Երեկվա մամուլը ծանուցեց, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները օրինական են ճանաչել ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների հունիսի 3-ի միավորիչ-հիմնադիր համագումարի բոլոր որոշումները եւ պաշտոնապես գրանցել Ռամկավար ազատական կուսակցությանը: Որպես համոզված ազատական ժողովրդավար եւ ինչ-որ տեղ ու ինչ-որ չափով այդ գործընթացի ակունքներում կանգնած անհատ, որոշակի թեթեւություն զգացի, յուրակերպ հանգստության հոգեվիճակ ապրեցի: Շարունակ մի միտք էր պտտվում գլխումսՙ ուրեմն անկախ ամեն ինչից, եթե նպատակասլաց ու հետեւողական աշխատես, կարելի է ինչ-որ բան անել, ինչ-որ բանի հասնել: Անհրաժեշտ է լոկ անուշադրության մատնել բամբասանքն ու անբարեհաճությունը, համոզել, համոզվել, ապացուցել ճշմարտացիությունդ:
Մեր արմատները հեռվից են գալիսՙ 1885 թվականից, երբ մի խումբ վասպուրականցիներ, թրծվելով Խրիմյան ու Փորթուգալյան Մկրտիչների հոգեւոր դարբնոցում, ստեղծեցին հայ իրականության մեջ առաջին եւ միակ հայրենածին Արմենական կուսակցությունը: Պատմության ելեւէջները, հասարակական, քաղաքական տեղաշարժերն իրենց դրոշմը թողեցին: Եղան գաղափարական նահանջներ ու վերելքներ, սակայն համաշխարհային շատ իզմերից նույնիսկ անտեղյակ արմենականներն իրենց որդեգրած հավատամքին անսասան մնացին. նրանք հստակ գիտեին մեկ բանՙ պայքարել հանուն հայրենիքի ու սեփական ժողովրդի մարդավայել ապրելու եւ պատրաստ էին զոհասեղանին դնել ամենաթանկն ու նվիրականըՙ կյանքը: Առհավատչյանՙ Վանի 1896թ. «Մեծ դեպքը», 1915թ. Վանի հերոսական ինքնապաշտպանությունը եւ զանազան մեծ ու փոքր այլ իրադարձություններ, որոնք մեր օրերում շարժում են շատ քաղաքական ուժերի խանդը:
Կուսակցության կյանքում շրջադարձային եղավ 1921 թվականը, երբ համախոհ մարդկանց, տեսական ու պրակտիկ դաշտում բազմիցս հերոսացած ու թրծված գործիչների համախմբման արդյունքում, վերամիավորվեցին, ըստ էության արմենականության գաղափարական անդաստանում սնված, սակայն տարբեր անուններ ու գործելակերպ որդեգրած քաղաքական ուժերը: Ծնվեց Ռամկավար ազատական կուսակցությունը, որն ստեղծված նոր պայմաններում նոր որակական աստիճանի բարձրացրեց, նոր պայմաններից ելնելով նոր գործելակերպ որդեգրեցՙ շարունակելով հաստատուն մնալ իր հավատամքին. անել ամեն ինչ ի բարօրություն եւ ի փառս հայ ժողովրդի:
Այստեղ ուզում ենք հատուկ ընդգծել, որ այնքան էլ ճիշտ չեն մեր այն մասնագետները, ովքեր տուրք տալով կոմունիստական գաղափարախոսության նշագծումներինՙ անպայման իզմեր ու սոցիալ-դասակարգային պայքար փնտրելով կյանքի բոլոր բնագավառներում ու պատմական բոլոր կեռմաններում, փորձում են չտեսնել այն օրգանական կապը, որ գոյություն ունի Արմենական եւ ՌԱ կուսակցությունների միջեւ: Թեկուզ միայն մեկ հանգամանք, որ արմենական նշանավոր բոլոր գործիչները դարձան սահմանադիր ռամկավարներ, իսկ վերջիններս էլՙ ռամկավար ազատականներ, արդեն իսկ խոսուն փաստ է: Իսկ որ նրանք գաղափարական ինչ-ինչ վերաձեւումների գործընթացով են անցել, դա ոչ ոք չի էլ ժխտել երբեւէ:
Ավելի քան յոթ տասնամյակ ՌԱԿ-ը գործում էր Սփյուռքում, անում էր ամեն ինչ ժամանակի հրամայականն իրական տեսնելու համարՙ բոլոր միջոցներով նպաստել հայապահպանությանը: ՌԱԿ-ն էր, որ չընդունելով կոմունիստական վարչակարգն ու նրա բռնատիրական գործելաձեւերը, Խորհրդային Հայաստանը հռչակեց հայության հայրենիքը եւ բոլոր միջոցներով նպաստեց նրա բարգավաճմանն այն հաստատ համոզումով, որ գալու էր երկար երազած ազատությունն ու անկախությունը:
1990-ական թթ. խոշոր տեղաշարժերը (ԽՍՀՄ-ի փլուզումը, ՀՀ անկախացումը, Արցախյան ազատամարտը, Սպիտակի ավերիչ երկրաշարժը) չէին կարող անտարբեր թողնել կուսակցությանը, նա չէր կարող դիտորդի կարգավիճակում հետեւել այդ դարակազմիկ գործընթացներին եւ 1991թ. եկավ Հայաստան: Օրինական գրանցում ստացավ ՀՌԱԿ անվամբ, լծվեց հայրենիքի շենացման գործին:
Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդն իր էությամբ ավելի կողմնակից է խաղաղ, աստիճանական (էվոլյուցիոն) զարգացմանը, քան հեղափոխական ճանապարհներով վերափոխվելուն, ինչի հետեւանքով էլ ՀՌԱԿ-ն արագ քայլերով բազմացավ եւ խորհրդարանական մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցավ ՀՀ Գերագույն խորհրդում: Փաստ, որը խիստ անհանգստացրեց օրվա իշխանություններին ու սկսվեց...: Սկսվեց մի գործընթաց, մի ավերիչ փոթորիկ, ՀՌԱԿ-ը ոչ միայն ամբողջովին դուրս մղվեց քաղաքական գործընթացներից, այլեւ պառակտվեց եւ խիստ թուլացավ: Պառակտիչ այդ ավերածությունները եղան նաեւ ՌԱԿ-ի սփյուռքյան հատվածներում: Ամենազարմանալին ու զայրալիցն այն էր, որ գաղափարախոսական կամ գոնե գործելաձեւերի շուրջը որեւէ տարաձայնություն չկար: Միակ գործոնը որոշ անհատների անձնական, երբեմն չբավարարված ցանկություններն ու մղումներն էին, որոնք խիստ բացասական դերակատարություն էին ունենում:
Տարափեղկված այդ վիճակը չէր կարող անտարբեր թողնել առողջ ուժերին, իրենց կյանքն ու ապրելաձեւն այդ ուղուն նվիրած կուսակցականներին: Սկսվեց ու ծայր առավ պայքարի, համոզումների, վստահության, գալիքի նկատմամբ հավատ ներշնչելու եւ մոտալուտ հաղթանակին չկասկածելու գործընթաց, որի արդյունքում այսօր ունենք նախ մարդկային, հոգեկան միասնական թիմ, ապա նաեւ իրավաբանական գրանցում ստացած, վավերացված ՌԱԿ: Ունենք նաեւ այն համոզումը, որ տեւական ժամանակից ու տարափոխիկ հիվանդություններից առողջացած կուսակցությունը նոր ու նորովի կլծվի իր պատմական առաքելությանՙ ի նպաստ հայ ժաղովրդի լուսավոր ապագայի, պատվաբեր ու պարտավորեցնող խաչը կրելուն:
Ցավոք, Սփյուռքում միավորման գործընթացը դեռ չի ավարտվել, կան հատվածներ, որոնք ինչ-ինչ պատճառներով համախմբված չեն, կան էական եւ երկրորդական հարցեր, որոնք խոչնդոտում են առողջացման գործընթացին: Ամենահիմնական խոչնդոտը դարձյալ որոշ անհատների ու խմբերի հավակնոտությունն է, անփոխարինելիության ինքնահամոզումը եւ դրանից բխող հարցերի լուծմանը ոչ կառուցողական մոտեցումները: Շուտով Լիոնում նախատեսվում է կուսակցության համագումար անցկացնել: Իսկ որքանով է այն լիարժեք ու ամբողջական, երբ Հայաստանի ՌԱԿ-ը հրավիրված չէ այդ ժողովին, երբ հայության ամենամեծ ու ամենակարեւորՙ հայրենիքյան հատվածը ներկայացված չի լինելու: Այդ դեպքում ինչ հարցեր ու խնդիրներ է կոչված լուծելու համագումարը, եթե նրա քննարկելիք հարցերի շրջանակներից պիտի բացակայեն հայրենիքյան ու արցախյան խնդիրները, համազգային նշանակության հարցերը, որոնք կարող են քննարկվել եւ իրատեսական ու ամբողջական լուծումներ ստանալ բացառապես մեր ներկայացուցիչների մասնակցության դեպքում: Տեղյակ եմ, Հայաստանյան հարց քննարկվելու է, իսկ արդյոք էթիկայի նորմերը թո՞ւյլ են տալիս քննարկել հարց մեկի մասինՙ ով ներկա չէ, արդյոք դա բամբասանքի նման քննարկում չի՞ դառնա:
Հարցեր ու հարցականներ շատ կան, բոլորը հավանաբար կարիք չկա բարձրաձայնելու: Դեռ ժամանակ էլ կա իրավիճակը շտկելու, կամուրջներն ամրացնելու: Մի բան, որին անուղղելի լավատեսս հավատում եմ: Իսկ բոլոր դեպքերում շարունակում եմ հավատալ, որ համախմբումը կշարունակվի, որ լիոնյան համագումարը կդառնա այն յուրահատուկ փորձաքարը, որի հենքի վրա կկառուցվեն ՌԱԿ-յան ապագա բոլոր գործընթացները սփյուռքում: Համոզված եմ, որ դա շատերի ցանկությունն է, միայն թե պիտի լիներ մեկը, ով կբարձրաձայներ այս ամենը, կխնդրեր ու կպահանջեր նաեւ, որ ինքնակազմակերպվենք, զուլալվենք, որ ապագայում որպես միասնական թիմ, կարողանանք դիմագրավել աշխարհի հզորների կողմից մեզ նետված մարտահրավերներին:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ՌԱԿ ատենադպիր, պգթ