Օգոստոսի 22-ին` սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի առաջին օրը, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը հանրությանը ներկայացրեց իր եւ համայնքային ավագանու անդամության իր 7 թեկնածուների մշակած` Գյումրու զարգացման ծրագիրը: Նախաձեռնության անդամների հավաստմամբ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է ավագանու անդամության միասնական թեկնածուների թիմը հասարակության դատին հանձնում համայնքային տնտեսության բարեփոխման եւ համայնքի զարգացման թիմային նախընտրական ծրագիր:
«Արդեն սրանով ուզում ենք, որ մեր կարծրատիպերից մեկը փշրվի այս ընտրությունների ժամանակ,- ասաց նախաձեռնության անդամ, հանդիպումը վարող Սախարովի անվան հայկական իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը,- Մենք չենք ընտրում մեր տերերին, այլ ընտրում ենք մարդկանց, որոնք մեզ պետք է ծառայեն... Եվ մենք հույս ունենք, որ այս փաստաթուղթն «աշխատելու» է, որպեսզի ընտրությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների լրիվ նոր որակ ու լրիվ նոր մշակույթ ձեւավորվի»:
Պատրաստված մանրակրկիտ ծրագիրը, որը տրամադրվեց հանդիպման բոլոր մասնակիցներին, մի քանի լուսանկարներով հանդերձ զբաղեցնում է «Ազգի» չափսի «Քաղաքը մերն է» թերթի 14 էջը եւ ամբողջովին ծանոթանալու համար զգալի ժամանակ է պահանջում: Ավագանու անդամության թեկնածուներն ըստ տարբեր ոլորտների համառոտ ներկայացրին ծրագրի հիմնական դրույթները, պատասխանեցին դահլիճից հնչած հարցերին:
Գ. Մ.