Հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքը վերջին 20 տարիներին ձեռք բերեց մի ախտանիշ, որից ձերբազատվել ոչ մի կերպ չի կարողանում: Ավելին, իրար հաջորդող իշխանությունները ոչ միայն ամեն ինչ չարեցին հասարակական այս չարիքից ձերբազատվելու համար, այլ նաեւ սկսեցին ստեղծել սեփական օգտագործման չարիքները, որոնք քաղաքական պայքարի այս կամ այն հանգրվանում դառնում են իրենց աթոռները պահելու իսկական առհավատչյա: Երբ 90-ականների սկզբին Հայաստանում հայտնվեցին առաջին ոչ պետական «կոլոննաները»ՙ իրենց ջիփերով, հաստավիզ «ախռաննիկներով», կրիմինալ ու տնտեսական լծակների որոշակի բաժանումներով եւ քվոտավորված բիզնեսներով, բոլորը սկսեցին խոսել մեր երկրում նոր դասի առաջացման մասինՙ ի հայտ եկան օլիգարխները: Նկատենք, սակայն, որ 90-ականներին այդ կոչմանն արժանացան առավելապես ռազմականացված կերպարներըՙ մորուքներով, Ղարաբաղում կռված ու այնտեղից արդեն իրենց փառքին ու զինվորական ուժին տիրապետող անձինք, ովքեր, վերադառնալով Հայաստան, սկսեցին զբաղվել բիզնեսով, ավելի ճիշտՙ այն ամենով, ինչով հնարավոր էր զբաղվել 90-ականների Հայաստանում: Իշխանությունն էլ, իր հերթին, ոչ միայն չփորձեց պայքարել մարդկանց այս խմբավորման դեմ, այլեւ շատ արագ հասկացավ, որ հենց նրանց միջոցով կարող է պահպանել այն հասարակական դիրքը, որին հասել էր ժողովրդական շարժման շնորհիվ:
Աստիճանաբար, սակայն, ռազմականացված օլիգարխիային եկավ փոխարինելու տնտեսականՙ մականունավորների օլիգարխիան, որ ուներ ոչ միայն ռազմական ուժ (թիկնապահների գումարտակներ), այլ նաեւ ավելի ընկալելի էր կրիմինալ դաշտում: 2000-ականներին տնտեսական օլիգարխիան, որի հիմնական մասը կազմում էին նախկինում կրիմինալ անցյալ ունեցող եւ 90-ականների ամենաթողության հետեւանքով առաջին միլիոնները վաստակած անձինք, սկսեց զբաղվել քաղաքականությամբՙ սեփական հարստությունն ու ազդեցությունը պահպանելու համար: Սկսվեց մականունավորների ակտիվ մուտքը խորհրդարանՙ նրանք ընկալելի դարձան ժամանակի բարձրագույն իշխանության համար, սկսեցին զբաղվել ավելի նորարար բիզնեսովՙ ձեռք բերելով միլիարդների հասնող մենաշնորհներ: Այստեղ էլ արդեն կրիմինալ, քաղաքական եւ տնտեսական հնարավորություններ ունեցող անձինք սկսեցին չբավարարվել միայն եւ միայն պատգամավոր դառնալովՙ հայտ ներկայացվեց մտնել ռեալպոլիտիկ: Ընդ որում, օլիգարխների միջեւ ձեւավորվեց որոշակի սուբորդինացիոն համակարգ: Ինչքան էլ նրանցից շատերը չսիրեին միմյանց, գիտակցում էին, որ բաց առճակատման չպետք է գնալՙ ունեցածը տանուլ չտալու ու Հայաստանը որպես սեփական բոստան պահպանելու համար: Ունենալով չհայտարարված հարկային արտոնություններ, իրենց բիզնես գործունեության համար պետական բյուջե վճարելով կոպեկներՙ օլիգարխները շատ շուտ հասկացան, որ ուղղակի անհրաժեշտ է զբաղվել սեփական քարոզչությամբ: Սկսվեց միլիոնավոր դոլարների մուտքը դեպի նրանց նախընտրական շտաբներ, վերջիններս որդեգրեցին «բարեգործի», «ժողովրդի հոր» կերպարները, որոնք ուժեղ էին, սակայն նաեւ «արդարադատ»: Աստիճանաբար նրանցից շատերն իրենց թաղերում ունեցան «պետություն պետության մեջ» կարգավիճակ: Պետական ինստիտուտները, եթե նրանք չցանկանային, ոչ մի կերպ չէին գործում ազդեցության նրանց տիրույթներում: Ոստիկանությունը, պետական ուժային մարմինները դարձել էին նրանց կալվածքներում ընդամենը խամաճիկային գործիքներ, ովքեր միայն եւ միայն դակում էին օլիգարխների որոշումները: Իշխանական բարձրագույն մարմիններն էլ հանգստությամբ էին ընդունում առկա բեսպրիդելը , քանի որ նախ այդ բարիքներից իրենք էլ էին օգտվում, հետո էլ հասկանում էին, որ օլիգարխները պատրաստ են գնալ ցանկացած քայլիՙ իրենց աթոռները պահելու համար, քանի որ հենց դրանց միջոցով էին վաստակել այն սեւ միլիարդները, որոնց մասին ժողովրդական բանահյուսություն եւ լեգենդներ էին պտտվում: Խուսափելով միլիոնների հասնող հարկերից, օլիգարխները սկսեցին հասարակության մեջ ձեւավորել այնպիսի կարծիք, թե իրենք հարկ չեն վճարում, սակայն դրա փոխարեն օգնում են մարդկանց, նրանց ձեթ, շաքարավազ կամ կարտոֆիլ տալիս` ժողովրդին բաժանած փշրանքները ներկայացնելով համարյա թե մեսիայի վերադարձ: Նրանց սպասարկող լրատվամիջոցները, լրագրողները օրնիբուն ռեպորտաժներ են պատրաստել ու պատրաստում կիսաստվածային պատրոնների մասին, ովքեր միայն եւ միայն մտածում են ժողովրդի, մարդկանց մասինՙ անտեսելով սեփական բարեկեցությունը:
Իրականում, սակայն, տարրական մաթեմատիկական հաշվարկը ցույց է տալիս, որ օլիգարխների իրականացրած «բարեգործության» եւ չվճարված հարկերի, ինչպես նաեւ ձեւավորած մենաշնորհների գումարները ոչ մի ընդհանուր կապ չունեն իրար հետ: Վերջիններս գործում են մանր ժուլիկի հոգեբանությամբՙ տալիս են տասը դրամՙ դրա փոխարեն վերցնելով տասը հազարը: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանում առանց օրենքի խախտումների, արյան, հնարավոր չէ միլիարդներ վաստակել, իսկ կրիմինալ ճանապարհով, արյունով վաստակած փողերը չեն կարող բարեգործության ծառայել: Հայաստանում սոցիալական ծանր վիճակը, տնտեսական անկայունությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները կոտնահարվեն այնքան ժամանակ, քանի դեռ կա օրենքից դուրս հայտարարված մարդկանց մի խմբավորում, որը Հայաստանը դիտարկում է իբրեւ կթու կով, իսկ Հայաստանի քաղաքացիներինՙ ռայաներ, ստրուկներ, ովքեր միայն պետք է մտածեն օրվա հացի մասին, իսկ մնացածն իրենցն էՙ ժառանգներինը, ազգուտակինն ու թիկնապահներինը:
ՎԼԱԴԻՄԻՐ Ֆ. ՊՈՂՈՍՅԱՆ