Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երեկ Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետեւել է Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող շուրջ 1,6 հա տարածք զբաղեցնող հատվածում կառուցվող հանգստի նոր գոտու աշխատանքներին:
Տասնյակ տարիներ անխնամ մնալուց հետո Հանրապետական հիվանդանոցի հարակից այս տարածքը կորցրել էր իր նպատակային նշանակությունը: Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այն հանգստի գոտու վերակառուցելն ընդգրկվեց քաղաքապետարանի 2012թ. ծրագրերում: Արդեն աշնանը բնակիչներին կհանձնվի ջրավազանով, ժամանակակից խաղային ատրակցիոններով, հարմարավետ նստարաններով, փակ եւ բաց զրուցարաններով կահավորված հանգստի յուրօրինակ գոտին:
Հանգստի գոտու համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում կառուցվում են նոր մայթ-արահետներ, սալապատվում են փողոցների կողմից այգու մուտքերը տանող արահետները, ինչպես նաեւ անցկացվում է արտաքին լուսավորության նոր ցանց: Տարածքում գերակշիռ մաս կկազմեն կանաչ տարածքներն ու նոր սիզամարգերը, ինչի նպատակով ամբողջությամբ վերակառուցվում է ոռոգման համակարգը, ինչպես նաեւ շուրջ 3000 քմ ջրային մակերեսով քայքայված ջրավազանը:
Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ ծրագիրը շարունակական է եւ մյուս վարչական շրջաններում եւս նմանատիպ կենտրոններ կստեղծվեն: «Մենք հայտարարել էինք, որ Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջաններում պետք է ունենանք յուրօրինակ հանգստյան կենտրոններ: Աջափնյակ վարչական շրջանի կենտրոնն այս այգին է լինելու: Աջափնյակի բնակիչների կողմից վերջին 10 տարիների ընթացքում բարձրացվել էր այս հարցը, որ ունենան հանգստի գոտի-կենտրոն: Այս տարի մենք սկսեցինք աշխատանքներն ու արդեն հոկտեմբեր ամսին ամբողջությամբ կավարտենք ու կհանձնենք Աջափնյակի բնակիչներին», նշել է Երեւանի քաղաքապետը:
Ա. Մ.