«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2012-08-21 | #143, 2012-08-22 | #144, 2012-08-23


«ՍՊԱՆՎԱԾ PKK-ԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԱԾՎԻ «ՇԱՆՍԱՏԱԿ» ԱՐՎԵՑ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ»

Էրզրումում հայտարարել է Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորը

Գազիանթեպի պայթյունը PKK-ի դեմ երկրով մեկ հիստերիա առաջացնելու արդյունավետ միջոց է դարձել թուրքական իշխանությունների համար: Նրանց նկրտումներին սիրահոժար տուրք են տալիս կենտրոնական թերթերը, ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքական գործիչները: Այդ գործիչներից թերեւս պետք է առանձնացնել վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության Էրզրումի պատգամավոր Մուհյեթդին Աքսաքին:

Ռամադանի տոնի առթիվ, ինչպես օգոստոսի 21-ի համարում նշել էր «Էվրենսել» կայքէջը, Աքսաքը մեկնել է Էրզրում, որտեղ, մասնակցելով «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության քաղաքային վարչության կազմակերպած միջոցառմանը, ելույթ է ունեցել: Ելույթում նա խոսել է 200 PKK-ականի սպանության մասին, ապա եւ ավելացրել. «Սրանց համար օգտագործվում էՙ «չեզոքացվեց» արտահայտությունը: Մինչդեռ պետք է ասելՙ «շանսատակ արվեց»: Եթե ուշադիր լինեք, ապա կտեսնեք, որ սրանք «ծախու ապրանք» են, կամ «կրոնափոխ հայի» վաստակ, կամ էլ Սիրիայից եւ Իրանից մեր երկիր ներթափանցած «տականք» են: Խոսքերս մեր քուրդ եղբայրներին չեն վերաբերում: Մենք նրանց զանազանում ենք PKK-ականներից»:

Ի դեպ, զինծառայողի սպանության դեպքում հանրայինի գլխավորությամբ թուրքական հեռուստատեսություններն օգտագործում են «նահատակվեց», իսկ PKK-ականիՙ «չեզոքացվեց» արտահայտությունը: Աքսաքի խոսքերին բուռն հակազդեցությամբ արձագանքել են «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Մուշի պատգամավոր Սըրրը Սաքըքն ու համանուն խմբակցության ղեկավարի տեղակալ, Բինգյոլի պատգամավոր Իդրիս Բալուքենը:

Սաքըքը դիմելով Աքսաքին, ասել է. «Դու պետք է ամաչես, անարգում ես հանգուցյալներին: Դա անհամատեղելի է մարդկության եւ իսլամի հետ: Քո արածը շովինիզմ էՙ ֆաշիզմ: Այսուհետեւ քրդերի մասին արտահայտվելիս «եղբայր» բառը չօգտագործես: Նրանք քո եղբայրության կարիքը չունեն, ոչ էլ քեզ հանդուրժելու համբերություն»:

Ինչ վերաբերում է Բալուքենին, ապա նա ավելացրել է. «Այդ խոսքերը մեր կուսակցության Լինչի դատաստանի ենթարկելու «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության մտահղացման դրսեւորումներն են: Ցավալի է, որ այն արարածները, որոնք պահանջում են «սատկեց» բառը գործածել հանգուցյալների հանդեպ, նույնիսկ զուրկ են անասնական բնազդից: Մարդու կերպարանք ստացած այս ճիվաղների հետ միեւնույն օդը շնչելն անգամ սարսափելի է»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4