Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի առաջին հանդիպումն անհաջող անցկացրեց Մոսկվայի «Դինամոն», որի կազմում է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Վերջինս կրկին հայտնվել էր պահեստայինների նստարանին: Իսկ դարպասը պաշտպանող Անտոն Շունինը Շտուտգարտում 2 անգամ գնդակը հանեց ցանցից: Երկու գոլերն էլ խփեց «Շտուտգարտի» հարձակվող Իբիշեւիչը:
Իսկ ահա Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ն սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց իսրայելական «Հապոելին» եւ լավ հնարավորություն ունի շարունակելու պայքարը խմբային մրցաշարում: ԲԱՏԷ-ի կազմում էլ հանդիպմանը չմասնակցեց Դիլիջանի «Իմպուլսի» նախկին հարձակվող Զավեն Բադոյանը:
Կիպրոսի ԱԵԷ-ը 2-1 հաշվով պարտության մատնեց բելգիական «Անդերլեխտին»: Իսպանական «Մալագան» էլ 2 անպատասխան գնդակ ուղարկեց հունական «Պանատինաիկոսի» դարպասը: «Բրագա»-«Ուդինեզե» խաղում գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1: «Դինամո» Զագրեբ-«Մարիբոր» հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակովՙ 2-1: