«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2012-08-22 | #144, 2012-08-23 | #145, 2012-08-24


ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է

Հայկ Մարտիրոսյանի 6-րդ անընդմեջ հաղթանակը

Պրահայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում շարունակում է վերելքով հանդես գալ Հայկ Մարտիրոսյանը, որը մինչեւ 12 տարեկանների մրցաշարում շահել է անցկացրած բոլոր 6 հանդիպումները: Նրա հերթական «զոհը» Ալեքսեյ Սարանան էր: Այս հաղթանակի շնորհիվ Մարտիրոսյանը պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը: Նրան կրնկակոխ հետապնդում է լեհ Կասպեր Գրելան, որն ունի 5,5 միավոր: Եվս 6 շախմատիստներ 5-ական միավորով հետապնդում են Հայկ Մարտիրոսյանին: Այնպես որ չեմպիոնի կոչման համար պայքարը գնալով թեժանում է եւ յուրաքանչյուր վրիպում կարող է ճակատագրական լինել: 7-րդ տուրում Հայկը սեւերով կմրցի Կասպեր Գրելայի հետ:

4,5 միավոր է վաստակել տարիքային այս խմբում հանդես եկող Արամ Հակոբյանը: Նա ոչ-ոքի խաղաց Յոհանս Հանգի հետ:

Մինչեւ 18 տարեկան պատանիների մրցաշարում Հովհաննես Գաբուզյանը հաշտություն կնքեց առաջատարիՙ Վադիմ Մոիսեենկոյի հետ, որից կես միավորի տարբերությունը պահպանվեց: Գաբուզյանն ունի 5 միավոր եւ Դանիել Ֆորցենի հետ հետապնդում է առաջատարին:

Առաջատարների խմբում է նաեւ մինչեւ 14 տարեկանների մրցաշարի մասնակից Մանուել Պետրոսյանը, որը վաստակել է 5 միավոր: Նա հաղթեց Թոդոր Դոլունային: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է լեհ Յան-Կրժիժտոֆ Դուդան, որից կես միավոր է հետ մնում Ռադոսլավ Գայեկը:

Մինչեւ 10 տարեկանների մրցաշարում էլ Շանթ Սարգսյանը 5 միավորով հետապնդում է առաջատարներին: Շանթը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Անտոն Սիդորովի նկատմամբ: Աղյուսակը գլխավորող Անդրեյ Եսիպենկոն ունի 6 միավոր, որից կես քայլ է հետ մնում սերբ Վելիմիր Իվիչը:

Մինչեւ 8 տարեկանների մրցաշարում Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 4 միավոր եւ 1,5 միավորով զիջում է աղյուսակը գլխավորող Թեո Սիկոլիին: Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում էլ Տիգրան Հարությունյանը 4,5 միավոր ունի եւ 1,5 միավորով զիջում է առաջատարի դերը ստանձնած Ավիթալ Բորուչովսկուն:

6-րդ տուրն անհաջող էր հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունեցող Մարիա Գեւորգյանի համար, որն առաջին պարտությունը կրեց: Նրա 4 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատեց Տատյանա Կլիչկովան: Վերջինս այդ հաղթանակի շնորհիվ վաստակեց 5,5 միավոր եւ Աիսա Իմեեւայի հետ գլխավորեց աղյուսակը: Իսկ Մարիան 4,5 միավորով նահանջեց 6-րդ հորիզոնական:

Մարիայից հետո հայ շախմատիստուհիներից 2-րդ արդյունքն ունեն Կարինե Բեգլարյանն ու Անի Հարությունյանը, որոնք վաստակել են 4-ական միավոր: Կարինեն մինչեւ 10 տարեկանների մրցաշարում հաղթեց Անատ Օստրինին: Տարիքային այս խմբի առաջատարը ռուսաստանցի Անաստասիա Զոտովան է, որը 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Անին պարտվեց Օլգա Հինցուին: Նա 2 միավորով հետ է մնում մինչեւ 16 տարեկանների մրցաշարի առաջատար Դարիա Վիսանեսկուից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4