Քնեսեթը իբր «անվտանգության նկատառումներով» չի ընդունում Հայոց ցեղասպանությունը
Երեկ «Նոյյան տապան» լրատվական ակումբի հյուրերն էին Կովկասում Իսրայելի հյուպատոս Ռոն Շեխտերը եւ Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը : Հանդիպման եւ Հայաստան այցի բուն նպատակն է, ինչպես նշեց հյուպատոսը, մասնակցել օգոստոսի 24-ին Հայաստանում հրեական համայնքի կազմավորման 20-ամյակի տոնակատարություններին: Տիկին Վարժապետյանը խոսելով Հայաստանում հրեական խորը արմատների մասին, ասաց, որ ներկայումս գործող հրեական համայնքը այդ հրեաների ժառանգորդները չեն, այլ 100-տոկոսանոց խառն ամուսնություններից ձեւավորված ընտանիքի անդամներ, որոնք բնակվում են Հայաստանի տարածքում: «Ներկայումս համայնքի թիվը 500 է, բայց կան նաեւ չհաշվառված 3-րդ, 4-րդ սերնդի ներկայացուցիչներ, եւ եթե նրանց էլ հաշվենք, կստացվի, որ Հայաստանում այսօր ապրում են 800.000 մարդ, որոնց գեներում կա հրեական տարբեր տոկոսի արմատ: Մենք Հայաստանում ունենք սինագոգ, մշակութային կենտրոն, կիրակնօրյա դպրոց, երաժշտական թեքումով ուսուցում, թողարկվում է թերթ, տպագրվում են տարբեր գրքեր: Իսկ վերջին հրատարակված գրքի շնորհանդեսը կկայանա օգոստոսի 24-ին, որի տպագրությունը իրականացրել է ՀՀ մշակույթի նախարարությունը», ասաց Ռիմա Վարժապետյանը:
Իսրայելի հյուպատոս Ռոն Շեխտերը իր խոսքում ասաց, որ Իսրայելի պետությունը մեծ նշանակություն է տալիս, թե ինչպես է գործում հրեական սփյուռքը, մտահոգված է նրանց աշխատանքով եւ մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերում բոլոր այն հրեաներին, որոնք սփռված են աշխարհով մեկ: «Այսօրվա տվյալներով հրեաների մեծ մասը բնակվում է Իսրայելից դուրս եւ հրեական սփյուռքը հաշվառվում է շատ ավելի մեծաքանակ, քան հենց երկրի ներսում ապրողները»: Հյուպատոսը տեղեկացրեց, որ 1950 թ.-ից ի վեր պետության հիմնական խնդիրն է բոլոր հրեաներին ընդունել, եթե նրանց գեներում կա հրեական արմատՙ անկախ դրա տոկոսից, եւ նաեւ խառնածին ընտանիքներին: Այդ օրենքը գործում է, եւ ներգաղթի շնորհիվ այսօր Իսրայելի բնակչության թիվը հասել է 7 միլիոնի, տեղեկացրեց հյուպատոսը: Վերջինս հատուկ անդրադարձավ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ շուրջ 6 միլիոն հրեաների ողջակիզմանը ու նաեւ քաղաքացիություն տալու բոլոր հնարավոր միջոցներին: Պարզվում է, որ Հայաստանից մոտ 1000 մարդ կարող է հանգիստ Իսրայելի քաղաքացիություն ստանալ, եթե դիմեն հյուպատոսարան: Հյուպատոսը տեղեկացրեց, որ Հայաստան կժամանի Իսրայելից մեծ պատվիրակություն, որի կազմում կլինեն սփյուռքի եւ տեղեկատվություն նախարար Յուլիյ Էդելշտեյնը, երգիչներ ու պաշտոնատար անձինք, որոնք կմասնակցեն հոբելյանական միջոցառմանը: Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Իսրայելի սփյուռքի եւ տեղեկատվություն նախարար Յուլիյ (Իոել) Էդելշտեյնը կստորագրեն երկու երկրների միջեւ 2013-2015 թթ. կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում համագործակցության աշխատանքային ծրագրերը: Պատվիրակությունը մինչեւ օգոստոսի 26-ը կլինի Հայաստանում, կունենա մի շարք հանդիպումներ ու քննարկումներ, որից հետո կմեկնի Վրաստան:
«Ազգի» հարցին, թե ինչու մինչեւ այժմ Իսրայելի Քնեսեթը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ Հայաստանում տարին մեկ անգամ հայերը հարգանքի տուրք են մատուցում Երեւանի կենտրոնում կանգնեցված ողջակիզման ենթարկվածների հիշատակի հուշարձանի մոտ, իսկ հրեաները այդպես էլ չեն ընդունում ցեղասպանությունը, հյուպատոսն ասաց, որ այս ասուլիսում կմեկնաբանի միայն 20-ամյակին նվիրված եւ հյուպատոսությանը վերաբերվող հարցերին: «Ազգը» պնդեց ու հիշեցրեց հարգարժան կոնսուլին, որ եթե նա չանդրադառնար 6 միլիոն ողջակիզվածներին, ապա Հայոց ցեղասպանության ընդունման հարցը չէր բարձրացնի: Ռիմա Վարժապետյանը անմիջապես միջամտեց ու ասաց. «Ես չեմ գտնում, որ այս հանդիպման գլխավոր հարցը Հայոց ցեղասպանությունն է եւ մենք եկել ենք մեր միջոցառման շրջանակներում զրուցելու, համենայն դեպս այդ հարցին ես ժողովրդական դիվանագիտական հարթությունից կպատասխանեմ: Ես շատ հաճախ լինում եմ Իսրայելում, եւ որտեղ էլ որ ես լինում եմ, լինի դա եվրոպական, ամերիկյան եւ այլ կառույցներում եւ պառլամենտներում եւ ամենուր, դնում եմ հայերի ցեղասպանության հարցը: Չկա մարդ, որ ասած լինի ոչ, չի եղել, չի հանդիպել, չի արձանագրվել: Բոլոր նրանք, ովքեր գիտեն: Սակայն գիտեն շատ քչերը, իմացեք, իմ թանկագին հայեր, աշխարհում ոչ բոլորը գիտեն այդ դեպքերի մասին: Իսկ հրեական դեպքերի մասին գիտի ամբողջ աշխարհը: Իսկ հայերի մասին քչերը գիտեն, քանի որ, առաջին հերթին նշեմ, այդ փաստը սովետական տարիներին թաքցվում էր, իսկ երկրորդՙ այդ մասին սկսեցին խոսել վերջին տարիներին: Խոսում ու գործում են շատ զուսպ, բոլորովին ոչ այնպես, ինչպես հրեաները, որոնք ողջ փաստաթղթերը ի ցույց դրին աշխարհին: Բայց նրանք, ովքեր գիտեն, ինչպես նաեւ Իսրայելում, չկա մարդ, որը դա չընդունի: Կգա այն օրը, երբ նաեւ պետական մակարդակով դա կճանաչվի: Բայց այստեղ կա եւ քաղաքականություն եւ տնտեսություն: Ես միշտ կրկնում եմ նույն բանըՙ ինչո՞ւ Քնեսեթում այդ հարցը միշտ դրվել է անվտանգության մակարդակով: Նշանակում է դրա ճանաչումը անվտանգ չէ Իսրայելի համար, իսկ ո՞ր պետությունը կուզենա վտանգի ենթարկել սեփական ժողովրդին: Դրա համար ամեն ինչ արվում է որպեսզի իմանան, որպեսզի ճանաչեն, որպեսզի ընդունեն, եւ կարծում եմ մինչեւ 100-ամյակը ինչ-որ բան տեղի կունենա: Եվ այժմ էլ Քնեսեթում է գտնվում հայերի ներկայացուցիչը եւ այս պահին Կարեն Գեւորգյանը նկարահանում է ֆիլմ այն մարդկանց մասին, ովքեր պայքարում են Իսրայելում ցեղասպանությունը ճանաչելու գործում: Մի խոսքովՙ այն ամենը, ինչը արվում է, հավանաբար բավարար չէ: Դուք ինքներդ ասեք, թե ձեզանից յուրաքանչյուրը ինչ է արել Հայոց ցեղասպանության ճանաչման համար», դիմեց լրագրողներին: «Ազգը» վրդովվեց, որ տկն Վարժապետյանը տեղյակ չէ, որ հայ մտավորականները դեռեւս 1965-ից սկսած բարձրաձայնեցին, քայլարշավ, միտինգներ ու էլի շատ միջոցառումներ ձեռնարկեցին, հարյուրներով գրքեր ու փաստաթղթեր տպագրվեցին ոչ միայն հայերեն, այլեւ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, արաբերեն, թուրքերեն ու դեռ աշխատանքները շարունակվում են: Այս ամենը «Ազգը» տկն Վարժապետյանին հիշեցրեց, որպեսզի այլեւս չասի, թե ոչինչ չենք անում: Իսկ տկն Վարժապետյանը գոհունակությամբ ավելացրեց. «Իրեն հարգող հարուստ բոլոր հրեաները տալիս են գումարներ Հոլոքոսթի ֆոնդին, որպեսզի ուսումնասիրվեն փաստաթղթերը: Այնուամենայնիվ ամեն ինչ պետք է արվի պրոպագանդելու ու աշխարհին ի ցույց դնելու ցեղասպանության փաստը: Եվ մեր համայնքը լուրջ զբաղվում է այդ հարցով»:
Հյուպատոսը խուսափեց որեւէ պատասխան տալ «Ազգի» հարցին ու միայն ասաց. «Ես գտնում եմ, որ տկն Վարժապետյանը ամբողջովին պատասխանեց ձեր հարցին եւ դա բավարար է»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ