Հ. Ղազարյանի ծննդյան օրվա առթիվ
Երկար եմ մտածել, այդ ինչպես է եղել, որ ծնողներիս սերունդը աշխարհ գալով խորհրդային իշխանությանը զուգընթաց, գրեթե կիսաքաղց ու կիսամերկ, սակայն կյանքի բոլոր բնագավառներում հրաշքներ գործեց: Կոմունիստական դոգմատիզմի պայմաններում մեծանալով նրանք դեռ դեռահաս-հասունացան, դեռ անչափահաս-չափահաս դարձան, չերկնչեցին, լուռ ու մունջ տարան հազար ու մի ցավ, սով ու պատերազմ, հաղթեցին եւ, ի վերջո, տիեզերք նվաճեցին: Իսկապես, հաճախ եմ ինձ հարց տալիս, այդ ինչպե՞ս եղավ, ո՞րն էր նվաճումներով լեցուն այդ գաղտնիքի գաղտնակոդը:
Զարմանքս ու գաղտնիքը բացահայտելու ցանկությունս տասնապատկվում է, երբ սկսում եմ մտորել այդ սերնդի կատարած գիտական հրաշքների մասին: Առավել եւս, երբ դա կատարվել է նաեւ պատմագիտության բնագավառում: Ասպարեզ, որտեղ յուրաքանչյուր բառ ու տառ գրաքննվում էր մանրադիտակային մամլիչի մակարդակով: Չեմ թաքցնի, հարցրել եմ այդ մասին մեծերից ոմանց: Պատասխանը մեկն է եղելՙ մենք հավատ ունեինք առ մեր կատարածը, մենք երբեք չէինք կասկածում, որ ճիշտ ենք քայլում: Իսկ դու՞ք, ընկեր Ղազարյան: Դու՞ք ինչ կասեք: Չէ՞ որ այսօր Ձեր տարեդարձն է, իսկ էդպիսի դեպքերում որպես կանոն ասում են երբեմն անասելին:
1930թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում ծնվեց խորհրդահայ մեծատաղանդ գիտնականների հսկա փաղանգի արժանավոր ներկայացուցիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Ղազարյանը: Մարդ, ով իր ներվային համակարգի բոլոր թելերով ճաշակել է ստալինյան գարշանքն ու խավարը, ունեցել դառը մանկություն, մեծացել անհնարին զրկանքներով, սակայն վարդենիկյան բնության ու Սեւանի մայրական անսպառ գգվանքներով: Բոլորի նման սովորել է դպրոցում, ապաՙ 1952-ին գերազանցությամբ ավարտել Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Լավ էր, եկան «հալոցքի» տարիները եւ խորհրդային դոգմատիզմն ու հանիրավի մեղադրանքները սկսեցին զիջել իրենց դիրքերը, իսկ Ղազարյանինՙ հնարավորություն ընձեռնեցին ընդունվել ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան եւ վաստակաշատ Աշոտ Հովհաննիսյանի ղեկավարությամբ կյանքը նվիրել գիտությանը:
Պատմության ինստիտուտում աշխատելու տարիներին հաջորդաբար լույս տեսան նրա տարբեր տրամաչափի մենագրություններն ու հոդվածները, որոնք նվիրված էին Արեւմտյան Հայաստանի բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի, թուրքական բռնապետության դեմ սկսված ազգային-ազատագրական ոգորումների, հասարակակա-քաղաքական հոսանքների եւ մշակույթի պատմությանը: Մոտեցման չափանիշ ունենալով մեծ ֆրանսիացուՙ Վ. Հյուգոյի «թուրք լինեմ թե սուտ ասեմ» եւ «այստեղով թուրքեր են անցել» բանաձեւումները, Ղազարյանը գրեց «Արեւմտահայերի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կացությունը 1800-1870 թթ.», Հայ հասարակական-քաղաքական շարժումները եւ Ռուսաստանը 19-րդ դարի 50-60-ական թթ.», «Հարություն Սվաճյան» ծավալուն մենագրությունները, որոնք իրենց ամփոփած նոր նյութերով եւ լուրջ ընդհանրացումներով ոչ միայն ապացուցեցին մեր ճշմարտացիությունը, այլեւ հայ պատմագիտական մտքի անվիճելի նվաճումներ են: Պատահական չէ, որ դրանք արժանացան թե՛ հայաստանյան թե՛ սփյուռքի գիտա-մշակութային շրջանակների ու մամուլի ամենաբարձր գնահատականներին: Ղազարյանն իրավամբ ճանաչված այն եզակի պատմաբաններից է, որոնք խորությամբ են հետազոտել հայ հասարակական-քաղաքական մտքի պատմությունը, բացահայտել 19-րդ դարի հայ առաջավոր գործիչների պրակտիկ ու գաղափարական կապերը համաշխարհային առաջադեմ գործիչների ու մտավորականների հետ:
Այսօր էլ հանգիստ չունի պրպտուն մտքի տեր գիտնականը: Կես դարից ավելի Արեւմտյան Հայաստանի եւ արեւմտահայության պատմության վիճահարույց ու կնճռոտ բազմաթիվ խնդիրներ շարունակում են մնալ նրա ուշադրության կենտրոնում: Տարբեր արխիվներից եւ այլ աղբյուրներից քաղելով ու առաջին անգամ շրջանառության մեջ դնելով բազմաթիվ նորահայտ փաստեր եւ իրար հետեւից հրատարակելով մի շարք աշխատություններ, նա գաղափարական սուր պայքար է մղում թուրքական հնարովի պատմագիտության դեմ, կարողանում հիմնավորապես ապացուցել, որ օսմանյան բռնապետության ճիրաններում կես հազարամյակ տառապող հայության ազատագրական ոգորումները ոչ թե պատճառ, այլ հետեւանք էին թուրքերի վարած սիստեմատիկ հայատյաց քաղաքականության: Գաղտնիք չէ, որ այսօրվա Թուրքիան կաշվից դուրս գալով ուրանում է «գենոցիդների մեջ ամենագենոցիդային գենոցիդըՙ Արմենոցիդը», միջոցների մեջ խտրություն չդնելով, փորձում ոչ միայն ժխտել ցեղասպանության իրողությունը, այլեւ նույնիսկ հայերին մեղադրել կատարվածի մեջ: Մեծավաստակ Ղազարյանը խոստովանում է, որ «սկզբում զարմացած, հետագայում աստիճանաբար զայրացած ու վիրավորված եմ զգացել, չհասկանալով, թե ինչպե՞ս է պատահել, որ քաղաքակիրթ մարդկությունը ութ տասնամյակ շարունակ դիտորդի կարգավիճակով է նայել Հայոց ցեղասպանությանը, ավելի ճշգրիտՙ իր նախադեպը չունեցող հայասպանության սահմռկեցուցիչ եղելությանը»:
Երկու գրքիցՙ «Արեւմտահայությունը ցեղասպանության նախօրյակին» եւ «Արեւմտահայության ցեղասպանությունը» բաղկացած հիմնարար աշխատությունը հեղինակի գիտական բազմատասնյակ ուղու յուրակերպ ամփոփումն է, ասելիքի վերջնաձեւակերպում, յուրաձեւ պատգամ սերունդներին: Այն հիշողության, չմոռանալու կոչ է, արդարության վերջնական հաղթանակի իր ձեւում հաղթաթուղթ, որի մեծաքանակ տողերում հստակ ներկայացվում է, որ Թուրքիայի հայասպանության գործընթացը եղել է տեւական, շարունակական, որն իր ավարտին է հասել 1920-ական թվականներին: Միաժամանակ այն զգոնության, ամուր լինելու ոգեկոչման խորհուրդ ունի, որովհետեւ կյանքը ցուց տվեց, որ թուրքը չի փոխվել, որ նա հաղթելու դեպքում ոչնչացնում է, որ այդ կիսամտածող ուղեղը, փաստորեն, հարցեր լուծելու այլ տարբերակ պարզապես չգիտի:
Շնորհավորո՛ւմ եմ Ձեր հոբելյանը, ընկե՛ր Ղազարյան, թող կյանքը հնարավորություն ընձեռի, որ Ձեր ծրագրերի ու մտահղացումների մեծ մասն իրականություն դառնան, առո՛ղջ եղեք, Ձեր նման ամո՛ւր: Դուք գիտության մարդ եք, դա է Ձերը, իսկ մնացյալը թող չզբաղեցնի ու չշեղի Ձեզՙ կրելու Ձերՙ գիտության ծանր ու պատվաբեր խաչը: Ասելիք շատ կա, բայց թերթային հոդվածի սահմանները սահմանափակ են: Կարծում եմ, այս հաճելի անակնկալը կջերմացնի, նոր ստեղծագործական ավյուն կներարկի...:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգթ. դոցենտ