«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2012-08-21 | #143, 2012-08-22 | #144, 2012-08-23


ԷԼՉԻԲԵՅԻ «ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ» ՇՈՒՐՋԸ ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՆՈՒՄ ԵՆ

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Բաքվի քաղաքային դատախազությունը Հիքմեթ Հաջիեւի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել` «Աբուլֆազ Գադիրգուլի օղլի Ալիեւի (Էլչիբեյի) հանդեպ թունավորման միջոցով մահափորձ կազմակերպելու, որից հետո նա մահացել է, փաստի իսկությունը պարզելու»: 2004թ. day.az-ին տված հարցազրույցում Հաջիեւը Էլչիբեյին թունավորած լինելու մեղադրանք ներկայացրել է Իսա Ղամբարովին: Մինչդեռ դատախազությանը տված հաղորդման մեջ նա «մահափորձ կազմակերպելու» մեղքը բարդել է Ալի Քերիմլիի վրա:

Obyektiv.tv-ին տված հարցազրույցում Քերիմլին այդ մեղադրանքը համարել է «աբսուրդ»: Նա ասել է, որ Էլչիբեյի ընտանքն ունի հանգուցյալի հիվանդության էպիկրիզը եւ գիտի, թե ինչից է նա մահացել: Էլչիբեյն, ի դեպ, մահացել է 2000թ. օգոստոսի 22-ին` Անկարայի «Գյուլհանե» ռազմաբժշկական ակադեմիայով: Ալի Քերիմլին, առանց մանրամասնելու, ընդգծել է, որ «մահվան պատճառը օնկոլոգիական հիվանդությունն է եղել»:

Contact.az-ին հաջողվել է կապ հաստատել ներկայումս մշտապես Թուրքիայում ապրող` Էլչիբեյի մտերմուհի Խանում Խալիլովայի հետ: Վերջինս պատմել է, որ Էլչիբեյը տառապել է «շագանակագեղձի չարորակ նորագոյացությամբ»: Ընդ որում, ըստ Խալիլովայի, երբ այդ մասին հայտնի է դարձել, Էլչիբեյը պետք է տեղափոխվեր եւ բուժում ստանար Թուրքիայում, սակայն Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը չի արտոնել նրա մուտքը` «զգուշանալով, որ երկու երկրների հարաբերությունները դրանից կտուժեն»: Խանում Խալիլովայի ասելով, դա ծանր, գրեթե ճակատագրական նշանակություն է ունեցել, քանի որ երբ ի վերջո նրա մուտքը Թուրքիա արտոնվել է, եւ բուժզննումն անցկացվել, «բժիշկները պարզել են, որ հիվանդությունը չափազանց սրված է, եւ վիրահատական միջամտությունը` ուշացած»: Խալիլովան ասել է, որ միայն չափազանց մեծ համառությունից հետո է, որ Էլչիբեյին հաջողվել է տեղավորել «Գյուլհանե» ռազմաբժշկական ակադեմիայում: Մինչ այդ նրա բուժումն իրականացվել է Անկարայի քաղաքային հիվանդանոցներից մեկում` «ընդհանուր կարգով»:

Թերեւս այդ պատճառով է, որ Ալի Քերիմլին ասել է, որ «եթե Էլչիբեյին սպանել են, ապա դա արել է Հեյդար Ալիեւը, որ նրան տնային կալանքի տակ էր պահում Քելեքի գյուղում եւ արգելում էր մեկնել արտասահման` բուժվելու»: Երեկ Ադրբեջանի ընդդիմադիր «Հանրային պալատ» կառույցի ղեկավարները եւ մի քանի հարյուր մարդ այցելել են Էլչիբեյի գերեզմանին: Ընտանիքի անունից մամուլի հետ շփվել է նրա փեսան, որն անբարոյականություն է որակել առանց ընտանիքի դիմումի Էլչիբեյին «թունավորելու փաստով» քրեական գործի հարուցումը: Հանգուցյալի եղբայրը, մինչդեռ, պնդել է, որ կուզենար իմանալ «մահվան իսկական պատճառը»:

Այս առթիվ «Պոլիգոն» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի մեկնաբանը կասկած է հայտնել, որ Էլչիբեյի «ծերացած եղբայրը հավանաբար կուլ է տվել իշխանությունների նետած խայծը»: Եթե քրեական գործի վարույթը լրիվ ծավալով ընթանա, ապա բացառված չէ, որ կայացվի Էլչիբեյի դիակը արտաշիրմելու որոշում: «Եթե դա տեղի ունենա, ապա կլինի ոչ թե Էլչիբեյի, ապա մեր բոլորի ողբերգությունը», իրավիճակն այսպես է գնահատել «Թուրան» գործակալության մեկնաբանը: «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին կարծում է, որ «Ալիեւներին եւս հինգ տարի երկիրը կառավարել թույլ չտալու հարցում պետք է ձեւավորվի հանրային կոնսենսուս, սկսվի հուժկու շարժում: Դա կնախաձեռնեն Էլչիբեյի դպրոցի շրջանավարտները»: Այսպես ասելիս նա նկատի ունի առաջին հերթին երեւի իրեն, քանի որ եղել է Էլչիբեյի տեղակալը, երբ վերջինս էր ղեկավարում ԱԺՃ-ն: «Էլչիբեյի մահվան շուրջը իշխանությունը եւ ընդդիմությունը լուծում են իրենց խնդիրները, դա ամոթալի է»,- արձանագրել է pia.az.ը:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4