«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2012-08-22 | #144, 2012-08-23 | #145, 2012-08-24


ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ ՀԱՅ ՊԱՐԱՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոնդոնում կայանալիք 14-րդ ամառային պարաօլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն ծանրորդուհի Գրետա Վարդանյանն ու լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը: Հայաստանի 6-հոգանոց պատվիրակությունն այսօր կմեկնի մրցավայր: Լոնդոն մեկնելու նախօրեին պատվիրակությանն ընդունել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Ողջունելով ներկաներին, փոխնախարարը հայ մարզիկներին մաղթել է պահպանել մարտական ոգին եւ անել առավելագույնըՙ լավ արդյունքներ գրանցելու համար:

«Անկախ գրանցված արդյունքներից, հիշեք, որ դուք արդեն մեր հաղթողներն եք, մենք հպարտանում ենք ձեզանով, հայրենիքը սպասում է ձեզ», նշել է Խաչիկ Ասրյանը: Միաժամանակ, նա իր գոհունակությունն է հայտնել պարաօլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի պարաօլիմպիական կոմիտեի կատարած կազմակերպչական աշխատանքներից: Հայաստանի պարաօլիմպիական կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ բարեմաղթանքների համար ու նշել է, որ մեր պատվիրակությունը մեկնում է հաղթական տրամադրվածությամբ եւ մրցանակային տեղ զբաղեցնելու ակնկալիքով:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր համապատասխան որոշման մեջ եւ դրամական մրցանակներ է սահմանել նաեւ պարաօլիմպիական խաղերում մեդալներ նվաճած մարզիկների համար:

Լոնդոն մեկնող մեր պատվիրակությունը երեկ ներկա է գտնվել նաեւ «Միկա» մարզասրահում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպված սեղանի թենիսի սիրողական մրցաշարին: Դրա ավարտից հետո Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը եւ Լոնդոնի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը պարաօլիմպիական խաղերի մասնակիցներին են հանձնել հայկական դրոշը, որը բացման արարողության ժամանակ տանելու է Գրետա Վարդանյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4