Երբեմն ցանկություն է առաջանում այլեւս չհետեւելու ադրբեջանական մամուլին: Ձանձրալի է, հոգնեցուցիչ: Ավելին, լինում են պահեր, երբ ստիպված ես լինում արձանագրել, որ հարեւան երկրում հիմարանալու հնարավորություններն ու միջոցներն անսպառ են: Իսկ իմաստնությունն ասում է` «հիմարի հետ գլուխ մի դիր»: Բայց ստիպված ես անձնական ապրումներդ կողմ թողնել, քանի որ հարկ է «մինչեւ արմատը» պարզել, թե ում հետ եւ ինչ գործ ունենք:
Վերջերս Բաքվում կայացել է «Կարկուտ» կինոֆիլմի շնորհանդեսը: Այն նկարահանվել է Միլլի մեջլիսի պատգամավոր, «ծագումով աղդամցի» Ագիլ Աբասովի հեղինակած սցենարի հիման վրա: Միջանկյալ նկատենք, որ պրոֆեսիոնալ «կինոշնիկները» հավանաբար հրաժարվել են կատարել իջեցված «պետպատվերը», ուստի «ազերպրոպն» ստիպված է եղել բավարարվելու կինեմատոգրաֆիայում անհայտ մի մեջլիսականի «տաղանդի պոռթկումով»: Ֆիլմը նկարահանվել է Աղդամի «օկուպացման» թեմայով: Այդ առթիվ սցենարի հեղինակն ասել է, որ «եթե ֆիլմը ցուցադրվեր բանակում, ապա շատերը կկրնեին Մուբարիզ Իբրահիմովի սխրանքը»:
Խոսքն ադրբեջանցի դիվերսանտի մասին է, որի դիակը բավական երկար ժամանակ անթաղ էր մնացել Արցախի ՊԲ առաջապահ զորամասերից մեկի խրամատում եւ հակառակորդ կողմին հանձնվեց, երբ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը խնդրանքով դիմեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Նկատենք նաեւ, որ արցախյան կողմը միշտ է պատրաստ «ըստ արժանվույն դիմավորելու» մուբարիզիբրահիմովներին: Բայց անցնենք առաջ: Ֆիլմի սցենարիստը եւ ռեժիսորը պատմում են, որ եզրափակիչ տեսարանն ըստ մտահղացման ներկայացնում է պահը, երբ «աղդամցիները վերադառնում են իրենց ազատագրված հողը»:
Այս տեսարանը նկարահանելու համար ընտրվել է զորքերի շփման գծին չափազանց մոտ վայր, իսկ «մասսովկա»-ի համար հրավիրվել են ոչ թե դերասաններ, այլ` տեղի շուրջ 200 բնակիչ: «Երբ ես ասացի` «մոտոր», եւ սկսվեց տեսարանի նկարահանումը, կարճ ժամանակ անց նկատեցի, որ մարդիկ իրոք շարժվում են դեպի ճակատային գիծը: Ես գոռացի` «Կանգ առեք, ո՞ւր եք գնում», պատմել է ֆիլմի ռեժիսորը եւ ավելացրել, որ հայկական դիրքերից ամեն ինչ այնքան լավ էր երեւում, որ «դիպուկահարը կարող էր հանգիստ մի քանի հոգու սպանել»:
Այս մասով ռեժիսորը «լյապ» է թույլ տվել: Պաշտոնական քարոզչությունը պնդում է, որ «հայ դիպուկահարները կենդանի թիրախ են փնտրում, որպեսզի կյանքից զրկեն` չխնայելով կանանց , ծերերին եւ անգամ մանկահասակ երեխաներին», իսկ այստեղ պարզվում է` 200 հոգուց ամբոխը գոռում-գոչյունով նետվել է արցախյան դիրքերի վրա եւ ոչ մի կրակոց չի հնչել: Ըստ երեւույթին, սցենարիստ մեջլիսականը եւ «համկալ» ռեժիսորը միջադեպ հրահրելու նպատակով են ֆիլմի եզրափակիչ տեսարանը նկարահանել «իրականին մոտ» իրավիճակում: Պատկերացնո՞ւմ եք ինչ տեղի կունենար, եթե ադրբեջանական կինոխցիկը ֆիքսեր «մասսովկա»-ի վրա արցախյան դիրքապահների արձակած կրակոցները: Ի՜նչ վայնասուն կբարձրացներ Բաքուն, եթե «դերասաններից» մեկը սպանվեր: Բարեբախտաբար արցախյան զինվորականությունը սադրանքի չի տրվել:
Բայց ամենահուզիչը շփման գիծն անցնելու` «մասսովկա»-ի մասնակիցների ցանկությունն է: Սցենարիստը դա բացատրում է «նույնիսկ անզեն ձեռքերով հայրենի հողերն ազատելու բուռն ցանկությամբ», ինչի գոյությանն ինքը իրավամբ կասկածել է մինչ այդ: Մենք հակված ենք ենթադրելու, որ շփման գծից այն կողմ իրավիճակն այնքան նողկալի եւ ստորացուցիչ է, որ մարդիկ պարզապես փորձել են առիթն օգտագործել եւ հանձնվել արցախցի դիրքապահ զինվորներին: Երեւի դա նրանց համար աստեղային ժամ էր: Իսկ ռեժիսորն ու սցենարիստը «ծեծկռտուքի գնով», ինչպես իրենք են ասում, նրանց կանգնեցրել են, քանի որ հակառակ դեպքում իշխանությունները նրանց կդատեին որպես «պետական դավաճանների»: Ափսոս, երկու ապաշնորհ բանտ կընկնեին, փոխարենը 200 աղդամցի ազատություն կստանային: Կշահեր նաեւ համաշխարհային կինեմատոգրաֆը. «Կարկուտ» կոչված կինոհիմարությունը էկրան չէր բարձրանա:
Վ. Ա.