանկանանՙ կտեղավորվեն դպրոցներում , եւ նրանք էլ կդասավանդեն, իսկ բուհերում ուսանողների վարձավճարները ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հավասարեցվել են: Նախապատրաստական կուրսում սովորողների վարձը զեղչվել է 50 տոկոսով:
Սիրիահայերը դժգոհում էին, որ հարկային մարմինները նեղում են իրենց ու դժվարացնում բիզնեսի աշխատանքը, որի հետեւանքով շատ վնասներ ու տույժեր են կրում, հաճախ էլ փակում բիզնեսը ու հեռանում: Խորհրդակցությանը ներկա հարկային ծառայության ներկայացուցիչ պրն Բեգլարյանը հորդորեց հետեւել ծառայության էլեկտրոնային հասցեում տեղադրված նյութերին ու դրանցով առաջնորդվել, իսկ եթե կլինեն խնդիրներ, ապա զանգահարել թեժ գիծՙ (060) 54. 44. 44:
Հրանուշ Հակոբյանը հորդորեց գործընկերներ ընտրելուց ուշադիր ու մանրակրկիտ ուսումնասիրել դաշտը, որ չտուժեն ու հետո նեղացած հեռանան: Մեկ այլ դժգոհություն եղավ աշխատանքի տեղավորման եւ շատ ցածր աշխատավարձի մասին: Այդ հարցերին պատասխաններ տրվեցին զբաղվածության պետական ծառայության ներկայացուցիչները եւ խնդրեցին հարցեր առաջանալու դեպքում զանգահարել թեժ գիծՙ 80 00 20 10 հեռախոսահամարով կամ այցելել Զեյթուն թաղամասի Ուլնեցի 68 հասցեում գտնվող զբաղվածության ծառայություն: Իսկ ցածր աշխատավարձերի հարցը եւ տարբերակված աշխատավարձ սիրիահայերի համար սահմանելը օրենքի խախտում է, եւ օրենքը բոլորիս համար նույնն է:
Դոկտոր, օրթոպեդ Հրաչ Սիրավյանը առաջարկեց սիրիահայերի բուժումը անցկացնել անվճար հիմունքներովՙ հատուկ հիվանդանոցներում: Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը , պատասխանելով հարցին, ասաց, որ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողները կսպասարկվեն անվճար, իսկ վիրահատություններըՙ ընդունված կարգով: Իսկ հատուկ բուժհիմնարկ բացելու կարիք չկա, քանի որ յուրաքանչյուր սիրիահայ կարող է դիմել իր բնակավայրի պոլիկլինիկա եւ անվճար սպասարկվել:
Նշեմ նաեւ, որ մոտ օրերս Երեւանում կծնվի առաջին սիրիահայ մանչուկը եւ կստանա ՀՀ քաղաքացիություն:
Հաջորդ հարցը վարորդական իրավունքին էր վերաբերում, քանի որ սիրիական վարորդական գրքույկը ՀՀ-ում չի գործում: Այս հարցն էլ, ինչպես նշեց նախարարը, ճանապարհային ոստիկանության հետ լուծման ընթացքում է, եւ առանց քննության սիրիահայերին կտրվի նոր վարորդական իրավունքի փաստաթուղթ, եւ կառավարության առաջիկա նիստում այդ եւ մի շարք այլ խնդիրներ կստանան օրենսդրորեն լուծելու վերջնական որոշումներ:
Հրանուշ Հակոբյանը ամփոփելով խորհրդակցությունը շնորհակալություն հայտնեց Սիրիայի ՀԲԸՄ, ՌԱԿ, ՀՅԴ, Հնչակյան կուսակցություններին ու միություններինՙ սիրիահայերին աջակցելու, օգնելու եւ հովանավորելու համար: «Հայաստանը բոլոր հայերինն է, եկեք միասին լուծենք մեր խնդիրները: Միշտ հիշեք, ձեր ներկան է դրսում, ձեր անցյալը եւ ապագան այստեղ էՙ Հայաստանում», ասաց նախարարն ու եզրափակեց խորհրդակցությունը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ