Ասել ու ասում ենք` մեր չեղած քաղաքական կյանքում շարժել անշարժը կարող են միայն լրագրողները. դա արել են, անում են ու պետք է անեն, քանի որ եթե քաղաքական կյանքի մեջ իրականում քաղաքականը շատ քիչ է, ինտրիգներն ու լեզվակռիվը բնականաբար պետք է լցնեն դատարկ տեղը: Ահա կայքերից մեկը հետաքրքրասիրություն էր դրսեւորել ու իմացել, որ իշխող ուժը «կառուցողական այլընտրանքի» բիլակների գործադրմամբ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանին պարտադրել է հրաժարվել պատգամավորական մանդատից (ԲՀԿ ցուցակից ինքնաբացարկ գրելով ու դուրս գալով), չնայած Հ. Հովհաննիսյանը չի ափսոսում դրա համար, քանի ստիպված չի լինելու մականունավորների ժողովներին մասնակցել: Սրանից հետո «Առավոտի» կայքն էր խորացել բիլակների գործադրման ձեւերն իմանալու խնդրում եւ Հ. Հովհաննիսյանից լրացուցիչ պոկել էր. «Բանդիտների երկրում ենք ապրում, նորությո՞ւն եմ ասել: Ոչ ոք իրավունք չունի այս երկրում մտածելու: Ես ինչի՞ համար էի առաջադրվել, որ ինքնաբացարկ հայտարարե՞մ: Ստիպել են», ասել էր Հ. Հովհաննիսյանը ` նշելով, թե ընտրարշավի ժամանակ 3 գործ է հարուցվել իր դեմ, եւ որպես միասնական շտաբի կազմակերպիչ է ենթարկվել բիրտ ճնշումների ու հալածանքների. «Բնականաբար, ես ենթադրում էի, որ պաշտպանված կլինեմ մանդատով, որը ինձ կտա ժողովուրդը, բայց դրանից հետո հանկարծ եթե ես հրաժարվում եմ մանդատից, հասկանում եք, չէ՞, որ ընկնեմ դատախազների ու ոստիկանների դուռը, ինչպես հիմա՞: Ես ստորագրություն եմ տվել` քաղաքից չբացակայելու համար, իմ ազատությունը սահմանափակված է այս պահին: Դե թող Օսկանյանը հրաժարվեր մանդատից, թող հրաժարվեր, որ զրկվեր անձեռնմխելիությունից, եւ իրեն քարշ տային դատարաններով ու դատախազությունով»:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ` Հովհաննիսյանի մասին ասած այն խոսքը, թե Հ. Հովհաննիսյանն է աղաչել-պաղատել մանդատից չզրկվելու համար, արժանացել է Հովհաննիսյանի կոշտ որակումներին եւ մեղադրանքներին` Ուրիխանյանի հասցեին (հանցագործ ու զազրելի արարած), ապա եւ բացահայտումներին, թե «5 տարի Ծառուկյանը ինձ խնդրել-աղաչել է, որ ես 5-րդ համարը լինեմ իր ցուցակում, այ դա է իրականությունը: 5 տարի: Միշտ ասել է, որ 5-րդ տեղը քո բրոնյան է, իմացա՞ք: Նա ասել է` դու կհամաձայնես, թե չես համաձայնի, բայց ես քեզ հրավիրում եմ 5-րդ համար` իմ ընտրական ցուցակում: 5 տարի շարունակ դա կրկնել է` ամեն մեր հանդիպման ընթացքում: Սա է իրականությունը»: Իսկ ավելի ուշ էլ «Երկիր» կայքին Հ. Հովհաննիսյանն ասել էր. «Իմ մանդատը տվել են Շերիֆին (Գրիգոր Գրիգորյան): Այո, ես հայտարարում եմ, որ իմ մանդատը տվել են Շերիֆին, հիմա էլ ուզում են արդարանալ: Նա պատգամավոր դարձավ իմ ինքնաբացարկի շնորհիվ: Բայց ես երջանիկ եմ, որ այդպիսի ոչ հիգիենիկ վիճակում չեմ հայտնվել. հարցեր չունեմ քննարկելու Շերիֆի հետ»:
Ով էր կասկածում, որ ԲՀԿ-ից պատասխան է հնչելու, ու հնչեց` հայտարարություն մամլո ծառայությունից, որտեղ ասված է, որ ԲՀԿ ցուցակում Հ. Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանի առաջարկով է, իսկապես, ներկայացված եղել, այս մասով Հովհաննիսյանը չի ստում, սակայն Հովհաննիսյանը «կարող էր մինչեւ վերջ անկեղծ լինել» եւ ինքնաբացարկի պատճառները նշել: «Իսկ պատճառն այն էր, որ հերթական անգամ, ինչպես իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, Հմայակ Հովհաննիսյանը բացահայտեց քաղաքական լարախաղացի իր հմտությունները, փորձելով մանեւրել քաղաքական տարբեր ուժերի միջեւ: Բնականաբար, կան այս ամենի փաստական ապացույցները, որոնք ներկայացվել են հենց իրեն, եւ Հմայակ Հովհաննիսյանը, իր քաղաքական անպարկեշտությունն ապացուցող լրջագույն փաստերի ներքո, լուռ եւ ինքնակամ ներկայացրել է ինքնաբացարկի իր դիմումը: Իհարկե, Հմայակ Հովհաննիսյանի դեպքում քաղաքական պարկեշտությունից խոսելը երեւի թե ավելորդ է, սակայն մարդ առնվազն տարրական երախտագիտության զգացում պիտի ունենա իրեն մշտապես եւ տեւականորեն անշահախնդիր ֆինանսական եւ նյութական աջակցություն ցուցաբերած, իրեն քաղաքական դիակ դառնալուց փրկելու փորձեր արած գործչի հանդեպ: Սակայն երեւի թե ճիշտ է հայտնի այն իմաստնությունը, որ քաղաքական անբարոյականությունը քրոնիկ ախտորոշում է, եւ ինչպես պարզվեց Հմայակ Հովհաննիսյանի դեպքումՙ անբուժելի», Հմայակից ավելի թունդ էին պատասխանել ԲՀԿ-ից, ողջ քաղաքական դաշտի տարբեր հատվածների համար ժամանակ առ ժամանակ կիրառելի այս բնութագրումները ուղղորդելով միայն Հովհաննիսյանին:
Մ. Խ.