«Նորին գերազանցություն»-ը վերջին անգամ հանրությանը ներկայացել է Բաքվի Թոֆիգ Բայրամովի անվան «հիմնովին արդիականացված ստադիոնի» կարմիր ժապավենը կտրելու առիթով: Մինչ այդ Իլհամ Ալիեւը մեկնել էր Լոնդոն եւ մասնակցել օլիմպիական խաղերի բացման կապակցությամբ Եղիսաբեթ 2-րդ թագուհու ընդունելությանը: Մի քանի օր անց, սակայն, նա ընտանյոք հանդերձ դարձյալ ուղեւորվել էր «մառախլապատ Ալբիոն»: Դա բավական արտառոց քայլ էր: Ադրբեջանական մամուլը գրեց, որ «նախագահը Լոնդոն է մեկնել` ոգեւորելու օլիմպիական մարզիկներին»: Մինչ այդ որակազրկվել էին ադրբեջանցի մի բռնցքամարտիկ, մրցամարտի թուրքմեն դատավորը եւ սիրողական բռնցքամարտի ադրբեջանական ֆեդերացիայի փոխնախագահը, որը միաժամանակ իշխող կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր է: Միջազգային մամուլը գրել էր, որ Ադրբեջանի ԱԻ նախարար Քյամալեդդին Հեյդարովը 9 մլն դոլարի «նվիրատվություն է արել» օլիմպիական բռնցքամարտի կազմակերպիչներին, ինչի դիմաց ադրբեջանցի մարզիկները «պետք է շահեին 2 ոսկե մեդալ»:
Իլհամ Ալիեւը Լոնդոնում էր, երբ ադրբեջանցիները ոսկե մեդալ «նվաճեցին»: Ճիշտ է` ըմբշամարտի գծով, բայց օլիմպիական ոսկին ամեն դեպքում կարեւորվեց նրանով, որ Լոնդոնում Ադրբեջանի օրհներգը հնչեց: Հարց է առաջանում` Իլհամ Ալիեւը չէ՞ր կարող Բաքվից կարգավորել ոսկե մեդալի հետ կապված հարցերը, հնարավո՞ր չէր Լոնդոն գործուղել մի ավելի ցածրաստիճան պաշտոնյայի, որի ներկայությունը կասկածներ չէր հարուցի, թե Ադրբեջանը «կաշառել է օլիմպիադայի մրցավարներին»: Նախագահի պաշտոն զբաղեցնողն այնքան հիմար չէ, որպեսզի այդ կարգի նրբությունները հաշվի չառնի: Աչք է ծակում մանավանդ հանգամանքը, որ նրա հետ Լոնդոնում էին կինը, դուստրերը եւ որդին: Թվում է` «մարզիկներին ոգեւորելու համար» տրիբունայում կնոջը եւ աղջիկներին, որոնք, ի դեպ, ամուսնացած են եւ մանկահասակ երեխաներ ունեն, ժամերով կանգնեցնելու եւ ըմբշամարտի տեսարաններ դիտել տալու կարիք չպետք է լիներ. «նորին գերազանցության» երկար հասակը բավական էր, որպեսզի ադրբեջանցի «փահլեւանները զգետնեին» մրցակիցներին:
Օլիմպիական խաղերից այնքան էլ երկար ժամանակ չի անցել: Եվ ահա Իլհամ Ալիեւը Թուրքախոս երկրների համագործակցության խորհրդի գագաթաժողովին, որ տեղի ունեցավ Բիշքեկում, չներկայացավ: Մենք արդեն գրել ենք, որ գուցե քաղաքական զգուշավորության պատճառով է, որ Ադրբեջանը ներկայացվել է վարչապետի մակարդակով: Երեկ, սակայն, Ադրբեջանի ԱԳՆ-ն «լեզու ծամծմելու» պես է անդրադարձել Իլհամ Ալիեւի` Թեհրան մեկնելու եւ չմիացած երկրների գագաթաժողովին մասնակցելու հավանականությանը: Տպավորությունն այն է, որ «նորին գերազանցությունը» բաց կթողնի նաեւ այդ գագաթաժողովը:
Նման ենթադրության է մղում «տանու» քաղաքագետներից մեկի «սպառիչ բացատրությունը», թե «նախագահը Թեհրան չի մեկնի, քանի որ այդ երկրում ապօրինաբար դատում են ադրբեջանցի երկու երիտասարդ բանաստեղծների», ինչին քաղաքագետ Փարվին Դարաբադին զգուշորեն հակադարձել է. «Երկու երկրների (Իրանի եւ Ադրբեջանի-Վ. Ա.) հարաբերություններն այն աստիճանի սրված չեն, որպեսզի նախագահի Թեհրան չմեկնելը դրանով բացատրվի, գուցե կան տեխնիկական կամ այլ պատճառնե՞ր»:
Մենք նայեցինք Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը (տես www.president.az/ եւ պարզեցինք, որ վերջին թարմացումն արվել է օգոստոսի 17-ին: Այդ օրն Իլհամ Ալիեւը ընդունել է Ադրբեջանում իր առաքելությունն ավարտած` Եգիպտոսի դեսպանին: Մեկ շաբաթից ավելի ժամանակ է անցել, սակայն «նորին գերազանցության» աշխատանքային գործունեության վերաբերյալ նրա իսկ կայքէջը որեւէ թարմացում չունի: Այս ֆոնի վրա ի՞նչ է նշանակում Դարաբադիի ակնարկը Թեհրան չմեկնելու «տեխնիկական կամ այլ պատճառների» մասին:
Ի՞նչ «տեխնիկական խնդիրներ» կարող է ունենալ Ադրբեջանի նախագահը, որպեսզի Թեհրան չմեկնի: Նրա ինքնաթիռը սարքի՞ն չէ, թե՞ իր նստավայրից մինչեւ օդանավակայան ճանապարհն է անբարեկարգ: Գուցե ընդունող կողմը «նորին գերազանցությանը» պատշաճող կեցավայր չի՞ հատկացրել: Բոլոր հարցերի պատասխանը բացասական է: Մնում է ընդունել, որ Իլհամ Ալիեւը Թեհրան մեկնելու հարցում «այլ պատճառներով» չի կողմնորոշվում:
«Այլը» կարող է քաղաքական լինել: Միացյալ Նահանգներն, ինչպես հայտնի է, Թեհրանի գագաթաժողովը, մեղմ ասած, «չի ողջունում»: Բայց Թեհրանում կգտնվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը, հանգամանք, որ գագաթաժողովին տալիս է կոնսենսուսային երանգ: Ուստի Իլհամ Ալիեւի, որպես ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ երկրի նախագահի, ներկայությունը գագաթաժողովին կդիտվեր օրինաչափ: Մանավանդ որ Իրանը եւ Ադրբեջանը հարեւան երկրներ են: Դա առիթ կդառնար, որ Բաքու-Թեհրան հարաբերությունների լարվածությունը որոշակիորեն մեղմվեր: Եվ եթե Իլհամ Ալիեւը, այս եւ այլ հանգամանքների նկատառմամբ հանդերձ, չմասնակցի Թեհրանի գագաթաժողովին, ուրեմն կամ գնում է «վա բանկ» եւ վերջնականապես «զրոյացնում» Իրանի հետ հարաբերությունները, կամ նա պարզապես այս օրերին անգործունակ է եւ ֆիզիկապես չի կարողանում տեղաշարժվել:
Վ. Ա