«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2012-08-22 | #144, 2012-08-23 | #145, 2012-08-24


Ռ. ՔՈՓԹԱՇ. «ՊՈԼՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ»

«Օսմանյան կայսության ժամանակ պոլսահայերն ունեին ազգային, կրոնական եւ քաղաքական որոշակի կառույցներ, որոնք Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո, ճնշումների տակ, փակվեցին, մնաց միայն պատրիարքարանը», ասել է Ստամբուլի հայկական «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբերտ Քոփթաշը հայ եւ թուրք լրագրողների զրույցում:

Լրագրողները, ըստ կանադահայ համայնքի «Ապագայ» շաբաթաթերթի լրատվության, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի համաշխարհային քաղաքական զարգացումների կենտրոնի (GPOT) նախաձեռնած «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում են այցելել «Ակօսի» խմբագրություն:

«Թուրքիան ավելի ժողովրդավար կդառնա, եթե հայ համայնքը կարողանա կամք ցուցադրել եւ վերականգնել նախկին կառույցները: Բայց քանի որ պատրիարքարանն այդ գաղափարին չի աջակցում, մենք դժվարություններ ունենք, մի կողմից պետության հետՙ որոշակի հարցեր լուծելու, մյուս կողմից` համայնքի ներսում, կրոնավորների եւ հիմնադրամների ատենապետների հետ, ինչը խոչընդոտում է պետության դեմ հանդես գալու մեկ ընդհանուր, միասնական ձայնով», նշել է Քոփթաշը` շեշտելով, որ հրեաներն ունեն նման կառույց, որը կոչվում է ազգային կոմիտե եւ ղեկավարում է ամբողջ հրեա համայնքը:

News.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչն է խանգարում համայնքի ներսում նման քաղաքացիական մի կառույց ստեղծելուն, «Ակօսի» խմբագիրը պատասխանել է, թե անցած հարյուր տարիների ընթացքում համայնքի ազդեցիկ շրջանակները վարժվել են առանց համայնքին հաշվետու լինելու գործել փակ դռների հետեւում: «Դժբախտաբար, նրանք իրենց շահերն ավելի են գերադասում, չմտածելով, որ համայնքը ղեկավարող կառույցն ազգին ավելի օգտակար կարող է դառնալ», եզրափակել է Քոփթաշը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4