Հավաստիացրեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Նովոստի» գործակալության մամուլի ակումբում երեկ անդրադարձավ գյուղատնտեսությունում 7 ամսվա ընթացքում արձանագրված արդյունքներին, առանձնացնելով մթերումների կազմակերպման խնդիրը: Նա նշեց, որ նախարարության ամբողջ ուշադրությունը բեեռված է բերքի իրացման` մթերման խնդրին, եւ կարելի է ասել, որ հաջողվում է լուծել: Չնայած որոշ ձեռնարկություններ չեն աշխատում եւ կան դժվարություններ, բայց դա, ըստ նախարարի, չի խանգարում մթերման աշխատանքներին:
Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ այս տարվա հունվար-հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 290,5 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 10,2 տոկոսով: Աճ են ունեցել ե՛ւ բուսաբուծությունը` 20 տոկոսով, ե՛ւ անասնապահությունը` 2 տոկոսով: Գյուղնախարարի ներկայացմամբ, համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) գյուղատնտեսության բաժինը 2005-ից նվազել է, եւ այս միտումը շարունակվել է մինչեւ 2010 թ., երբ գյուղատնտեսության բաժինը ՀՆԱ-ում կազմեց 17 տոկոս: Սակայն 2011-ից, «գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների ջանքերով եւ պետական աջակցության ծրագրերի արդյունքում», այդ ցուցանիշը փոխվեց եւ կազմեց ՀՆԱ-ի ավելի քան 20 տոկոսը: Սերգո Կարապետյանը վստահություն հայտնեց, որ այս միտումը մինչեւ տարեվերջ կշարունակվի:
Խոսելով 7 ամիսների այլ ցուցանիշների մասինՙ գյուղնախարարը տեղեկացրեց, որ եթե արտահանման ընդհանուր ծավալն ավելացել է 13,5 տոկոսով, ապա գյուղատնտեսական ծագման արտադրանքինը` 55,7 տոկոսով: Արտահանված արտադրանքի մեջ գյուղատնտեսական ծագման ապրանքների տեսակարար կշիռը այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 19,1 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13,9 տոկոսի փոխարեն: Առավել մանրամասն անդրադառնալով մթերումներինՙ Սերգո Կարապետյանն ասաց, որ մթերումների ծավալները նախորդ տարվա համեմատ ավելացել են շուրջ 18 տոկոսով, ընդ որում, պտղի մթերումը` 2,1 անգամ, իսկ մասնավորապես ծիրանինը` 3,5 անգամ: Մթերման գները նույնպես բարձր են եղել. դեղձը` 50-60 դրամ, ծիրանը` 40-50 դրամ, լոլիկը` 60 դրամ եւ այլն: Նախարարը չբացառեց, որ հնարավոր է կուտակումներ լինեն, սակայն բերքը ամբողջությամբ մթերվելու է: Նրա տեղեկացմամբՙ այսօր Արարատյան դաշտի բերքն ակտիվորեն մթերում են Արտաշատի պահածոների գործարանը, ՄԱՊ-ը, «Լեւոն» ՍՊԸ-ն, սկսել է նաեւ «Բորոդինոն»: Սերգո Կարապետյանն ասաց, որ թեեւ պետությունը լծակներ չունի ազդելու մթերողների վրա, բայց օգտագործելով անձնական կապերը եւ անգամ ստիպելովՙ ինքը բանակցում է մասնավոր գործարանների տերերի հետ, որ մթերումներն իրականացվեն:
Նոյեմբերյանի դեղձի մասին տրված հարցին գյուղնախարարը պատասխանեց, որ վաղահաս դեղձն այդտեղ ամբողջությամբ մթերվել է, սկսվել է միջահաս դեղձի մթերումը: Նա բացառեց գյուղացիների կողմից բերքը թափելու հնարավորությունը, ասելով, որ գուցե դժգոհեն եւ ինչ-որ քայլեր անեն, բայց ոչ ոք իր բերքը չի թափի:
Ինչ վերաբերում է գյուղմթերքների շուկայական գներին, ապա այս տարվա առատ բերքի շնորհիվ դրանք նվազել են: Մրգերի գները հուլիսին կազմել են անցյալ տարվա հուլիսի գների 79 տոկոսը, խնձորինը` 47,8 տոկոսը, դեղձինը` 67,2 տոկոսը, ծիրանինը` 56 տոկոսը, բալինը` 44 տոկոսը եւ այլն:
Նախարարը կարեւոր է համարում գյուղատնտեսական շուկաների բացումը Երեւանում, ասելով, որ այդտեղ վերավաճառողներ չկան` գյուղացիներն ու քաղաքացիները առանց միջնորդի բերքի առուվաճառք են անում:
Գյուղատնտեսության ապահովագրության վերաբերյալ տրված հարցի մասին էլ Սերգո Կարապետյանն ասաց, որ առաջիկայում դա մեզ մոտ չի կարող լինել, քանի որ բավականին բարդ գործընթաց է, բայց որոշ քայլեր այդ ուղղությամբ արվում են:
Առաջիկա տարում գյուղատնտեսության համար գերակա խնդիր է լինելու կոոպերացիաների ստեղծումը: Այս տարի ստեղծվել են 39 նման կոոպերացիաներ անասնապահության ոլորտում, նախատեսվում է ստեղծել եւս 20-ը:
Միաժամանակ, կշարունակվեն պետական աջակցության ծրագրերը ոլորտին: Դրանք են սերմացուի մատկարարումը, վառելիքի, պարարտանյութի եւ գյուղատնտեսական վարկերի պետական սուբսիդավորումը: Նախարարը տեղեկացրեց, որ պարարտանյութի 1 պարկը տրվելու է 6000 դրամով, երբ շուկայական գինը դարձել է 9000 դրամ, իսկ դիզվառելիքըՙ 350 դրամով: