«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2012-08-21 | #143, 2012-08-22 | #144, 2012-08-23


ԹՈՐՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ` ՌՈՒՍ ԲԱՐԵՐԱՐԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ

Տարիներ առաջ, ներկա լինելով Գյումրու Կիրովի ճեմափողոցն իր անվամբ վերակոչելու հանդիսավոր արարողությանը եւ իր խոսքում նկատի ունենալով երբեմնի խորհրդային հանրապետությունների անկախացման փաստը, ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, 88-ի դեկտեմբերյան աղետի օրերին Հայաստանում փրկարարական աշխատանքները ղեկավարած Նիկոլայ Ռիժկովն ասաց. «Մեր միջեւ սահմաններ գծվեցին, բայց ոչ մեր սրտերում»: Հետերկրաշարժյան շրջանում աշխարհը ձեռք մեկնեց հայ ժողովրդին, շատերը եկան, այստեղ աշխատեցին ու գնացին, իսկ եղան մարդիկ, որոնք հոգով կապվեցին մեր երկրի հետ ու դարձան մեր ժողովրդի մշտական բարեկամը:

Օգոստոսի 21-ին Աշոցքի նախկին վարչական շրջանի Թորոս գյուղում, մոսկվացի Վալերի Ռուդակովի ընտանիքի բարերարությամբ հիմնանորոգումից հետո, հանդիսավոր վերաբացվեց մշակույթի տունը: Վերջինս համայնքային ավագանու որոշմամբ կոչվել է գյուղի մեկ այլ ռուս բարեկամի` Սերգեյ Բոնդարենկոյի անվամբ: Նշված երկու անձինք, ժամանակին լինելով մեկը ԽՍՀՄ նախարար, մյուսը` «Գլավալմազզոլոտո» միութենական շինարարական տրեստի կառավարիչ, այս շրջանում ղեկավարել են Գոգհովիտ, Թորոս եւ Արփենի գյուղերի շինարարական-վերականգնողական աշխատանքներն ու, կարելի է ասել, ամեն ինչ հասցրել են ավարտել: Այդ ժամանակ է կառուցվել նաեւ Թորոս գյուղի մշակույթի տունը, իսկ բնակիչների հիմնական մասը տեղափոխվել ու սկսել է ապրել նրանց կառուցած երկհարկ նոր բնակարաններում: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվել է...

Ռուդակովի տրամադրած ֆինանսական միջոցներով 2007 թվականին նորոգվել են նշված երեք գյուղերի մշակույթի տների տանիքները, անցյալ տարի հիմնական նորոգման է ենթարկվել Արփենիի մշակույթի տունը: Թորոս գյուղի այս մշակութային օջախում, որի նորոգումը «Շիրակ» բարեգործական հիմնադրամի միջոցով արժեցել է 32 մլն դրամ, այժմ գործում են երգի, պարի խմբակներ, կա գեղեցիկ նիստերի դահլիճ, հարսանյաց հանդիսությունների սրահ: Բացմանը մասնակցեցին բարերարն իր ընտանիքի անդամների հետ, բազմաթիվ այլ հյուրեր: Նրանք շրջեցին հիմնանորոգված շենքում, ներկա եղան համայնքի դպրոցականների կազմակերպած միջոցառմանը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4