«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2012-08-21 | #143, 2012-08-22 | #144, 2012-08-23


ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ՉՆՉԻՆ ԱՃ ՀՈՒՆԻՍԻՆ

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի հունիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14182 գործարք, ինչը 1,7 տոկոսով բարձր է մայիսի եւ 16,4 տոկոսով ցածրՙ 2011-ի հունիսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հունիսին մայիսի համեմատ աճել է 5,3 տոկոսով, իսկ անցյալ տարվա հունիսի համեմատՙ նվազել 12,2 տոկոսով: 3742 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 76,7 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարված անշարժ գույքի 37,4 տոկոսը բնակարաններն են, իսկ օտարման գործարքների քանակի 41 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 58,3 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի մայիսի համեմատ, հունիսին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 4,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատՙ 21,8 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հունիսին մայիսի համեմատ աճել ենՙ 0,8 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել (տես առաջին աղյուսակը).

Մարզերում, բացառությամբ Երեւանի, 2012-ի հունիսին վաճառվել են 315 բնակարաններ, որոնց քանակը մայիսի համեմատ աճել է 10,5 տոկոսով, իսկ 2011-ի հունիսի համեմատ նվազել 4,5 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները հունիսին մայիսի համեմատ մարզերում աճել են 0,7 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 153 հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` գրեթե 128 հազար դրամ, Արմավիրը` 118 հազար դրամ, Եղեգնաձորը` 116 հազար դրամ, Գորիսը` 115 հազար դրամ, Իջեւանը` 113 հազար դրամ, Աշտարակըՙ 112 հազար դրամ 1 քմ-ի դիմաց ցուցանիշներով:

2012-ի հունիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 411 գործարք, որից 125-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2012-ի հունիսին մայիսի համեմատ աճել է 2,5 տոկոսով, իսկ մարզերում` 8,3 տոկոսով: 2011-ի հունիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 4,2 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` մնացել է անփոփոխ: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի հունիսին մայիսի համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել (տես երկրորդ աղյուսակը).

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները հունիսին մայիսի համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո, ինչպես միշտ, Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը` 151 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 133 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 129 հազար դրամ, Գորիսըՙ 127 հազար դրամ, Ջերմուկը` 121 հազար դրամ, Իջեւանը ` 120 հազար դրամ, Բյուրեղավանըՙ 119 հազար դրամ 1 քմ-ի դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2012-ի հունիսին 2011-ի հունիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 14,4 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 29,3 տոկոսով:

2012-ի հունիսին մայիսի համեմատ վարձակալության գործարքները նվազել են 14,1 տոկոսով, իսկ 2011-ի հունիսի համեմատ` 18,6 տոկոսով:

Հունիսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 138 գործարքներ, որից 80-ը` Երեւանում: 2012-ի մայիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 1,4 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 20 տոկոսով, իսկ մարզերում աճել` 45 տոկոսով: 2011-ի հունիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 34,6 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 49,7 տոկոսով, իսկ մարզերում աճել` 11,5 տոկոսով:

Այսպիսով, ինչպես եւ կանխատեսել էինք, հունիսին եւս անշարժ գույքի շուկայում գները փոքր աճ են ունեցել: Հավանական է, որ այս նույն միտումը կպահպանվի ամռան մյուս ամիսների ցուցանիշներում:

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) հունիս 2011թ.Միջին գները (դրամ) հունիս 2012թ.Միջին գները (դրամ) մայիս 2012թ.
Կենտրոն441000414000412000
Արաբկիր342000342050339100
Քանաքեռ-Զեյթուն262700269150266100
Նոր Նորք223800230250228400
Ավան236700241000238050
Էրեբունի234400238100236050
Շենգավիթ227000237700235100
Դավթաշեն261400262000260000
Աջափնյակ225600229100227000
Մալաթիա-Սեբաստիա221100227500226000
Նուբարաշեն148700140200140200
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)256800257400255300

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) հունիս 2011թ.Միջին գները (դրամ) հունիս 2012թ.Միջին գները (դրամ) մայիս 2012թ.
Կենտրոն461000462400461500
Արաբկիր372200368550366900
Քանաքեռ-Զեյթուն274000279800278900
Նոր Նորք284100306800305500
Ավան242900259100258900
Էրեբունի241600228100227800
Շենգավիթ237000244800244500
Դավթաշեն274900263750262800
Աջափնյակ238200238150237800
Մալաթիա-Սեբաստիա231100227150226100
Նուբարաշեն149900144500144500
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)273400274800274000

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4