Խորհրդային կարգերի ժամանակ հատկապես ինքնություն ունեցող անհատներին, ի թիվս այլ բաների, խեղդում էր կեղծիքը: Մարդիկ նույնիսկ միմյանց հետ հաճախ անկեղծ չէին, իսկ աշխատավայրերի մթնոլորտը մի առանձին պատմելու բան է` կեղծ, տրաֆարետ, ցուցափեղկային մտքեր ու վերադասի պահանջներ, ինչ-որ նպատակների ու գաղափարախոսության մասին երեսպատական խոսակցություն` «պիտիմինուտկաներում» ու ժողովներում, որն անմիջապես գլխիվայր էր շուռ գալիս տներում, սրճարաններոււմ հավաքվող մարդկանց, ընկերախմբերի մեջ, ուր այդ բոլորի վերաբերյալ այնպիսի սպանիչ անեկդոտներով էին մարդիկ սիրտ հովացնում, որոնք պատմելն այսօր էլ ծիծաղ է հարուցում:
Սակայն մեր այժմյան կյանքը նույնպես բավական հագեցած է կեղծիքի բավական մեծ դոզաներով` այս ու այն ոլորտում ազգովին սովորել ենք իմիտացիա անել, որն ի վերջո ոչ մի լավ տեղ չի կարող տանել մեզ, իսկ բոլոր նորմալ մարդիկ երկրի ու պետականության, հայ մարդու դեմքին կուզեին քսված չլիներ կեղծիքի ու իմիտացիայի գույնից:
Վերցրեք կիրակնօրյա գյուղատնտեսական շուկայի գաղափարը, որի երկրորդն արդեն նախարարությունը թույլ է տալիս կազմակերպել: Սակայն մեծ հաշվով երկու շուկան ոչ մի խնդիր չի լուծում: Այցելելով շուկա` ես, սովորական հայ սպառողս տեսնում եմ, որ այնտեղի գները տարբեր չեն մեծ սուպերմարկետների գներից, ու ինձ համար այլեւս մեկ է` սուպերմարկետում կգնեմ 120 դրամով դեղձ, թե շուկայում: Բայց եւ` հո չե՞ս վերկենա ու Ավան-Առինջից հասնի Տաշիրի հարեւանությամբ շուկա կամ Կասյան փողոց` ինչ- որ բան գնելու: Այդ շուկաներն իմաստ կունենային, եթե ամեն համայնքում դրանցից գոնե մեկ-երկուսը լինեին: Սա սպառողի համար գուցե մի բան նշանակեր, այլապես երկու շուկա ստեղծելը ցուցափեղկ է, իմիտացիա, թե գյուղատնտեսական շուկա ենք ստեղծում` գյուղացու ու սպառողի մասին մտածելով: Ու հիմա այնքան սպառողի մասին չեմ մտածում սա գրելով, որքան գյուղացու, որը 40 դրամով դեղձ է հանձնում մթերողին, Լֆիկին, մյուսներին, վերջիններս էլ եռակի ավելի գնով ծախում-շահում են ու գյուղացին դարձյալ մնում է ձեռնունայն: «40 դրամով ինչի՞ դեղձ հանձնեմ, իսկի փոխադրման բենզինի գինը չի հանում, օղի կանեմ», դառնանում է գյուղացին: Այսինքն` ի՞նչ, մենք ձեւ արեցինք, թե` գիտեք, երկո՜ւ գյուղատնտեսական շուկա ենք ստեղծել ժողովրդի համար եւ պահանջով, մի տեսեք ինչ լավ քաղաքային իշխանություն ենք: Ասել է` ցուցափեղկը կա, ուզածներդ էլ ի՞նչ է:
Իսկ մենք առաջ էլ բերել ենք ու հիմա էլ բերում ենք գերմանական մեծ քաղաքների օրինակը, որտեղ կիրակնօրյա տոնավաճառային առեւտուրը պարզապես շատ տարածված է` որպես օգնություն ֆերմերին ու նվազ ապահովված սպառողին: Ուրեմն եւ իմիտացիա չէր լինի այն դեպքում, եթե օգոստոսի 15-ից հոկտեմբերի 15-ը կիրակնօրյա մշտական գյուղատնտեսական շուկաներ գործեին ողջ Երեւանի, ինչու չէ` նաեւ մյուս քաղաքների տարածքում, ու միրգ բանջարեղենի յուրաքանչյուր կիլոգրամի 100-200 դրամը ոչ թե լֆիկները աշխատեին այդ երկու ամիսը գոնե (նրանք գյուղմթերքով իրենց գումարները թող վաստակեն տարվա տասը ամիսը` ինչ կլինի որ), այլ գյուղացին, ու չէր հեռանա երկրից: Թե չէ` իսկական իմիտացիա է ստացվում::
Նույն կերպ սաստիկ է քաղաքական իմիտացիան: Երբ ամեն ինչ որոշում են մի քանի մարդ, էլ ընդհանրապես էլ ո՞ւմ են պետք կուսակցությունները, նրանց բազմաթիվ կառույցները, քանի որ ամենապստիկ հարցից սկսած ոչ թե կոլեկտիվ որոշում է կայացվում, ինչպես կուսակցության գաղափարի մեջ է դրված, այլ վերին որոշումների պարտադրում: Առաջին -երկրորդ դեմքերը ինչ որոշեն, այդ էլ բազմահազարանոց այս կոնգլոմերատները վճռում են, էլ չասենք, որ ընտրություններն ընդհանրապես ամբողջովին իմիտացիա են: Երբեմն այն աստիճանի, որ հիշում ես սովետի տրագիկոմեդիան:
Կամ անվճար բուժօգնության առասպելը: Անվճար ծննդօգնության մասին լսած ապագա մայրը, հայտնվելով հիվանդանոցում, կանգնում է այն փաստի առաջ, որ անվճար ծննդաբերության բուն փաստին զուգահեռ վճարովի ծառայություններով այնպիսի մի կլպում է իրականացվում (ասենք` ամեն հարազատ պետք է 2 հազար դրամ վճարի, որ բարձրանա հիվանդի մոտ, այս կամ այն դեղամիջոցը կամ պարագան գնի-բերի, քանի որ հիվանդանոցը չունի եւ այլն), ու այնումենայնիվ «շնորհակալության» գործընթացի թաքնված բազմաթիվ ձեւերն են հմտորեն գործադրվում, որ օր եւ ժամ առաջ տուն գնալը դառնում է իդեա-ֆիքս:
Մեր կյանքում շատ բան է իմիտացիա` կաշառակերության եւ ստվերի դեմ պայքարը, այս կամ այն տրամաչափի ղեկավարի պահանջկոտ հանդիպումները ոլորտների աշխատակիցների հետ, որտեղ պաթոսով խոսք է գնում բարեփոխումների, բյուրոկրատական քաշքշուկը նվազեցնելու մասին, սակայն ամեն ոք կարող է քմծիծաղ տալ, քանի որ ե՛ւ ասողը, ե՛ւ լսողը գիտեն` այդ բոլորը ձեւ է, ցուցափեղկ եւ կյանքի իրողություններին չի համապատասխանում:
Իմիտացիան մեր կյանքի ուղեկիցն է: Եվ այն մեզնից հեռացնելու համար մեզանից ամեն մեկը պետք է համարձակվի չհանդուժել կեղծիքը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ