«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2012-08-21 | #143, 2012-08-22 | #144, 2012-08-23


ՀԱԼԵՊԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԵՐԸ ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՑ

Վերջիններս այլազգի վարձկանների նոր համալրում են ստացել

Սիրիական բանակի զինծառայողները երեկ վաղ առավոտյան «զինված ելուզակախմբերից» մաքրել են Հալեպի քրիստոնեական թաղամասեր Թիլալը եւ ՋդեյդԵն, որոնք քաղաքի պատմական կենտրոնի մոտակայքում են, Հայոց ազգային առաջնորդարանին անմիջական հարեւանությամբ: Ծայրամասերից քաղաքի այդ շրջաններ թափանցած գրոհայինների դեմ բանակի կատաղի մարտերը տեւել էին ամբողջ երկու օր, հաղորդում է Սուրիա ալ Էն գործակալությունը:

«Ֆերհաթ» հրապարակի շրջանում նախօրեին ոչնչացվել էին «տասնյակ ահաբեկիչներ եւ վարձկաններ», առգրավվել էին զենք եւ պայթուցիկներ: Թաղամասերի ազատագրման ընթացքում կանխվել էր ռումբի պայթյունը Խաթթաբ հրապարակում: Գործակալության տվյալներով, գերի են ընկել ահաբեկիչների հինգ պարագլուխներ, որոնք ղեկավարում էին հարձակումները զինվորական պահակակետերի վրա:

Կառավարական զորքերը զինված ապստամբների դեմ գործողությունները շարունակում են Սեյֆ ադ Դաուլա, Հեյդարիա եւ Մասակին-Հաննանո թաղամասերում: Այնտեղ գրոհայինները դուրս են մղվել իրենց զավթած մի շարք դպրոցներից, ոստիկանական տեղամասերից եւ պետհիմնարկներից: Հալեպի մատույցներումՙ Անադանում, Աազազում եւ Հարեյթանում օդային հարվածներ են հասցվում խռովարարների կրակակետերին: Ոչնչացվել է Թուրքիայի սահմանի կողմից Սիրիա մտած եւ խոշոր տրամաչափի գնդացիրներով զինված ջիպերի մի շարասյուն:

Ֆրանսպրես գործակալության տվյալներով, վերջին մեկ օրում Սիրիայում սպանվել է 128 մարդ, որոնցից 81-ը խաղաղ բնակիչներ են:

Բրիտանական «Ինդիփենդենթ» թերթի թղթակից Ռոբերտ Ֆիսքը Սիրիայից հաղորդում է, որ ապստամբների շարքերը անընդհատ համալրվում են օտարերկրացի վարձկաններով: Բանակային աղբյուրներ վկայակոչելով, նա նշում է, որ ապստամբների հետ կողք կողքի մարտնչում են թուրքեր, չեչեններ, աֆղաններ, լիբիացիներ, սուդանցիներ: Նա պատմում է, որ անձամբ տեսել է ապստամբներից կառավարական ուժերի առգրաված զինատեսակները: Դրանց մեջ կան ռուսական եւ խորհրդային զենքեր, ինչպես նաեւ իսպանական ատրճանակներ, բելգիական ինքնաձիգներ, շվեդական պայթուցիկ եւ անհայտ ծագումով ձեռքի նռնակներ:

Բացի դրանից, ապստամբների ջոկատները ունեն իրենց երթային հոսպիտալները, որոնցում նույնպես օգտագործվում են օտարերկրյա արտադրության դեղամիջոցներ եւ նյութեր:

Ֆիսքի տվյալներով, Հալեպի կենտրոնը սիրիական բանակի վերահսկողության տակ է, սակայն ծայրամասերում մարտերը շարունակվում են, ըստ որում ապստամբները օգտվում են նաեւ դիպուկահարների ծառայություններից:

Բրիտանական «Գարդիան» թերթի լրագրողներից մեկը օգոստոսի 21-ին ավստրալական ռադիոյին տված հարցազրույցում պատմել էր, որ արտերկրից Հալեպ են հասել լավ վարժեցված եւ զինված իսլամիստ գրոհայինների ջոկատներ տարբեր երկրներից: Այդ վարձկանների մեջ, ի թիվս այլոց, կան չեչեններ եւ ուզբեկներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4