«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2012-08-22 | #144, 2012-08-23 | #145, 2012-08-24


«ՓՈԽԱՆԱԿ ՍԻՐԻԱՅԻ ԳՈՐԾԵՐԻՆ ԽԱՌՆՎԵԼՈՒՙ ԱՆԿԱՐԱՆ ԹՈՂ ՄՏԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

Հայտարարել է Իրանի խորհրդարանըՙ արձագանքելով Այնթապի պայթյունին

Գազիանթեպի պայթյունի հետեւանքով զոհվածներից 4-ի հուղարկավորությունը տեղի ունեցավ օգոստոսի 22-ին: Արարողությանը ներկա էին Թուրքիայի նախագահ Գյուլը, վարչապետ Էրդողանը, փոխվարչապետ Արընչը, նախարարներ եւ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ: Նշելով այդ մասին նախորդ համարումՙ չէինք բացառել, որ լրագրողները պայթյունի պատասխանատվության հարցով ներքին գործերի նախարարից հետո դիմեն նաեւ երկրի մյուս ղեկավարներին:

Հիրավի, դիմել են, այն էլ նախագահ Գյուլին, հարցնելով. «Հայտարարություններ են արվում, թե PKK-ն չի ստանձնում պայթյունի պատասխանատվությունը: Ո՞րն է Ձեր կարծիքը»: Գյուլն, ըստ CNN-turk-ի, պատասխանել է. «Նրանց (PKK-ականների) թղթապանակը հարուստ է նման միջադեպերով: Ուստի չենք կասկածում, որ դա իրականացրել է PKK-ն»: CNN-turk-ի էկրանից նույն հարցին միեւնույն պատասխանը տվեց փոխվարչապետ Արընչը, մեղադրելով Սիրիայի նախագահ Ասադի վարչակարգին պայթյունի հարցում PKK-ին ուղղորդելու մեջ:

Նրա օրինակին հետեւեցին մի շարք թուրք փորձագետներ: Նրանք ուղղորդողների շարքում նշեցին նաեւ տարածաշրջանում Սիրիայի դաշնակից Իրանին, վերջինիս ազդեցության տակ գտնվող Իրաքին, ինչպես նաեւ Ասադի վարչակարգին սատարող Ռուսաստանին, պատճառաբանելով, թե Սիրիայի հարցում Թուրքիայի ողջամիտ դիրքորոշումը հակակշռելու անզորությունը վերջիններիս ստիպեց կառչել PKK-ի հաղթաթղթից:

Օգտվելով առիթից նշենք, որ ԱՄՆ գլխավորությամբ մի շարք արեւմտյան, այդ թվում նաեւ արաբական երկրներ դատապարտել են պայթյունը, որակելով դա ահաբեկչություն: Առանց որակելու դատապարտեց նաեւ Իրանը: Սակայն նախքան դատապարտելը Իրանի Իսլամական Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Հուսեյն Նակավին նախազգուշացրել է Թուրքիային:

«Միլիեթի» տվյալներովՙ նա մեղադրել է Անկարային «Ալ Ղաիդայի» գլխավորությամբ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ, ապա եւ ավելացրել. «Այս աջակցությամբ Թուրքիան ոչ միայն պատճառ է դառնում անմեղ մարդկանց սպանությանը Սիրիայում, այլեւ վտանգում է իր անվտանգությունը: Ներկա պահին Թուրքիան հայտնվել է ներքաղաքական ճգնաժամի մեջ: Փոխանակ Սիրիայի ներքին գործերին խառնվելու եւ այս երկրի հասցեին թշնամական հայտարարություններ անելուՙ Անկարան թող մտածի սեփական խնդիրները լուծելու մասին»:

Երեկ Նակավիին լրացրել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին եւ ԱՄՆ-ի, Անգլիայի, Սաուդյան Արաբիայի ու Քաթարի կողքին Իրանի առաջնահերթ թիրախների թվին դասել Թուրքիային:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4