«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2012-08-22 | #144, 2012-08-23 | #145, 2012-08-24


ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ

Նյու Ջերսիի Սբ Խաչ եկեղեցում որպես թեմական պատվիրակ ծառայած Նուբար Դորյանը «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթում անդրադառնալով Երուսաղեմի պատրիարքարանի շուրջը տիրող աններելի լռությանը, գրում է.

Աշխարհով մեկ ցրված հրեաները, քրիստոնյաներն ու մահմեդականները Երուսաղեմը համարում են աշխարհի ամենապատմական, ամենաիմաստալի ու ամենանշանակալի քաղաքը:

Շատ քչերը, նույնիսկ հայերի շրջանում, գիտեն, որ մոտ 1000 ակր (2 ակր=1 հեկտար) այդ շատ արժեքավոր հողակտորը պատկանում է հայերին: Դա մի փոքր ավելի է հունական եւ կաթոլիկական համայնքներին պատկանող հողաշերտերից: Երեքն էլ իրենց բաժին հողաշերտը համարում են անձեռնմխելի, անգին եւ աստվածաշնորհյալ:

Այժմ, երբ հայոց Թորգոմ Մանուկյան պատրիարքը հիվանդության հետեւանքով անկարող է կատարելու իր պարտականությունները, դրությունը չափազանց կրիտիկական է: Եվ անհասկանալի է այս տխուր ու ճակատագրական պահին տեսնել հայերիՙ մամուլի, տեղեկատվական շրջանակների համապարփակ լռությունը: Ո՛չ համայնքային հետաքրքրություն կա, ո՛չ բանավեճ, ո՛չ քննարկում: Հարցն ամբողջությամբ թողնված է երեք տասնյակի հասնող հոգեւորականների քմահաճույքին: Ինչպիսի՜ հեգնանք: Պարզապես անմտություն է, աշխարհիկ մարդկանց ձայնն ու փորձառությունը, խորհուրդներն ու գաղափարները անտեսելով, մեր ամենաարժեքավոր ժառանգության, խորհրդանշական ունեցվածքների ճակատագիրը թողնել միաբանության մի փոքր խումբ հոգեւորականների ձեռքումՙ պարզապես հավատարիմ մնալու համար տասնամյակներ առաջ գրված կանոնադրության սահմանումներին:

Հանգիստ քննարկելով իրավիճակըՙ կտեսնենք, նույնիսկ որ հայկական ամենափոքր թեմի առաջնորդը ընտրվել է ինչպես հոգեւորականների, այնպես էլ աշխարհիկ մարդկանց ձայների միասնականությամբ: Հետագա գործողություններն ու ծրագրերը քննարկվել եւ քվեարկության են դրվել: Ժամանակին, երբ այդ կանոնադրությունը (կամ սահմանադրությունը) գրվել է, պետք եղած նյութական ու տրանսպորտային միջոցները չեն եղել:

Չեն եղել նաեւ համապատասխան իրավաբանական կրթությամբ կամ տեղական իշխանությունների իրավասությամբ օժտված անհատներ: Երուսաղեմի պատրիարքարանը պարտավոր էր հոգեւորականներ պատրաստել եւ հոգալ հայկական համայնքի կրոնական, հոգեւոր կարիքները: Այդ բոլորն այժմ փոխվել է: Նոր ժամանակները նոր պահանջներ են թելադրում:

Նույնիսկ ամենաթռուցիկ հայացքն անգամ բավական է նկատելու համար, թե ինչպիսի խնդիրների առաջ է կանգնել պատրիարքարանը վերջին ժամանակներում: Հանուն իշխանության եւ հեղինակության մղված պայքարըՙ միաբանության անդամների միջեւ, անպակաս է եղել:

Երուսաղեմի հայկական մասի ճակատագիրը շատ մեծ կարեւորություն ունի մեզ համար: Դա միայն կղերական միաբանության նստավայր չէ: Ճիշտ է, պատրիարքարանը երկար ժամանակ բարեպաշտության կենտրոն է եղել եւ հետեւել է որոշակի սկզբունքների, բայց այսօր եթե բարեպաշտությունը անփոփոխ է մնում, ապա սկզբունքները, որքան էլ դրանցից ոմանք «սրբազան» համարվեն, այնուամենայնիվ կարիք ունեն որոշակի փոփոխությունների, քանի որ աշխարհն է փոխվում: Այսօր աշխարհիկ մարդկանց մասնակցությունն ու միջամտությունը Երուսաղեմի պատրիարքարանի (եւ ոչ միայն) գործերում «պարտադիր պայման» է դարձել: Դա ներառում է նաեւ պատրիարքի ընտրության հարցը:

Տարբերակներից մեկը տեղապահի ընտրությունն է եւ մի հանձնախմբի կազմումը, որը բաղկացած կլինի հոգեւորականներից եւ աշխարհիկ ներկայացուցիչներից: Հանձնախումբը կուսումնասիրի հին կանոնադրությունը եւ կառաջարկի փոփոխություններ, կընտրի նոր պատրիարք եւ կնշանակի տարեկան կամ կիսամյակային համագումարներՙ որոշելու Երուսաղեմի ապագայի խնդիրը: Սա հնարավորություն կտա իրազեկության թափանցիկության, եւ աշխարհասփյուռ հայերն ավելի մոտիկից կհետաքրքրվեն հայկական Երուսաղեմով:

Մենք գիտենք, թե ինչ յուրահատուկ ու խորհրդանշական արժեք ունի Երուսաղեմը հրեաների, քրիստոնյաների եւ մահմեդականների համար: Աստված մեզ շնորհել է մեր բաժինը այս սրբազան երկրում: Հետեւաբար սխալ կլինի եւ մեր հայկական շահերին խոտորՙ թողնել դրա ճակատագիրը միաբանության մի բուռ անդամների ձեռքին:

Թող Աստծո մաքուր արեւի եւ շնորհքի լույսը թեւածի միաբանության ներկայացուցիչների վրա, որպեսզի նրանք ոչ միայն ընդունեն, այլեւ պահանջեն փոփոխություններ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4