Երեկ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հանդիպեց լրագրողների հետ եւ անդրադարձավ Հայաստանում գործող մանկապարտեզներում ու դպրոցներում առկա խնդիրներին, ցարդ կատարված աշխատանքներին:
Երբ Երեւանի բոլոր մանկապարտեզները սկսեցին գործել անվճարՙ երեխաների ընդունելության թիվը շոշափելի դարձավ, սակայն տեղերի սղության պատճառով ոչ բոլորը հնարավորություն ունեցան ընդունվելու մանկապարտեզ,- ասաց Գ. Սողոմոնյանը եւ հավելեց, որ քաղաքապետի հանձնարարությամբ տարվա ընթացքում նախադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվեցին սննդի կազմակերպման ուսումնասիրություններ, աշխատանքից ազատվեց մանկապարտեզի տնօրեն, մի շարք նկատողություններ արձանագրվեցին տարբեր մանկապարտեզներում:
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է նաեւ մանկապարտեզների շենքերի վիճակը, որոնցից շատերն այդքան էլ բարվոք վիճակում չեն, եւ 2012թ. ֆինանսատնտեսական զարգացման ծրագրում ընդգրկվեցին մի շարք մանկապարտեզներ, որոնցից 17-ում կկատարվի հիմնանորոգում, 5-ումՙ տանիքների վերանորոգում, իսկ 4 մանկապարտեզներում կկազմակերպվեն սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ:
Քաղաքապետի որոշմամբ առանձնահատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար մայրաքաղաքի շուրջ 6 դպրոցներում ստեղծվել են կենտրոններ, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպվում է ուսուցում: Գ. Սողոմոնյանն ասաց, թե քանի որ օր օրի ավելանում է հաշմանդամություն ունեցողների թիվը, այդ իսկ պատճառով էլ այս տարվա ընթացքում պատրաստվում են նոր կենտրոններ բացել:
Այն բոլոր դպրոցներին, որոնք ունեն կանաչ տարածք, քաղաքապետարանի կողմից բաժանվել են խոտհնձիչներ, ինչպես նաեւ ծաղիկներ եւ ծառեր: Գ. Սողոմոնյանն ասաց, որ արդեն սկսվել է դասագրքերի ստացման ու բաշխման գործընթացը, 1-4-րդ դասարանի բոլոր երեխաներին գրքերը կհանձնվեն անվճար: (Հուսանք, որ չենք կանգնի կոռուպցիոն ռիսկի առջեւ, դպրոցների տնօրենները ողջախոհ կլինեն ու առիթը չեն օգտագործի-Մ. Հ.): Այս տարի 7-րդ դասարանի ուսումնական պլանում ներառվել են կերպարվեստ եւ երաժշտություն առարկաները, իսկ գծագրություն առարկան 9-րդ դասարանի ուսումնական պլանից դուրս է եկել:
Քաղաքապետարանի կրթության վարչության պետը հավելեց, որ այժմ ընդունելություն են կազմակերպում Սիրիայից եկած մեր հայրենակիցների համարՙ Երեւանի Ստեփան Շահումյանի անվան համար 1 դպրոցում. «Տարբեր տարիքային խմբերի մի շարք մարդիկ ցանկություն են հայտնել հիմնավոր սովորելու արեւելահայերենը, եւ մեր ուսուցիչները ուսուցանում են, իսկ դպրոցահասակները դեռ մեր ուսումնական ծրագրով կաշխատեն, սակայն ամեն ինչ արվելու է, որպեսզի լեզվական բոլոր բարդույթները վերանան:
Շարունակելով ավանդույթըՙ այս տարի եւս քաղաքապետի հանձնարարությամբ սեպտեմբերի 1-ին բոլոր առաջին դասարանցիներին կնվիրեն պայուսակներ եւ գրենական պիտույք:
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանության համար նոր ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները տարբերվելու են նախորդ տարիներից նրանով, որ ոչ թե տասնօրյակ են կազմակերպելու, այլ միամսյակ, եւ ոստիկանության կողմից անմիջական հսկողության տակ են վերցվելու դպրոցամերձ բոլոր տարածքները:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ