Հայերի եւ վրացիների բազմահազարամյա համակեցության խորհրդանիշներից մեկն արդեն միջնադարում ավարտուն տեսք ստացած այն վրացական առասպելն է, ըստ որի հայերի նահապետ Հայոսը (Հայկը) եւ վրացիների նահապետ Քարթլոսը հարազատ եղբայրներ էին: Երկու բնիկ ժողովուրդների ծագումնաբանության ու ժամանակակից լեզվաբանությանը թերեւս քիչ աղերսվող այս առասպելն իրականում խորին խորհուրդ ունի. ժողովրդական հոգեկերտվածքն ու արժեհամակարգը յուրովի են իմաստավորում անցյալը, ներկան ու ապագան: Համաշխարհային պատմության մեջ, դժբախտաբար, եզակի են եղել այն դեպքերը, երբ երկու ժողովուրդ անհիշելի ժամանակներից ապրել են կողք կողքի, բնականաբար, ժամանակ առ ժամանակ խնդիրներ, վեճեր, անգամ բախումներ են ունեցել, սակայն դա երբեւէ չի վերաճել արյունահեղության ու թշնամանքի: Եվ բարեբախտաբար, հայերն ու վրացիներն են, որոնց պատմության վերջին առնվազն երկուսուկես հազարամյակում հայտնի է հայ-վրացական «բախումների» առավելագույնը երկու-երեք դեպք: Ընդդիմախոսները թերեւս կարող են հիշել Քրիստոսից հետո առաջին դարը, երբ Վաղարշ եւ Տրդատ Արշակունիների գլխավորած հայ-պարթեւական զորքերը Հայաստանից վտարեցին հռոմեական դրածո, իբերների Փարսաման թագավորի որդի Հռադամիզդին եւ նրա զորքին: Երկրորդը 1919 թվականին էր, երբ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կարճատեւ զինված բախումից հետո Անգլիան ստանձնեց հաշտարարի ու բաժանարարի դեր...
Մի քիչ պատմություն
Հայերի հնդեվրոպական ծագման եւ հնդեվրոպական նախահայրենիքի ճշգրիտ տեղադրության ամենալուրջ փորձը կատարել է վրաց լեզվաբան Թամազ Գամկրելիձեն իր ռուս գործընկեր Վյաչեսլավ Իվանովի հետ: Նրանք էին, որ առաջինը տեղադրեցին հնդեվրոպական ցեղախմբերի նախահայրենիքը Վանա լճի շրջակայքում, հենց այնտեղ, որտեղ իր գերդաստանի հետ հաստատվել էր Հայկ նահապետը 4504 տարի առաջ: Կային ժամանակներ, երբ Հայաստանը մեծ էր, Վրաստանը` փոքր, եւ ժամանակներ, երբ Վրաստանն էր ավելի հզոր: Վրաց բոլոր նշանավոր թագավորների կողքին եղել են առաջնակարգ դիրքեր զբաղեցնող հայեր: Հնագույն վրացագիր գիրքը Վարդան Մամիկոնյանի դստեր` Շուշանիկի նահատակության պատմությունն էր, որը գրել է նրա հոգեւոր հայրը` Յակով Ցուրտավելին 5-րդ դարում: Հայերը, բոլոր ժամանակներում օգտվելով վրաց թագավորների հովանավորություններից եւ հաստատվելով Վրաստանում, նպաստել են վրաց պետականության ամրապնդմանը: Ալեքսանդր Պուշկինը գրում էր, որ Թիֆլիսն առավելապես հայերով բնակեցված քաղաք էր, եւ նույնիսկ նշում էր հայերի պաշտոնական թիվը: Թիֆլիսում են թաղված հայ մշակույթի շատ մեծեր, եւ իր խորհրդով այդ պանթեոնը կարելի է համեմատել միայն Պոլսի հետ: Հայերի հսկայական ծառայությունը Վրաստանի տնտեսության, արվեստի, մշակույթի, կրթության ու քաղաքականության ոլորտներում մշտական խոսք ու զրույցի, հաճախ բանավեճերի վերածվող խոսակցությունների առատ նյութ է հայերի ու վրացիների միջեւ: Թիֆլիսում են ստեղծագործել Սայաթ-Նովան ու մեծն Թումանյանը, եւ Համբոն էլ Գիքորին «լավ կյանքի» հետեւից Թիֆլիս էր տանում, ոչ թե Երեւան բերում... Սրանք պատմության լոկ դրվագներ են, եւ այս ամենը չիմանալը նշանակում է չհասկանալ հայ-վրացական հարաբերությունների բացառիկ ֆենոմենը` հանգեցնելով «վերլուծականները» «մեր ճանապարհի մասին» մասնակիորեն ճիշտ, բայց ամբողջության մեջ` չափազանց պարզունակ դատողությունների:
Նոր խնդիրներ նոր ժամանակներում
2008թ. վրաց-հարավօսական հակամարտությունից հետո Վրաստանն իր քաղաքական կայունության հաշվարկված վարկանիշներով Հարավային Կովկասում ամենացածր տեղում էր: Հենց այդ պատճառով էլ 2011 թ. դեկտեմբերին Վրաստանի ազգային անվտանգության նորացված հայեցակարգում ձեւակերպվեց այն միտքը, որ «Ռուսաստանի գլխավոր նպատակը Վրաստանը չկայացած պետություն դարձնելն է»: Իր տարածքային ամբողջականության համար պայքարում Վրաստանը բախվեց անլուծելի մարտահրավերների: Շատ եմ պատահել վրացի զրուցակիցների, ովքեր համոզված պնդում են, որ բարեփոխումների եւս մեկ հնգամյակ քաղաքական նորամուծությունները ու նոր հասարակական հարաբերությունները կդարձնի անշրջելի:
Հիմա ամառ է, եւ տասնյակհազարավոր հայաստանցիներ ուղղվել են դեպի վրացական լողափեր: Սա եւս մեկ առիթ է քննարկելու վրացական բարեփոխումները եւ համեմատելու մեր իրականության հետ: Հայերիս միջեւ «թունդ զրույցները» հանգում են այն հարցադրմանը, թե կիրառելի՞ է արդյոք վրացական փորձը Հայաստանի համար եւ հնարավո՞ր են արդյոք մեզանում նման արմատական, արագընթաց, բայց անցավ բարեփոխումներ: Անկախության քսան տարիների ընթացքում առնվազն մի քանի փուլ է եղել, երբ հայերն ու վրացիները նայել են իրար բարի նախանձով` մտազբաղ համեմատելով իրենց վիճակը: Հայ-վրացական մրցակցություն-համերաշխությունը տեսանելի հեռանկարում էլի շարունակվելու է, առնվազն այնքան, որքան Հարավային Կովկասում շարունակվելու են քննարկումները, թե տարածաշրջանային իրադրությունը հարաբերական կայունությո՞ւն է արդյոք, թե՞ հարաբերական անկայունություն: Եվ մինչ հայ քաղաքական գործիչները բարձր ամբիոններից կձեւակերպեն ժողովրդական խոսքուզրույցը, կյանքը շարունակվում է, իսկ տնտեսական ու քաղաքական իրողությունները թելադրում են իրենցը:
Ռուսաստանի հետ Վրաստանի սառեցված թշնամանքը իրականում ոչ միայն անհարմարություն, այլեւ խոր ցավ է պատճառում մեզ: Ռուսաստանը մեր անվիճելի դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է: Վրաստանը մեր մերձավոր հարեւանն է եւ հուսալի տնտեսական գործընկերը: Վրաստանը Ադրբեջանին պաշտոնապես համարում է իր ռազմավարական գործընկերը, իսկ ղարաբաղյան հակամարտության առկայությունը` սպառնալիք իր ազգային անվտանգությանը: Վրաստանով են անցնում այժմ գործող եւ ապագայում գործարկվելիք էներգակիրների բոլոր ճանապարհները: Մեր ժամանակների քաղաքական մեծագույն իմաստությունն այն է, որ բարդ հարաբերությունների այս խճանկարում մրցակցությունն ու ելքերի փնտրտուքը երբեւէ չհանգեցնեն թյուրըմբռման, վիրավորանքի ու թշնամանքի: Իրականում, Վրաստանում դատապարտված են հանգիստ նայելու Ռուսաստանի հետ մեր ռազմաքաղաքական դաշինքին ու մարտական եղբայրակցությանը ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում մենք ենք ուղղակի դատապարտված ըմբռնումով մոտենալու մեր հարեւանի` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը: Ո՞րն է սրա բանական այլընտրանքը... Ռուսների եւ վրացիների հետ առանձին-առանձին բարեկամական զրույցներում, շատ հարգարժան ծանոթ գործարարներ, քաղաքական ու հասարակական գործիչներ ինձ բազմիցս ասել են, որ իրականում խոր ցավ են զգում ռուս-վրացական թնջուկից, եւ շատ լավ հասկանալով, որ Հայաստանն իր մասշտաբով չի կարող լուրջ միջնորդ լինել դրա լուծման գործում, միաժամանակ անկեղծ պատրաստակամություն են հայտնել անելու հնարավորը:
Անհաղթահարելին հաղթահարելու կովկասյան իմաստությունը
Հայերը եւ վրացիները սեղանների շուրջը լավ կազմակերպված են, թամադայի անսահմանափակ լիազորություններով, խորիմաստ ու ճշմարտախոս կենացներով, խորապես պահպանողական ծեսերով ու ավանդակարգերով: Վերջին երկու տասնամյակում Հարավային Կովկաս եկած Արեւմուտքի մարդիկ փորձում են այս ավանդական հարաբերություններին հաղորդել պրագմատիկ, ասել կուզիՙ ժամանակակից շահով թելադրված շունչ: Հարավային Կովկասով շրջագայած ամերիկացի լրագրողներից մեկը վկայել է, որ եթե մեր տարածաշրջանի մեծ քաղաքները արդեն եվրոպական ժամանակակից տեսք են ստացել, ապա գյուղերում ոչինչ չի փոխվել, ասես ժամանակը կանգ է առել: Անկախ այն բանից, որ Ապշերոնում գազ ու նավթ կա, որ Վրաստանը առավելագույնս օգտագործում է իր տարանցիկ հնարավորությունները, իսկ Հայաստանը շարունակում է գտնվել մասնակի շրջափակումների մեջ, շատ խնդիրներ նույնն են եւ դեռեւս դժվար է ասել, թե ինչ-որ մեկը մյուսից պոկվել ու վերջնականապես առաջ է անցնել: Ընդհակառակը, պաշտոնական Թբիլիսիում, անշուշտ, շատ լավ են գիտակցում, որ տարածաշրջանային չլուծված խնդիրներն ու նախ եւ առաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր բորբոքումը կարող են կործանարար դառնալ ամբողջ տարածաշրջանի համար: Այս մասին բարձրաձայնելու եւ ահազանգելու վերջին առիթը նաեւ Իրանի եւ Սիրիայի շուրջը աճող լարվածությունն է, ինչը կարող է աղետալի ալիք տարածել նաեւ Հարավային Կովկասում:
Վերջին շաբաթների ընթացքում աշխուժացել են խոսակցությունները, թե համադրելի՞ են արդյոք եվրոպական ինտեգրացիայի գործընթացները եվրասիական ինտեգրացիայի ծավալվող գործընթացի հետ: Հայաստանում ու Ադրբեջանում սկսել են մտորել այդ գործընթացներում իրենց անցավ ու շահավետ հետագա մասնակցության հեռանկարների մասին: Վրաստանը թակում է ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիության դռները` լիարժեք մասնակցության հույսով: Այնտեղ չեն շտապում ներս թողնել, բայց լուրջ հնարավորություններ են ստեղծում հետագա ինտեգրումը խթանելու համար: Պաշտոնական Թբիլիսիում եւ պաշտոնական Մոսկվայում սկսել են խոսել հարաբերությունները կարգավորելու հնարավորությունների մասին, բայց էական տեղաշարժեր չկան եւ առնվազն մինչեւ նախագահական գալիք ընտրություններ դժվար թե լինեն:
Հարավային Կովկասի ռազմաճակատային գծերը, փակ սահմանները, հաղորդակցության գործող ուղիները, անշուշտ, զարգացումը խաթարող եւ լարվածություն առաջացնող երեւույթներ են: Եվ դրանց առկայությամբ են թելադրված տարածաշրջանի մարդկանց մտքերն ու քայլերը: Վրաստանը մեր համեմատությամբ միշտ էլ ավելի նպաստավոր, բնական ու տնտեսական հնարավորություններ է ունեցել: Վերջին քսան տարում տասնյակհազարավոր վրացահայեր հեռացել են այլ երկրներ (գլխավորապես Ռուսաստան) աշխատանք եւ ապրուստ գտնելու համար: Վերջին տարիների նորությունն այն է, որ հազարավոր հայաստանցիներ տեղափոխվել են Վրաստան մանր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Նոր ժամանակների այս դինամիկ փոփոխությունները նոր խաղի կանոններ են թելադրում: Վերջին երկու հարյուր տարիներին վրացահայերի երկրորդ լեզուն ռուսերենն էր, հիմա նրանք պետք է վրացերեն սովորեն: Դա անհրաժեշտ է, որովհետեւ Վրաստանը նույնպիսի պետություն է, ինչպես Հայաստանը կամ որեւէ այլ պետություն, եւ չիմանալով վրացերեն ուղղակի անհնար է լիարժեք ինտեգրվել վրացական հասարակության մեջ: Ոմանք հեշտ համարվող վրացերենը սովորում են դժվարությամբ, իսկ մյուսներն, ընդակառակը, ձգտում են դա անել օր առաջ: Լավ նորություն է, որ Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում վերջապես պաշտոնական կարգավիճակ ստացավ: Եվ դա կարող է դրական ազդեցություն ունենալ հին ու նոր միջեկեղեցական վեճերի լուծման համար: Ջավախքի կրթական ու մշակութային շատ հիմնախնդիրներ սկսել են լուծվել: Ինձ պատահած շատ ջավախահայեր դա ընդունում են, բայց միաժամանակ ասում են, որ սպասում են նաեւ տեղական ինքնակառավարման ոլորտներում հայոց լեզուն պաշտոնապես ճանաչելու որոշմանը: Սա, նրանց համոզմունքով, ամբողջովին տեղավորվում է փոքրամասնությունների իրավունքների մասին եվրոպական օրենսդրության շրջանակներում:
Վրաստանը նաեւ գրավիչ է դարձել արտասահմանյան զբոսաշրջիկների համար, եւ մինչ Հայաստանում քննարկում են Հայաստանը նույնքան գրավիչ զբոսաշրջիկության երկիր դարձնելու հնարավորությունները, ավելի ճարպիկ ու գործունյա մեր տուրօպերատորները հետաքրքրական լուծումներ են գտել Հայաստանի ու Վրաստանի զբոսաշրջիկային գրավչությունները միատեղելու ուղղությամբ:
Միջազգային հանրությունը հիմա ավելի քիչ է խոսում Հարավային Կովկասում ներտարածաշրջանային ինտեգրացիայի մասին, ըստ երեւույթին լավ հասկանալով, որ առկա հակամարտությունները շուտ չեն լուծվելու: Բայց Հայաստանի եւ Վրաստանի քաղաքական ղեկավարները միշտ էլ գիտակցել են, որ գալու է մի պահ, երբ տնտեսական աճող համագործակցությունը օրգանապես վերաճելու է տնտեսական ինտեգրացիայի: Այս մասին շատ է խոսվել եւ դեռ էլի կխոսվի, որքան որ մեծանան շփման ու համագործակցության ծավալները:
Պատմական տարբեր ժամանակահատվածներում եւ տարբեր իրավիճակներում վրացիներն ու հայերը մեկ վերհիշել, մեկ մոռացության են տվել Հայոսի ու Քարթլոսի մասին առասպելը: Սա հասկանալի է, եւ պատմաբանները միշտ էլ դրա բացատրությունը տվել են: Արժե հիշել Հայոսին եւ Քարթլոսին, երբ մերօրյա գլոբալ վայրիվերումներում ամենատարբեր պատճառներով կամ առիթներով բացասական հույզերը փորձում են մթագնել բանականությունը:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու