«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2012-08-22 | #144, 2012-08-23 | #145, 2012-08-24


ՔՍԵՆՈՖՈԲԻԱՅԻ «ԴԱՍԵՐ» ՎՐԱՑԻՆԵՐԻՆ` vesti.az-ԻՑ

Սույն լրատվամիջոցը հատուկ թղթակից է գործուղել Քոբուլեթ, որպեսզի տեղում ուսումնասիրի այնտեղ հանգստացողների էթնիկական «խճանկարը»: Պարզվել է, որ ամենամեծ թիվ կազմում են հայերը: «Հանգստյան տներում ամենուր հայերեն են խոսում, փողոցները լի են հայկական պետհամարանիշի մեքենաներով», գրում է vesti.az-ը: Ի դեպ, այս դեպքում ադրբեջանական կողմը լուրջ վրիպում է թույլ տվել: Բանն այն է, որ պաշտոնական քարոզչությունը պնդում է, որ «Հայաստանում հաց գնելը թանկ հաճույք է», այսինքն տպավորություն է տարածում, որ «Հայաստանը չափազանց աղքատ երկիր է», իսկ ահա իշխանություններից սնվող լրատվամիջոցը Քոբուլեթը ներկայացրել է որպես «հայաստանցիների կողմից զավթված քաղաք»: Դրա համար, թերեւս, vesti.az-ի պատասխանատուներն իրենց արժանի պատիժը կստանան: Չէ՞ որ Քոբուլեթ հանգստանալու մեկնել կարող է ամեն ոք, բայց ոչ` «աղքատ հայաստանցին»: Իսկ ի՞նչն է ադրբեջանական լրատվամիջոցին ստիպել, որ նման «վրիպում» թույլ տա: Դարձյալ` հայատյացությունը: Խնդիր է դրվել Քոբուլեթում հանգստացող հայերին ներկայացնել որպես «լկտի օկուպանտների»: Նրանք վրացական քաղաքում հայերեն լեզվով հայտարարություններ են տարածում, իրենց կեցության տներում պահում են Հայաստանի դրոշը, ռեստորաններում որպես ազգային ուտեստ պատվիրում են տոլմա` «վիրավորելով այլոց արժանապատվությունը եւ ազգային զգացմունքները»:

Դե, ինչպե՞ս կարող է ադրբեջանցի լրագրողն անտարբեր գտնվել վրացիներին «սպասող աղետի հանդեպ»: Եվ ահա նրա կողքին հայտնվում է Ալեքսի անունով մի տաքսավար, որը «զայրացած հայերի լկտիությունից, կասկածում է, թե նրանք մի օր էլ Քոբուլեթը կհայտարարեն հայկական քաղաք»: Այդ պահից ադրբեջանցի լրագրողը պայծառանում է եւ եզրափակում. «Որքա՞ն ժամանակ դեռ վրացիները կհանդուրժեն հայերին եւ կվստահեն նրանց»:

Հիվանդագին ատելությունը, որ Ադրբեջանում տածում են հայերի եւ Հայաստանի հանդեպ, ինչպես տեսնում ենք, փորձ է արվում «արտահանելու» Վրաստան: Եվ դա արվում է անթաքույց, կոպիտ ձեւով: Ասես այդ երկիրն իրենց «հայրենակալվածքն» է եւ պետք է ենթարկվի հակահայկականության «խաղի միասնական կանոններին»: Հետաքրքրական կլիներ իմանալ, թե ինչպե՞ս են Վրաստանի իշխանությունները եւ հասարակությունը հանդուրժում ադրբեջանական կողմի կոպիտ միջամտությունը Վրաստանի ներքին գործերին: Ի վերջո` որքան մարդ եւ որ երկրից է Քոբուլեթ կամ Բաթում մեկնում հանգստանալու, ինչպես են նրանք հարգում կամ չեն հարգում Վրաստանի ինքնիշխանությունը եւ վրաց ժողովրդի ավանդույթները, սրանք այն հարցերն են, որոնք վերաբերում են միայն եւ միայն Վրաստանին:

Թվում է` Վրաստանը չունի ադրբեջանակոն կողմի դասերի կարիքը: Մանավանդ որ դրանք ոչ թե մարդկայնության եւ հանդուրժողականության, այլ քսենոֆոբիայի եւ ռասիստական անհանդուրժողականության «դասեր» են:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4