«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2012-08-22 | #144, 2012-08-23 | #145, 2012-08-24


ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹՈՒՐՔԱԽՈՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ «ԴԻՏՈ՞ՐԴ» Է

Ղըրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում աշխատանքն է ավարտել Թուրքախոս պետությունների համագործակցության երկրորդ գագաթաժողովը: Մինչ այդ կառույցի նախագահությունը գտնվում էր Ղազախստանի ձեռքերում: Ի՞նչ է տվյալ ֆորմատը, որտեղ թուրքախոս պետությունների արտաքին գործերի նախարարները նախապատրաստում են փաստաթղթեր, իսկ նախագահները` ստորագրում դրանք, առայժմ դժվար է ասել:

Բիշքեկում, օրինակ, կողմերը պայմանավորվել են ստեղծել Թուրքական ակադեմիա, սահմանել «Թուրքական աշխարհի հպարտություն» ամենամյա մրցանակ, զարկ տալ գիտամշակութային համագործակցությանը եւ այլն: Զուտ քաղաքական նպատակներ, ինչպես տեսնում ենք, գոնե հրապարակային, չեն քննարկվել: Դրանից, իհարկե, չի հետեւում, թե Թուրքախոս պետությունների համագործակցության խորհուրդը մի անգործունակ կառույց է: Պարզապես մասնակից պետությունները դեռեւս զգուշանում են հռչակագրել իրենց բուն նպատակը: Այն է` ստեղծել թուրքական պետությունների համադաշնություն: Ճիշտ է, նրանք դրան հասել են արդեն խորհրդարանական մակարդակում եւ պայմանավորվել, որ թուրքախոս երկրների խորհրդարանականները «սկզբունքային հարցերում հանդես բերեն միասնական մոտեցում»:

Հավանաբար, նույն նպատակը կդրվի նաեւ պետությունների գործնական հնարավորությունների համատեղման դեպքում, ինչին հետեւողականորեն ձգտում է հատկապես Թուրքիան: Բիշքեկի գագաթաժողովին նախորդել է անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի ավարտին Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն դարձյալ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին: Նա, մասնավորապես «անընդունելի» է համարել «Էթնիկ զտումները» եւ այն, որ «ադրբեջանցի եղբայրներն ու քույրերը զրկվել են իրենց պատմական հողերից»: Լեռնային Ղարաբաղն «օկուպացիայից ազատելը» Դավութօղլուն համարել է Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական «նպատակներից մեկը»:

Կարծում ենք, կարիք չկա հակադարձելու մի երկրի արտգործնախարարի, որը միջազգային յուրաքանչյուր հարցում ցուցաբերում է ակնհայտ ոչ կառուցողական մոտեցում, իսկ վերջին շրջանում բարդացրել եւ խճճել է բոլոր կարգի հարաբերությունները հարեւանների հետ: Այս դեպքում աչքի է զարնում այլ իրողություն: Թուրքախոս երկրների համագործակցության խորհրդի գագաթաժողովին բացակայում էր Իլհամ Ալիեւը: Նրա փոխարեն Բիշքեկ է մեկնել եւ մշակված փաստաթղթերն ստորագրել վարչապետ Արթուր Ռասիզադեն:

Թե ինչու է Իլհամ Ալիեւը քամահրել թուրքախոս երկրների մյուս առաջնորդներին, որոնք «ամբողջ կազմով» Բիշքեկում էին, այդ մասին ադրբեջանական կողմից որեւէ բացատրություն չի հնչել: Մինչդեռ, օրինակ, Թուրքիան միջոցառմանը շատ մեծ կարեւորություն էր տվել: Այնքան, որ այդ երկրի նախագահն ասել է, թե պատրաստվում է եւս մեկ, այս անգամ` պաշտոնական այց ունենալ Բիշքեկ եւ «ստորագրել կարեւոր փաստաթղթեր»:

Հարկ է ավելացնել նաեւ, որ հաջորդ տարի Թուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել արդեն Բաքվում: Այս համատեքստում Իլհամ Ալիեւի բացակայությունը հատկապես է աչքի զարնում: Եթե նա ինչ. որ խնդիրներ չունի` կապված առողջության կամ այլ «անհաղթահարելի խոչընդոտների» հետ, այլ Բիշքեկ չի մեկնել զուտ քաղաքական նկատառումներով, ուրեմն կասկածներ ունի կառույցի արդյունավետության մասով եւ զգուշանում է «խորանալ» մի նախագծում, որը կարող է բարդություններ հարուցել:

Թերեւս Ադրբեջանի պահվածքով է պայմանավորված Դավութօղլուի «բոցաշունչ ելույթը»: Այդ կերպ նա Իլհամ Ալիեւին կարծես վստահեցնում է, որ Թուրքախոս պետությունների համագործակցության խորհուրդը կարող է Ադրբեջանի համար դառնալ ԼՂ հարցի արծարծման լրացուցիչ հարթակ: Դավութօղլուի խոսքը կարծես հրավեր է Ադրբեջանին` մի կողմ թողնելու վերապահումները եւ լիովին մասնակցելու ԹՊՀԽ.ի գործունեությանը: Որքանո՞վ Իլհամ Ալիեւը ընկալունակ կգտնվի` ցույց կտա ժամանակը: Առայժմ նա գերադասում է լինել «ակտիվ դիտորդ»:

Վ. ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4