Օգոստոսի 22-ին Գազիանթեպում մինչ թուրքական պետության եւ քաղաքական կուսակցությունների ղեկավարները պայթյունի պատասխանատվությունը բարդում էին PKK-ի վրա, որպեսզի անիծեն այս կուսակցությունը, նույն օրը երեկոյան Իրաքին սահմանակից քրդաբնակ Շեմդինլիում թուրքական զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողության շրջանակներում կռվի են բռնվում PKK-ականների հետ: Բախման ընթացքում սպանվում է 5 զինծառայող, 7-ըՙ վիրավորվում:
Ջիհան գործակալության վկայությամբ, երեկ կռիվները շարունակվում էին, նախնական տվյալներով սպանվել էր մեկ զինծառայող եւս: 6 թուրք զինծառայողի ոչնչացումը, ըստ երեւույթին, պետք է համարվի 9 խաղաղ բնակչի մահվան պատճառ դարձած քրդաբնակ Գազիանթեպի պայթյունի պատասխանատվությունը PKK-ի վրա բարդելու թուրքական նկրտումների պատասխանը:
Հ. Չ.