«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2012-08-22 | #144, 2012-08-23 | #145, 2012-08-24


ՄԻ ՊԱՐԶ ԳՈՅՈՒԹՅՈՒՆՙ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՄՇՏԱՐԹՈՒՆ ՈԳՈՎ

Մի թանձր թախիծ, մի լուռ տխրություն, համեմված դառը երգիծանքով ու մղձավանջային գրոտեսկովՙ ահա Լյուդմիլա Սահակյանցի նկարահանած «Նախաշեմին» (1993-2002) ֆիլմ-միստերիայի ողբերգական մթնոլորտը: Մի մթնոլորտ, որն ըստ ավանդույթի հայ մշակութային կյանքում կապվում է Կոմիտասի կյանքի եւ գործունեության հետ, եւ որը, ըստ ֆիլմի հեղինակի, կարելի է շատ ավելի լայն հասկանալՙ որպես հայ մտավորականի ողբերգական ճակատագիրն արտահայտող հավաքական պատկեր: Թեեւ այդ կոնցեպցիան, ըստ էության, չափազանց ծանր ու անհուսալի է երեւում, դժվար է չհամաձայնել դրան, քանի որ վերջին 20 տարիները վերապրած հայ մտավորականները իրենց հոգում եւ սրտում կրում են այդ ողբերգական իրավիճակի հետքերըՙ յուրաքանչյուրն իր անձնական կորուստների միջոցով: Աբսուրդի թանձր ու ճնշող ազդեցության ներքո մարդիկ հաճախ խճճվում են, չեն տարբերելում թացը չորից, չարը բարուց ու սեւը սպիտակից, եւ շատերը, հոգնած լինելով անվերջ ցավերից ու հոգսերից եւ, ընդունելով, որ չարն ավելի զորավոր է, հրաժարվում են անհավասար պայքարից: Դրան հաջորդում է այն, ինչն անխուսափելիորեն պիտի հաջորդի նման մտածելակերպին. արդարադատությունը վեր է ածվում խեղկատակության, կրթության լույսն անարգվում ու հալածվում է, իսկ մսավաճառությունն ու մարմնավաճառությունը դառնում են ստրուկ-իշխանավորների ու ստրուկ-հպատակների արժեհամակարգի որոշող չափանիշները...

Առաջին իսկ կադրերից ֆիլմում հնչում է խոհուն եւ միաժամանակ ազդեցիկ երաժշտություն, որի հեղինակն է ժամանակակից հայ երաժշտության զարմանալի վարպետ Ավետ Տերտերյանը: Ըստ բեմադրող ռեժիսորի խոստովանության, կոմպոզիտորն օգնել է իր խորհուրդներով նաեւ ողջ լսողական շարքի կառուցման ընթացքում Յու. Հարությունյանին եւ Ե. Բազանովին: Հարկ է նշել, որ մի շարք անիմացիոնՙ այդ թվում հայտնի «Մկների ժողովը» (1978), «Երազահանը» (1989) ֆիլմերի հեղինակ Լյուդմիլա Սահակյանցի այս աշխատանքով մի նոր էջ է բացել ե՛ւ իր, ե՛ւ առհասարակ հայ կինոյի ստեղծագործական պատմության մեջ: Դա առաջին փորձն է անիմացիայի եւ խաղարկային ֆիլմի հնարավորությունները սինթեզել մի նոր ժանրումՙ ֆիլմ-միստերիայում:

Նշանակալից եւ բազմազան է ֆիլմի տեսողական շարքը. ինքնին խոսուն են ե՛ւ Գրիգոր Խանջյանի Կոմիտասյան գծանկարի շարքը հիշեցնող զուսպ, բայց շատ արտահայտիչ սեւ-սպիտակ կադրերը, ե՛ւ Վ. Ժանովի մշտապես տեղին տեսաէֆեկտները, ե՛ւ Ռ. Ադոմայտիսի լուռ, բայց չափազանց ինքնամփոփ, օրգանական եւ համոզիչ ներկայությունը: Առհասարակ, դժվար է գերագնահատել լիտվացի դերասանի դերը ֆիլմի բարդ մտահղացման կայացման մեջ, եւ մեծ հաջողություն էր գտնել մի դերասանի, որը, ազգությամբ հայ չլինելով, կարողանար այդքան ներդաշնակորեն ընդգրկվել ֆիլմի արտահայտչական համակարգի մեջ, եւ այդքան համոզիչ կերտել հայ արվեստագետի ազնիվ կերպարը: Միգուցե դա հաջողվել է նաեւ այն պատճառով, որ Կոմիտասի կյանքի ողբերգությունը խորապես հուզել եւ շարունակում է հուզել ոչ միայն մեզՙ հայերիս, այլեւ համայն մարդկության արվեստագետներին: Ադոմայտիսին նայելովՙ թվում է, թե ազնիվ արվեստագետը էկրանի վրա իր պարզ գոյության փաստով անգամ ի զորու է որոշ ժամանակով ցրել խտացող մղձավանջը, եւ որ նրա այդ լուռ ներկայության մաքրագործող ազդեցությունը կարող է չափազանց կարեւոր դեր ունենալ, որքան էլ դա զարմանալի եւ անհնարին թվա անհավատներին: Առհասարակ, ներկայացնել միաժամանակ ե՛ւ ստեղծագործ անհատի զորեղ ներուժը եւ նրա անզորությունըՙ չարիքի դեմ մղած իր անհավասար պայքարում, չափազանց բարդ խնդիր է, սակայն ռեժիսորին դա հիմնականում հաջողվել էՙ Ադոմայտիսի մարդկային հզոր կերպարի եւ ներգործուն կատարողական արվեստի շնորհիվ:

(կրճատումներով)

ՆԱՏԱԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4