Եթե ցանկանում եք գտնել Ձեր կեսին եւ չգիտեքՙ ե՞րբ եւ որտե՞ղ, ապա կարող եք դիմել նաեւ ամուսնական գործակալություններին: Սակայն այս դեպքում չեք կարող խուսափել մարդկային հոգեբանական բարդույթներիցՙ պայմանավորված հանրային մտածողության կարծրատիպերով: Ի՞նչ անել, ինչպե՞ս անել, ի՞նչ կմտածեն շրջապատում եւ վերջապես, ինչպե՞ս շրջանցել այդ տաբուները, դժվար է ասել:
Հայ իրականության մեջ ժամանակին աղջիկներին ու տղաներին ամուսնացրել են ծնողների եւ ազգականների կամեցողությամբՙ նկատի ունենալով հիմնականում, թե որ տոհմից է, որ ազգանունից, սոցիալական ո՞ր խավին է պատկանում:
Եղել են նաեւ կանայք, որոնք համապատասխան վճարի դիմաց կատարել են միջնորդի` այսօրվա գործակալության դերակատարությունը:
Ժամանակին հայտնի երգիծաբան Հակոբ Պարոնյանը իր «Մեծապատիվ մուրացկանները» ստեղծագործության մեջ բավականին ներողամիտ հումորով ներկայացնում է գլխավոր հերոսի` Աբիսողոմ աղայի պահանջները միջնորդ տիկին Շուշանին, որի արհեստը սիրո միջնորդությունն էր. «Այրիներուն կգտներ, կիներուն այր կմատակարարեր, եւ զանոնք իրարու հետ ամուսնացնելով յուր աշխատության վարձքը կընդուներ»: Աբիսողոմ աղան կպահանջե` աղջիկը մեծ տեղե կուզեմ, թույլ չեմ տա, որ կինս ժամերով դաշնակի առջեւ անցնի եւ այդ նվագարանի վրա եվրոպական խաղեր զարնե, ապա թե ոչ, չեմ կարգվիր: Ստորին կարգի աժանը չեմ ուզեր, ճերմակը կուզեմ, մեկ աչքը կապույտ, մյուսը սեւ կուզեմ, հասակն ու մազերը երկար-երկար, մեջքը բարակ ըլլա, բայց տկարը չեմ ուզեր, կուզեմ, որ քալած ժամանակ միսերը շարժին, որ շատ ալ պարկեշտ ըլլա, հայրն ալ հարուստ ըլլա»:
21-րդ դարում միջնորդ կանանց փոխարինում են ամուսնական գործակալությունները, Հայաստանում այժմ կան պաշտոնապես գրանցված երկու ամուսնական գործակալություններ` «Հանդիպում» եւ «Երջանկության գաղտնիք»: Զրուցեցինք «Հանդիպում» ամուսնական գործակալության տնօրեն Նարե Մարտոյանի հետ, որը նշեց. «Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս միայնակ կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ: Ամուսնական գործակալություն դիմում են ոչ թե տգեղ կամ ոչ պիտանի կանայք, այլ այնպիսի աղջիկներ եւ կանայք, որոնք ժամանակի սղության պատճառով չեն հասցրել իրենց անձնական կյանքը կարգավորել»: Ն. Մարտոյանը ընդգծեց նաեւ, որ «Հանդիպում» ամուսնական գործակալությունը ժամանցի կենտրոն չէ, որտեղ հնարավոր է ժամանակավոր ընկերուհիներ գտնել, եւ հավելեց. «Դիմում են տարբեր մասնագիտությունների եւ աշխատանքի տեր մարդիկ` բժիշկներ, դասախոսներ, փոխնախարարներ եւ այլք»:
Ամուսնական գործակալությունում հատուկ հոգեբանի ծառայություն չկա, որ յուրաքանչյուրի հետ աշխատի, այլ միայն նկարների փոխանակում է տեղի ունենում, սակայն հաճախորդի ցանկության դեպքում խորհրդատվություն տալիս է տնօրենը, քանի որ հենց ինքը հոգեբան է:
Մեր զրուցակիցը նշեց արտառոց մի քանի դեպք, երբ 30 տարեկան աղջիկը ամուսնացել է 60 տարեկան տղամարդու հետ կամ, երբ հղի կինը ամուսնացել է այլ տղամարդու հետ: Անդրադառնալով ծանոթության կարգինՙ գործակալության տնօրենն ասաց. «Յուրաքանչյուր ամիս գործակալությունը կազմակերպում է երեկույթ, որի ընթացքում կազմակերպությանը դիմողները հանդիպում են միմյաց, ծանոթանում, եւ ստեղծվում են ընտանիքներ»:
Ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, գործակալությանը դիմում են 30-ից բարձր տարիքի կանայք, սակայն հայտեր ընդունում է 18 տարեկանից սկսած: Անդրադառնալով նախապատվություններին` մնալ Հայաստանում, թե մեկնել արտերկիր, Ն. Մարտոյանը նշեց, որ առաջ շատ էին արտերկիր գնում, իսկ այժմ ավելի շատ տղաներն են գալիս, եւ հավելեց, որ կենտրոնը պատասխանատվություն չի կրում առաջին հանդիպումից հետո, իսկ ծառայության համար գանձվող գումարը 12.500 դրամ է, որը չի վերադարձվում:
«Ազգը» հարցում անցկացրեց հանրության շրջանում, պատասխանողներից գրեթե 90 տոկոսը բացասաբար է վերաբերվում ամուսնական գործակալություններինՙ ամոթաբեր համարելով, որ աղջիկները դիմում են փեսացու գտնելու համար, քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում, «տանն են մնացել»: «Ազգը» նաեւ կապ հաստատեց ամուսնական գործակալության միջոցով ամուսնացած մի քանի զույգի հետ, որոնք չցանկացան խոսել այդ թեմայից, միայն ասացին, որ շնորհակալ են գործակալությանը, քանի որ նրա շնորհիվ շատ երջանիկ են:
Երջանկություն մաղթենք բոլորին եւ հուսանք, որ բոլորը կգտնեն իրենց կեսին:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ