Նոր բախումներ Տրիպոլիում
Թուրքիայի եւ ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները Անկարայում անցկացրել են «օպերատիվ պլանավորման խմբի» առաջին նիստը, որի նպատակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի շուտափույթ տապալմանը նպաստող պայմանների ստեղծումն է:
Ֆրանսպրեսը հաղորդում է, որ հանդիպումն անցկացվել էր փոխարտգործնախարար Խալիթ Ջեւրիկի եւ Անկարայում ԱՄՆ դեսպան Էլիզաբեթ Ջոնսի համանախագահությամբ: Խմբի կազմում ընդգրկված են նաեւ երկու երկրների պաշտպանական եւ հետախուզական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Կողմերը քննարկել են Սիրիայի վարչակարգի փլուզման եղանակները, ինչպես նաեւ իրադարձությունների նման զարգացման հնարավոր հետեւանքները, մասնավորապեսՙ քիմիական զենքի տարածման վտանգը:
Խմբի ստեղծման նախաձեռնությամբ հանդես էին եկել երկու երկրների արտգործնախարարներըՙ Հիլարի Քլինթոնի օրերս Թուրքիա կատարած այցելության ժամանակ: Մասնավորապես որոշվել էր, որ խմբի գոյությունը կօգնի խուսափել Սիրիայի իրադարձություններիՙ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի համար անցանկալի ընթացքից:
Թուրքիայում արդեն գործում է սիրիացի ապստամբների օգնության կենտրոն, որը կազմակերպվել է Անկարայի, Վաշինգտոնի եւ Պարսից ծոցի արաբական մի շարք երկրների համատեղ ջանքերով: Ռոյթեր գործակալության տվյալներով, այդ հաստատությունը գործում է Ադանա քաղաքում: Բացի դրանից, սիրիացի ապստամբներին արդեն համերաշխություն են հայտնել Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան:
Միաժամանակ հաղորդվում է, որ Սիրիայի դեպքերի պատճառով շարունակվում են բախումները Լիբանանի Տրիպոլի քաղաքում, որտեղ հակամարտ կողմերն են սուննիները եւ ալավիները: Օգոստոսի 24-ին հերթական բախումների ժամանակ սպանվել է սուննի աստվածաբան Շեյխ Խալիդ ալ-Բարադեյը: Տրիպոլիում երկու համայնքների թաղամասերը բաժանված են Սիրիայի փողոցով: BBC-ի տվյալներով, հակամարտ կողմերը օգտագործում են թեթեւ հրազեն եւ նռնականետներ: Քաղաքում հրդեհներ են սկսվել:
Լիբանանի կառավարությունը կարգուկանոնը վերահաստատելու նպատակով Տրիպոլի է ուղարկել մի քանի հարյուր զինվոր եւ զրահատեխնիկա: Վարչապետ, դավանանքով սուննի Նաժիբ Միկատին Տրիպոլիի բնակիչներին կոչ է արել չենթարկվել սանդրանքներին, որոնց նպատակը միջհամայնքային երկպառակության խորացումն է: Լիբանանում սուննիները պաշտպանում են սիրիական ընդդիմությանը, իսկ ալավիներըՙ Բաշար Ասադի վարչակարգին:
Լոնդոնում արաբերեն լույս տեսնող «Աշ Շարք ալ Աուսաթ» թերթը հաղորդում է, որ օրերս հիմնվել է «Լիբանանի սուննիների ռազմական խորհուրդ», որը կոչված է միավորելու Տրիպոլիի սուննի զինված ջոկատները: