«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2012-08-22 | #144, 2012-08-23 | #145, 2012-08-24


ԳԻՐՔ, ՈՐԻ ԾՆՈՒՆԴՆ ԱՐԺԵ՛

Մեր` գրախանութները հերթով սրճարանների վերածող մայրաքաղաքի` վերջերս գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելը գրքասերների մեջ նոր հույսեր ծնեց. հույսեր առ այն, թե գուցե հիմա՞ փորձենք արժանի լինել այդ կոչմանն ու իսկապես մի քիչ գրքասեր դառնանք: Գրված-պատրաստ ու սրտատրոփ տպագրության իրենց հերթին ու հովանավորին սպասող շատ գրքեր հուզմունքից շարժեցին իրենց թերթերն ու ահա այնտեղ, նրանցից մեկի թերթերի արանքից սկսեցին երեւալ դարերի խորքն ու անհուն Տիեզերքը: Գիտնական-աստղագետներն էլ ոգեւորվեցին ու հիմա փորձում են հասանելի դարձնել մեր ղեկավարներին ու գործարարներին այն պնդումը, որ կան գրքեր, հե՛նց որոնց տպագրությունը լրջագույն դրական քայլ կլինի գրատպության 500-ամյակի առթիվ: Բազմաթիվ գիտնականներ պնդում են, որ նման գրքերի շարքը պիտի սկսել Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի հրատարակումից: Գիրք, որի ծնունդը հեղինակի համար արժեցել է «մի ժամ եւ մի ամբողջ կյանք»...

- Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞վ է տարբերվում Ձեր գիրքը այսօր գրախանութներում վաճառվող գիտահանրամատչելի գրքերից:

- Այժմ վաճառքում եղած ուսումնական հանրամտչելի գրքերը հանրագիտարանային ոճի են, որոնք ցաքուցրիվ սուղ տեղեկություններ են տալիս` առանց հիմքերը բացատրելու եւ այդ ամենը մի համակարգի մեջ իրար հետ կապելու: Այդ տիպի շատ գրքեր կարծես համացանցային աղբանոցից հավաքված ճիշտ ու սխալ, գրագետ ու անգրագետ տեղեկույթների կտորտանքներ լինեն: Այս գիրքը բացատրում ու տալիս է իսկական, խորապես հասկացված գիտելիք, ոչ թե զուտ տեղեկություններ, տալիս է համապարփակ աշխարհայացք Տիեզերքի եւ նրա ուսումնասիրության մասին: Գիրքն ունի սյուժետային առանցք, որով ընթերցողն անցնում է ճանաչման նույն ճանապարհը, ինչ որ անցել է մարդը քարե դարից մինչեւ մեր օրերը եւ նույնիսկ հայացք գցում դեպի մարդկության տիեզերական ապագան:

- Ի՞նչ ճանապարհ է անցել գիրքը մինչեւ հանրությանը ներկայացնելը:

- Նախ, գրքի ուսումնական նյութն անցել է 20 տարվա փորձաքննություն իմ վարած արտադպրոցական տիեզերագիտական խմբակում: Դատելով խմբակի սաների հաջողություններիցՙ կարելի է ասել, որ փորձաքննությունն անցել է գերազանց. խնդրում եմ սա անհամեստություն չհամարել, կարող եք հենց այդ սաներին հարցնել: Հետո գիրքը գրվել է 5 տարում ու էլի մի քանի տարի մշակվել: Գիրքն արդեն իսկ սկսել է կատարել իր կրթական առաքելությունը, որովհետեւ դրա հիման վրա ստեղծվել է խմբակի դասընթացը ներկայացնող շնորհանդեսների շարք եւ դրա շնորհիվ արդեն երկու կրթօջախներում տիեզերագիտական խմբակ է վարվում («Քվանտ» վարժարանում իմ կողմից եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրումՙ իմ աշակերտներից մեկիՙ Լեւոն Արամյանի կողմից):

- Այդ դեպքում ինչո՞ւ այն դեռեւս տպագրված չէ, պատշաճ ուշադրության չի արժանացել:

- Հովանավորները մի կողմից հակված չեն տպագրության համար պահանջվող ողջ գումարի տրամադրումը միանձնյա ստանձնելուն, մյուս կողմից չեն էլ ուզում տրամադրել գումարի մի մասն ու հաշտվել այն մտքի հետ, որ բացի իրենցից, լինելու են նաեւ այլ պաշտոնական հովանավորներ: Արդյունքում ստացվում է զավեշտալի վիճակ. երիտասարդ ասպիրանտը տրամադրում է գումար իր սուղ միջոցներից, իսկ հզոր գործարարը, պարզվում է, այդքան էլ չի կարող տրամադրել:

- Այսինքն, աջակիցներ այնուամենայնիվ կան. ովքե՞ր են:

- Տիեզերագիտական խմբակի նախկին շրջանավարտներ, այլ փոքր ներդնողներ ու աջակցողներ (Հայկական աստղագիտական ընկերություն, Բյուրականի աստղադիտարան, «Քվանտ» վարժարան): Կան անգամ անհատ մանր ներդնողներ արտասահմանից: Բայց հավաքված գումարը բավարար է միայն ծախսի փոքր մասիՙ հրատարակչական նախապատրաստական աշխատանքների համար: Այժմ գործուն օժանդակություն է նախաձեռնել «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը (http://www.facebook.com/science.and.finance):

- Գիրքը ներկայացված է հանրությանը` գրքի կայքի միջոցով, որտեղ մարդիկ կարող են բաժանորդագրվել: Ովքե՞ր են բաժորդագրվում:

- Ամենատարբեր մարդիկ ու կազմակերպություններՙ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, թոշակառուներ, գիտատար, մասնավորապես տեղեկատվական բնագավառների աշխատողներ, դպրոցներ, ԲՈՒՀ-եր, գրադարաններ, օրերսՙ նաեւ «Բյուրոկրատ» գրախանութը, եւ այլն: Գրքի կայքում (http://ayas.ar.am/) այդ ամենը ներկայացված է:

- Ի՞նչ կրթական նշանակություն կարող է ունենալ այս գիրքը:

- Գիրքն ամեն ինչ շատ մատչելի բացատրում է, հասկացնում, ոչինչ որպես դոգմա չի տալիս, օգնում է ընթերցողին քայլ առ քայլ հասնել խորը ըմբռնման: 1988թ.-ից գրքի ուսումնական նյութը ստացած ու խմբակն ավարտած սաները քանակով շատ չեն, շատ ավելի քիչ են, քան նույն ժամանակաշրջանում որեւէ դպրոցի կամ ԲՈՒՀ-ի շրջանավարտները, եւ խմբակում ունեցել են շատ ավելի քիչ պարապմունքներ: Սակայն այսօր նրանք իրենց առկայությամբ Հայաստանի մասշտաբով արդեն նկատելի որակ են կազմում: Եվ սա այն դեպքում, երբ ես կարողանում եմ միայն շաբաթական մի երկու օր տրամադրել այս գործին: Հիմա պատկերացրեք թե ինչ կլինի, եթե գիրքը տպագրվի, դիցուք 1000 օրինակով, եւ նույն գիտելիքները նույն մեթոդական միջոցներով տրամադրվեն ոչ թե մի քանի հոգու, այլ բազմապատիկ անգամ ավելի սովորողների:

- Ի՞նչ արձագանք են տալիս պետական մարմինները:

- ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը երաշխավորել է այն` որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ հանրակրթական ավագ դպրոցի համար: Այդքանով ԿԳՆ-ն ասես ավարտել է իր անելիքն այս գրքի հարցում: Չկա, անգամ նախարարությունից, որեւէ տպաքանակի պատվեր:

Ուրեմն` ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը երաշխավորել է ու ձեռքերը լվացել: Երեւի լա~վ գիտի մեր երկրի ղեկավարության գրքասիրության չափն ու ըստ այդմ` տպագրության համարյա անհնարինությունը: Ձեռքերը լվացել են շատերը: Բայց վերջին շրջանում գիտնականների շարժումները որոշ ձեռքբերումներ ունեցան: Հուսանք, որ այս գրքի տպագրությունը եւս տեղ կգտնի դրանց շարքում:

Դե, կգտնի, եթե բյուջեում գումար լինի, բայց կլինի՞ որ... Ախր ո՞նց լինի. գումարը շատ ավելի կարեւոր բաների վրա է ծախսվում, օրինակՙ գրատպության 500-ամյակի առթիվ տոնակատարություններ, որտեղ իրենց անտաղանդությունն ու անճաշակությունն են ցուցադրում կյանքում որեւէ գիրք չկարդացած ու «երգի հատը» 1500-2000 դոլարով մատուցող մեր «աստղերը», գումարները դնում են մեր մայրաքաղաքը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակման ոգեւորության առթիվ հրավառություններին եւ վերջապես` արտասահմանից ժամանած դեմք-հյուրերին պատիվներ տալուն:

Չես մեղադրի. գիրք սիրող, գրքի գինն իմացող ու գրքի մայրաքաղաք ունեցող մեր պետության բյուջեում գիրք տպելուն էլ գումարը չի հերիքում: Մնում են գործարարները, նրանք էլ, արի ու տես, որ գիրք չեն սիրում: Բա ի՞նչ անենք:

Ավետիք Գրիգորյանը պատկերավոր ասում է. «Այս գրքի վրա աշխատել եմ մի ժամ եւ մի ամբողջ կյանք»: Ավաղ, գրքասեր մեր երկրում գիրքը տպագրության հասցնելուն հաճախ մի ամբողջ կյանքն էլ չի հերիքում, քանի որ գումար` չի՛ք:

Բա ի՞նչ անենք:

Ուրեմն, վերջին շրջանում գիտնականների ակտիվությունը որոշ դրական տեղաշարժեր առաջացրեցՙ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնություն, «Տաշիր» ու «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամների կազմակերպածՙ երիտասարդ գիտնականների խրախուսում, գիտական լրագրության մրցույթներ, հիմա էլ վերցրել ու նամակ են գրել կրթության ու գիտության նախարարին, ու նմանատիպ էլի մի քանի «նորամուծություններ»: Ու թեեւ հայտնի ֆիզիկոս, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, այլ դեպքերումՙ միշտ անվախ Լեւ Դավիդովիչ Լանդաուն մեր հասարակության պես «ծանր» դեպքի համար հայտնի մի խոսք ունի. «это тот самый случай, когда каждый из нас может рассчитыватъ на неуспех», այնուամենայնիվ, հուսանք, որ այս դեպքում հնարավոր կլինի ֆինանսավորման մի ճանապարհ գտնել (անքննելի են ուղիները գիտության), եւ այս գրքի տպագրությունը եւս տեղ կգտնի գիտնականների ձեռքբերումների շարքում:

Գրատպության 500-ամյակի տոնդ շնորհավո՛ր, հայ գրքասեր հասարակություն եւ գրքի մայրաքաղաքՙ քաղաքամայր Երեւան: Գիտնականներն ուզում են, շա՜տ են ձգտում այդ առիթով ձեզ նվիրել հիանալի մի գիրք, որը կոչվում է «Դարերի խորքից դեպի Տիեզերք», որը գրել է աստղագետ, պարզապես հրաշալի մի մարդ` Ավետիք Գրիգորյանը:

Արժե՛:

ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4