«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2012-08-22 | #144, 2012-08-23 | #145, 2012-08-24


ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԹՎԱՅՆԱՑՎԻ ՄԻՆՉԵՎ 2015-Ը

Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները երեկ հաստատվեցին կառավարությունում: Թվային ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի հիման վրա: Անալոգային եւ թվային զուգահեռ հեռարձակման շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության ընդգրկվածությունը թվային հեռուստահեռարձակմամբ չի գերազանցի անալոգային հեռարձակման ցուցանիշը: Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի, երբ բնակչության ոչ պակաս, քան 95 տոկոսը կունենա թվային ընդունիչ կամ կցուրդ: Զուգահեռ հեռարձակման շրջանը չպետք է գերազանցի վեց ամիսը, իսկ անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2015-ի հունվարի 1-ից: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առթիվ նշեց, որ այս որոշումով հաստատվում են այդ տեխնիկական պահանջները եւ մրցույթին հրավիրելու ենք այն ընկերություններին, որոնք կստանձնեն այդ պարտականությունը` թվայնացնել մեր հեռուստատեսությունը: «Մենք Եվրոմիության առջեւ ունենք պարտավորություն եւ մինչեւ 2015 թվականը պետք է իրականացնենք այդ գործը», ասաց վարչապետը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4