Ամերիկյան «Ֆորբս» հանդեսը կազմել է 2012 թ. աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց ցանկը: Ինչպես եւ անցյալ տարի, ցանկը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Երկրորդ տեղում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է: Երրորդ տեղը զբաղեցնում է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը:
Մերկելը ամենաազդեցիկ կանանց ցանկը գլխավորում է արդեն վեցերորդ անգամ: Միայն 2010-ին նա առաջնությունը զիջեց ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային, հիշեցնում է ՌԻԱ գործակալությունը: Այս տարի Միշել Օբաման յոթերորդ տեղում է:
Չորրորդ տեղն զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կինըՙ Մելինդան, հինգերորդը «Նյու Յորք թայմս» թերթի գլխավոր խմբագիր Ջիլ Աբրամսոնն է:
Ցանկում ամենաերիտասարդը ամերիկյան 26-ամյա երգչուհի Լեդի Գագան է, ամենածերըՙ Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Բ թագուհին (86 տարեկան): Աշխարհի ամենաազդեցիկ կանանց միջին տարիքը 55 է: Ցանկում կան պետությունների 8, խոշորագույն ընկերությունների 25 ղեկավարներ:
Այս տարի ցանկում առաջին անգամ հայտնվել է Apple-ի հանգուցյալ հիմնադիր եւ նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի այրինՙ Լորինը, որը եռանդագին զբաղվում է բարեգործությամբ: Ցանկի 8-րդ տեղն զբաղեցնում է ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը: