«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2012-08-22 | #144, 2012-08-23 | #145, 2012-08-24


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՓՈՒԼ

22 տարի առաջՙ օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Օրվա առիթով երեկ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանդիպեց լրագրողների հետ: Մինչ օրվա խորհրդից խոսելը ԱԻՄ առաջնորդը նշեց` թեեւ դանդաղ քայլերով, սակայն հայ ժողովուրդը հռչակագրի ընդունումից հետո ինչ-որ չափով կատարեց հռչակագրում նշված նպատակները: Ու վերջապես տասնամյակների ընդմիջումից հետո անկախությանն ուղղված հայ ժողովրդի կոչերը վերածվեցին իրավաբանական փաստաթղթի, որն էլ հետագայում հիմք դարձավ սահմանադրության համար:

Իսկ օրվա խորհուրդն արդեն իսկ հասկանալի է. «Հայ ազգը բարձրացավ բարոյահոգեբանական ու քաղաքագիտական մի նոր մակարդակի: Ի վերջո, անկախ ապրելը ժողովրդի բնականոն ապրելակերպն է: Մինչ հռչակագրի ընդունումը ՀՀՇ-ի ներկայացուցիչները մեզ` անկախականներիս, համարում էին խենթերի հավաքականություն, բայց հռչակագրի ընդունումից հետո հասկանալի էր, որ հենց այդ խենթերի հավաքականությունն է ճիշտ ճանապարհի վրա», ասում է Պարույր Հայրիկյանը:

Այդուհանդերձ, 1990 թվականի օգոստոսի 23-ը, ԱԻՄ առաջնորդի գնահատմամբ, մեր ժողովրդի պատմության մեջ կարեւորագույն փուլ էր, որն ազդարարեց երկրի ռազմավարական դիրքորոշման փոփոխությունը, եւ Հայաստանը սկսեց ազատ քաղաքացիների երկիր դառնալու գործընթացը:

Ապա պատասխանելով հարցին` իսկ այժմ որտե՞ղ է անկախության հռչակագրի բնօրինակը, պարոն Հայրիկյանն ասաց, որ տեղն ինքն էլ չգիտի. «Եթե գտնեք, ինձ էլ ասեք»:

Այսօր չի հիշատակվում ոչ միայն հռչակագրի գտնվելու վայրը, այլեւ հռչակագրի հեղինակի անունը` պատմաբան, նախկին պետական գործիչ Կտրիչ Սարդարյանի, որը այդ ժամանակ հանդիսանում էր Գերագույն խորհրդի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, իսկ հետագայում եղել է Հայաստանի փոխվարչապետը Վազգեն Մանուկյանի կառավարության ժամանակ:

Երեկվա ասուլիսի ընթացքում Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով եւ ներքին քաղաքական դաշտին, նշեց, որ քաղաքական որեւէ ուժից ինքն ակնկալիքներ չունի. «Որովհետեւ նրանցից մեկը եթե էական ինչ-որ բան պետք է անի ժողովրդի կյանքում, արդեն արած կլիներ»:

Սպասելիքներ Պարույր Հայրիկյանն ունի ինքն իրենից, իսկ այլ քաղաքական ուժերի հետ պատրաստ է աշխատելու այն դեպքում, եթե նրանք լինեն ազնիվ, բարեկիրթ ու անշահախնդիր, երբ խոսքը վերաբերի ազգային հարցերին:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանն արդեն հայտարարել է, որ 2013-ի նախագահական ընտրություններին ինքն առաջադրվելու է, եւ երեկ եւս մեկ անգամ հաստատեց:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4